RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#187, 2013-10-31 > #188, 2013-11-01 > #189, 2013-11-02 > #190, 2013-11-05 > #191, 2013-11-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #189, 02-11-2013



Տեղադրվել է` 2013-11-01 23:31:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 959, Տպվել է` 47, Ուղարկվել է էլ.փոստով` 16

ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՎԱԶՈՒՄ ԵՆ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Խոշոր ներդնողներին պետք չէ «խրտնեցնել»

Թեեւ Հայաստանը շարունակում է բարելավել իր ցուցանիշը Համաշխարհային բանկի բիզնես վարելու դյուրինության (Doing Business) ցուցանիշով, այդուհանդերձ, մեր երկրի ներդրումային գրավչությունը վերջին տարիներին փոփոխական լինելով, ի վերջո, նվազման միտում է ունեցել: 2009-ից մինչեւ 2013-ի առաջին կեսի իրական հատվածում կատարված ներդրումների ցուցանիշներն այսպիսին են եղել.

2009 թ.` 935 մլն դոլար, որից ուղղակի ներդրումները` 732 մլն դոլար

2010 թ.` 702 մլն դոլար, որից ուղղակի ներդրումները` 482 մլն դոլար

2011 թ.` 816 մլն դոլար, որից ուղղակի ներդրումները` 631 մլն դոլար

2012 թ.` 751 մլն դոլար, որից ուղղակի ներդրումները` 567 մլն դոլար

2013 թ. հունվար-հունիս` 293 մլն դոլար, որից ուղղակի ներդրումները` 118 մլն դոլար

Ինչպես տեսնում ենք, 2009-ից հետո ներդրումները նվազել են, բացառությամբ 2011 թվականի: Այս տարիներին Հայաստանում ամենախոշոր օտարերկրյա ներդնող երկիրը եղել է եւ շարունակում է մնալ Ռուսաստանը: Բավական է նշել միայն գազի ոլորտում հարյուրմիլիոնավոր դոլարների հասնող «Հայռոսւագազարդի» ներդրումները: Այս երկիրը 2009-ին Հայաստանում ներդրել էր 502 մլն դոլար, իսկ այս տարվա առաջին կեսին այդ ցուցանիշը կազմել է ընդամենը 38 մլն դոլար:

Երկրորդ խոշոր ներդնողը Ֆրանսիան է, որի կատարած ներդրումները հիմնականում հեռահաղորդակցության եւ խմիչքի (կոնյակ) արտադրության ոլորտներում են եղել: Այս դեպքում նույնպես ներդրումները նվազել են` 2009-ին` 197 մլն դոլարից մինչեւ 2013-ի հունվար-հունիսին` մոտ 29 մլն դոլար:

Երրորդ խոշոր ներդնողը մեր երկրում հոլանդացիներն են, թեեւ այստեղ ուղղակի ներդրումներն աննշան են, հիմնականում աջակցություն է տարբեր ծրագրերի: Այս երկրից 2009-ին Հայաստանում կատարվել էր 71 մլն դոլարի ներդրում, իսկ այս տարի ընդհանրապես ներդրումներ չկան:

Գերմանական կապիտալը Հայաստանում կատարված ներդրումերով չորրորդն է: Հանքարդյունաբերության ոլորտում գերմանական «Քրոնիմետ» ընկերության ներդրումների ծավալները փոփոխական են եղել անցած տարիների ընթացքում եւ 2013-ի առաջին կեսին կազմել են 12 մլն դոլար:

Արգենտինական ներդրումները հիմնականում կատարվել են օդային տարնասպորտի եւ գյուղատնտեսության ոլորտներում, իսկ կատարողը մեր հայրենակից Էդուարդո Էռնեքյանն է: 2009-ին նրա ներդրումները կազմել են 50 մլն դոլար, դրանից հետո մերթ ավելացել, մերթ նվազել, իսկ այս տարվա առաջին կեսին կազմել 76 մլն դոլար: Փաստորեն, այս պահի դրությամբ Հայաստանում ամենամեծ ներդրումներ իրականացնում է Արգենտինան` ի դեմս Էռնեքյանի եւ այդ ներդրումների ծավալներն ավելանում են: Հիշեցնենք, որ բացի իրական հատվածից, Էդուարդո Էռնեքյանը ներդրումներ է կատարում նաեւ շինարարության մեջ, արագ տեմպերով կառուցելով արտգործնախարարության եւ մի քանի այլ նախարարությունների նոր շենքային համալիրը:

Համեմատության համար նշենք, որ այս տարվա առաջին կեսին ամենից մեծ ներդրումներ Հայաստանում կատարել է Արգենտինան` վերոնշյալ 76 մլն դոլարով, ապա Ռուսաստանը` 38 մլն դոլար, Կանադան` 36 մլն դոլար, այնուհետեւ Կիպրոսը` 35 մլն դոլար, Ֆրանսիան` 28 մլն դոլար, Գերմանիան եւ Ֆինլանդիան` 12 մլն-ական դոլար: Վերոնշյալ երկրներից Հայաստանում ներդրումներն այս տարվա առաջին կեսին ավելացրել են միայն Արգենտինան, Կիպրոսը եւ Ֆինլանդիան: Մնացած բոլոր երկրներից ներդրումները նվազել են:

Ամփոփելով, հարկ ենք համարում նշել, որ մեր երկրի ներդրումային գրավչության բարձրացման խնդիր ունենք: Նման իրավիճակում հարկ է, որ կառավարությունը նպաստավոր պայմաններ ստեղծի հատկապես խոշոր ներդրումային ծրագրերի համար, ինչպիսիք են Դիլիջանի միջազգային դպրոցի 550 մլն դոլար ընդհանուր արժեքով ներդրումային ծրագիրը, «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման ծրագիրը: Մինչդեռ Դիլիջանի ներդրումային ծրագրին արտոնություններ տալու կառավարության նախագիծը բուռն հակազդեցության արժանացավ որոշ պատգավորների կողմից, որոնք այլ պարագաներում կթմբակահերին երկրի տնտեսության զարգացման, արտագաղթի կասեցման մասին: Իսկ նոր օդանավակայանի կառուցողին էլ մեր մի շարք ճարտարապետներ պարզապես խանգարում են դա անել, պահանջելով պահպանել օդանավակայանի հին շենքը եւ «այլ ներդնող գտնել», որ դա կանի: Դժվար է հասկացնել այդ մարդկանց, որ ներդնողների առատությունից Հայաստանը չի պայթում, ավելի շուտ հակառակը եւ գոնե եղածներին պետք չէ «խրտնեցնել»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #189, 02-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ