RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#186, 2013-10-30 > #187, 2013-10-31 > #188, 2013-11-01 > #189, 2013-11-02 > #190, 2013-11-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #188, 01-11-2013



Անցուդարձ

Տեղադրվել է` 2013-10-31 23:17:36 (GMT +04:00)


Ընթերցված է` 827, Տպվել է` 43, Ուղարկվել է էլ.փոստով` 17

«ԱՐԹԻՆՅԱՆ» ՈՍԿԵՐՉԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԴԵՐԸ` 3 ԱՇԽԱՐՀԱՄԱՍԵՐՈՒՄ

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Ինչպես գիտենք, ոսկերչական բիզնեսը ընտանեկան է, որը փոխանցվում է սերնդեսերունդ, իսկ բազմաթիվ հայ ընտանիքներ հայտնի են իրենց տարիների ու տասնամյակների պատմություն ունեցող ոսկերչական գործունեությամբ:

Հայերի հայտնի ոսկերչական միավորում է «Արթինյան» ոսկերչական եւ ադամանդագործության ընկերությունը:

«Արթինյան» ընտանեկան ոսկերչական ժառանգությունը մոտ 60 տարվա պատմություն ունի: Այն սկիզբ է առել Արթինյան եղբայրներից, որոնք բնիկ դամասկոսահայեր են: 1950-ական թվականներին եղբայրներից մեկը ստեղծեց «Արթինյաններ» ադամանդագործության ընկերությունը: 50-ականների վերջին եւ 60-ականների սկզբին Արթինյան եղբայրներից մյուսի օգնությամբ ստեղծվեց արդեն «Արթինյան» ադամանդագործության ընկերության ցանցը: Իսկ ահա եղբայրներից երրորդը, արտագաղթելով Կանադայի Տորոնտո քաղաք, հիմնադրեց «Արթինյան» ոսկերչական ընկերության կենտրոն: Եվ ահա երեք աշխարհամասերում Արթինյանների ոսկերչական աշխատանքները տարածվեցին:

Այժմ Արթինյանների երկրորդ սերունդն է զբաղվում ոսկերչական բիզնեսով` Արտո, Սարո եւ Մարալ Արթինյանները:

1995թ. երկրորդ սերնդի ներկայացուցիչ Արտո Արթինյանը, գնալով Թաիլանդ, հաստատվում է այնտեղ եւ եղբոր` Սարո Արթինյանի հետ հիմնում ոսկերչական գործարան, որը 1997 թ. թեեւ փոքր էր, սակայն այսօր ունի մոտավորապես 300 աշխատակից, իսկ գալիք տարի ծրագրվում է աշխատակիցները թիվը հասցնել 400-ի: Իսկ Մարալ Արթինյանը վերջերս հաստատվելով Նյու Յորքում, «Արթինյան» ոսկերչական ընկերության աշխատանքներն այնտեղ է ծավալում:

Այսօր ընկերությունը ամենահարգվածներից է այդ շուկայում, ինչպես Ծայրագույն Արեւելքում, այնպես էլ շատ եւ շատ այլ երկրներում: Այն հարգված է ինչպես որպես բրենդ, այնպես էլ իր զարդերի որակով, ձեւավորմամբ:

Ընկերությունն այսօր Բանգկոկում համագործակցում է եվրոպական ճանաչված ոսկերչական բրենդների հետ եւ մշակում է տարբեր հավաքածուներ:

Ի դեպ, «Արթինյան» ոսկերչական ընկերության ղեկավարներից Արտո Արթինյանն շուրջ երկու տարի Թաիլանդում Հայաստանի պատվո հյուպատոսն է նաեւ: «Համայնքային առումով տարեկան 4-5 անգամ հայկական գաղութում տարատեսակ միջոցառումներ ենք կազմակերպում` ինչպես հայկական ազգային տոներ, այնպես էլ հիշում եւ նշում ենք Ցեղասպանության տարելիցը»: Հետաքրքրվելով, թե որքան հայ կա Բանգկոկում, մեր զրուցակիցն ասաց, որ նրանց թիվը չի գերազանցում 60-ը: «Ազգ»-ի հետ զրույցում Արտո Արթինյանն ասաց, որ իբրեւ պատվո հյուպատոս ինքը պատասխանատու է Հայաստանի քաղաքացիների համար եւ նրանց խնդիրներին փորձում է լուծում տալ:

«Արդյոք Թաիլանդում բնակվող հայերի զավակները տիրապետո՞ւմ են հայոց լեզվին» հարցին ի պատասխան Արտո Արթինյանն ասաց. «Ցավոք, չկա ոչ միՙ նույնիսկ փոքրիկ ուսումնական հաստատություն, ուր ուսուցանվի հայոց լեզուն, եւ երիտասարդներից ոչ ոք հայոց լեզվին չի տիրապետում»:

Անդրադառնալով «Արթինյան» ընկերությանը նշենք, որ, Արտո Արթինյանի փոխանցմամբ, որոշ ժամանակ Արթինյանները բացել են դպրոց, որտեղ երեխաներին սովորեցրել են ոսկերչական աշխատանքի վարպետություն: Ի դեպ, այսօր նրանցից մի քանիսը համալրել են «Արթինյան» ոսկերչական ընկերության շարքերը:

Ընտանեկան այս բիզնեսը կփոխանցվի նաեւ Արթինյանների երրորդ սերնդին, Արտո Արթինյանն ասաց, որ իր 8-ամյա զավակը եւս հետաքրքրվում է ոսկերչությամբ եւ արձակուրդներին գալիս ու տարբեր մոդելներ է ստեղծում, սակայն թե ինչ կլինի ապագայում` դժվար է ասել:

«Արթինյան» ոսկերչական ընկերությունում մեծ դեր ունի նաեւ ծագումով լիբանանահայ Պարույր Գույումճյանը, որը մարկետինգի մասնագետ է եւ վերոնշյալ ընկերությունում աշխատում է 6-7 տարի: Պ. Գույումճյանի հավաստմամբ, ընկերության ցանկությունն է աշխարհի տարբեր մասերում ունենալ «Արթինյան» կենտրոններ եւ շուկայական առումով տարածում գտնել: Ընկերությունը ցանկություն ունի Հայաստանում եւս մասնաճյուղ բացել:

«Ոսկերչական ոլորտում «Արթինյանների» հաջողություններից մեկը վստահությունն է բիզնեսի նկատմամբ եւ երկարաժամկետ հարաբերությունները հաճախորդների հետ»,- ասաց Պարույր Գույումճյանը, որը, ի դեպ, Կիպրոսի Մելգոնյան կրթական հաստատության սան է, ինչպես Արտո Արթինյանը:

Պ. Գույումճանի հավաստմամբ, մեծանուն ոսկերչական ընկերություններում միշտ հայերի դերը եղել է ու կա, իսկ այսօր Բանգկոկում հայերին են պատկանում մոտավորապես տասը փոքր եւ միջին ոսկերչական ընկերություններ:

Անդրադառնալով տարբեր ազգերի առեւտրականներին, Պ. Գույումճյանը նշեց, որ Հոնկոնգում ոսկերչական ոլորտի մեջ էթնոգրաֆիկ բաժանումներ կան, օրինակՙ հրեաները եւ հնդիկները ադամանդի վաճառականությամբ են զբաղվում, իսկ իտալացիները` ոսկե զարդերի, շվեյցարացիները` ժամացույցների, մյուս մասն էլ խանդավառ մի խումբ է, որը այդ ոլորտներում ցանկանում է գործունեություն ծավալել, դրանք էլ հայերն են:

Ընդունված է ասել, որ հրեաները հայերին չեն սիրում: Ինչպիսի՞ն են առեւտրական հարաբերությունները հայերի եւ հրեաների միջեւ ՙ ի պատասխան Պարույր Գույումճյանն ասաց. «Ոսկերչության, ադամանդագործության մեջ կան ազգային շահեր, բայց չկան ծայրահեղ մտածողությամբ մարդիկ: Ընդհանրապես իշխող հոգեբանությունը` առողջ առեւտրի հոգեբանությունն է: Օրինակՙ արաբական երկրներում հրեաների հետ թեեւ լարված հարաբերություններ կան, սակայն հրեաների տիրապետության ներքո գտնվող ադամանդի շուկայում աշխույժ առեւտուր են անում»:

Արտո Արթինյանն էլ ապագա հայ ոսկերիչներին խորհուրդ տվեց. «Ոսկերչությունը մեզ համար ավանդական արվեստ է, եւ ցանկանում եմ, որ նոր սերունդը նորարարական մոտեցումներով ներկայացնի իրենց պապենական արվեստը»:

Ի դեպ, աշխարհագրական սփռվածությամբ «Արթինյան» ոսկերչական ընկերության տարածումը չի սահմանափակվում Բանգկոկով եւ Կանադայով, հասնում է մինչեւ Դուբայ ու Մոսկվա:

Արտո Արթինյանի հավաստմամբ, իրենց ընկերության նպատակն է բարձր որակի զարդեր պատրաստել. «Հատուկ զարդեր ենք արտադրում բարձր խավի մարդկանց համար, ինչպես նաեւ պալատական վերնախավի պատվերներ ենք կատարում: Օրինակՙ մեր հաճախորդներից ոմանք գնալով Մեծ Բրիտանիաՙ մեզ պատվիրում են զարդեր` թագուհուն նվիրելու համար»:

Ա. Արթինյանի հավաստմամբ, իրենց «Սարտորո» բրենդը, բացի շքեղ եւ թանկարժեք զարդերից, ներառում է մատչելի եւ ամենօրյա կրելուն հարմար զարդեր նաեւ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #188, 01-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ