RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#186, 2013-10-30 > #187, 2013-10-31 > #188, 2013-11-01 > #189, 2013-11-02 > #190, 2013-11-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #188, 01-11-2013



Մարզական

Տեղադրվել է` 2013-10-31 23:17:36 (GMT +04:00)


Ընթերցված է` 928, Տպվել է` 30, Ուղարկվել է էլ.փոստով` 14

ՎԱՐԴԱՆ ՄԻՆԱՍՅԱՆՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ ՈՒՆԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԹԻՄԵՐԻՑ

ՀՖՖ գործկոմի նիստում Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, որի պայմանագրի ժամկետը լրացավ հոկտեմբերի 30-ին, ներկայացրել է կատարած աշխատանքների հաշվետվությունը: ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն իր եւ գործկոմի անդամների անունից շնորհակալություն է հայտնել Վարդան Մինասյանին հավաքականում կատարած աշխատանքի համար: Վերջինս էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՖՖ նախագահին եւ գործկոմի անդամներին իր հանդեպ ցուցաբերած բարձր վստահության համար:

Այսօր շատերին է հետաքրքրում, թե որտե՞ղ է շարունակելու մարզչական գործունեությունը Վարդան Մինասյանը: Վերջինս «Սպորտ-Էքսպրեսի» թղթակցին հետեւյալն է ասել. «Առաջարկներ կան ՌԴ պրեմիեր եւ առաջին լիգաների մի քանի ակումբներից, ինչպես նաեւ եվրոպական ու ասիական թիմերից: Սակայն դրանք դեռեւս խոսակցություններ են: Իմ գործերով զբաղվում է գործակալս, որը հավաքում է ողջ տեղեկատվությունը: Չգիտեմ, թե իրավիճակը երբ պարզ կդառնա»:

Եվ այսպես, Վարդան Մինասյանն ավարտեց իր մարզչական գործունեությունը Հայաստանի ազգային հավաքականում: Հայաստանի ազգային հավաքականը մինչ օրս գլխավորած 14 մարզիչներից ամենաերիտասարդը` 39-ամյա Վարդան Մինասյանը բոլորից երկար` գրեթե 5 տարի աշխատեց մեր ընտրանիում: Նրա օրոք մեր հավաքականն իրոք առաջընթաց է ապրել` զգալիորեն բարելավելով իր խաղային որակները, ցուցադրելով բավական գրագետ ու արդյունավետ խաղ: Հայաստանի ազգային հավաքականը լուրջ մրցակից է դարձել աշխարհի ցանկացած հավաքականի համար: Դրա վառ ապացույցը ՖԻՖԱ-ի դասակարգման ցուցակում մեր հավաքականի զբաղեցրած բարձր դիրքն է` 38-րդ հորիզոնականը:

2007թ. Իան Պորտերֆիլդի մահից հետո, երբ վերջինիս օգնական Թոմ Ջոնսն էլ արդեն հեռացել էր Հայաստանից, Վարդան Մինասյանն առաջին անգամ հավաքականի գլխավոր մարզչի պարտականությունները կատարեց: Նոյեմբերի 17-ին Պորտուգալիայի ընտրանու հետ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի արտագնա խաղում մեր ֆուտբոլիստները Մինասյանի գլխավորությամբ պարտվեցին 0:1 հաշվով: 4 օր անց մեր հավաքականը Երեւանում ընտրական մրցաշարի ավարտական խաղում նույնպիսի հաշվով զիջեց ղազախներին:

Ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը Վարդան Մինասյանը պաշտոնապես ստանձնեց Յան Պոուլսենի պաշտոնանկությունից հետո` 2009թ. ապրիլի 1-ին: Այդ օրը նրա գլխավորությամբ մեր ընտրանին Տալլինում էստոնացիների հետ կայացած աշխարհի առաջնության ընտրական մրցախաղում 0:1 հաշվով պարտվեց մրցակցին: Իսկ առաջին հաղթանակը երիտասարդ մարզչի օրոք ՀՀ հավաքականը տոնեց 2009թ. սեպտեմբերի 9-ին Երեւանում բելգիացիների հետ կայացած աշխարհի առաջնության ընտրական մրցախաղում` 2:1:

Իտալիայի հավաքականի հետ հանդիպումը Վարդան Մինասյանի գլխավորությամբ մեր հավաքականի անցկացրած 41-րդ խաղն էր: Այդ հանդիպումներից 14-ն ավարտվել է մեր հավաքականի հաղթանակով, 4-ում գրանցվել է ոչ-ոքի, 23-ում մեր ֆուտբոլիստները պարտվել են: Հայաստանի հավաքականը խփել է 56 գնդակ, բաց է թողել 60 գոլ:

Վարդան Մինասյանի օրոք մեր ֆուտբոլիստներն առավել հաջող են հանդես եկել ընտրական մրցախաղերում` վաստակելով հնարավոր միավորների 40,7 տոկոսը (27 պաղ, +10=3-14, 37-33), աչքի ընկնելով արդյունավետ խաղով, ունենալով խփած եւ բաց թողած գնդակների դրական տարբերություն: 2012թ. Եվրոպայի եւ 2014թ. աշխարհի առաջնությունների ընտրական մրցաշարերում Մինասյանի օրոք ցույց տված արդյունքները լավագույնն են հավաքականը գլխավորած մարզիչների մեջ:

Իսկ ահա ընկերական մրցախաղերում Վարդան Մինասյանի արդյունքը ցածր է: Նրա գլխավորությամբ անցկացրած ընկերական 14 հանդիպումներից միայն 4-ում է հավաքականը հաղթել` վաստակելով հնարավոր միավորների 30,9 տոկոսը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #188, 01-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ