RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#187, 2013-10-31 > #188, 2013-11-01 > #189, 2013-11-02 > #190, 2013-11-05 > #191, 2013-11-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #189, 02-11-2013



ԳԱՂՏՆԱԶԵՐԾՈՒՄ

Տեղադրվել է` 2013-11-01 23:31:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 809, Տպվել է` 20, Ուղարկվել է էլ.փոստով` 9

ՍՆՈՈՒԴԵՆԸ ԳԵՐՄԱՆԱՑԻՆԵՐԻՆ ԿՊԱՏՄԻ ՄԵՐԿԵԼԻ ԼՐՏԵՍՄԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը պատրաստակամություն է հայտնել Գերմանիայի դատախազության եւ պատգամավորներին պատմելու կանցլեր Անգելա Մերկելի հեռախոսազրույցների գաղտնալսման մանրամասնությունները; Այդ մասին հայտարարել է «Կանաչներ» կուսակցությունից Բունդեսթագի պատգամավոր Հանս-Քրիստիան Շտրոբելեն:

Ռոյթեր գործակալության տվյալներովՙ Շտրոբելեն Մոսկվայում Սնոուդենի հետ հանդիպում է ունեցել հինգշաբթի օրը: Հանդիպումից հետո քաղաքական գործիչը մեջբերել է ամերիկացու այն խոսքերը, թե ինքը «շատ բան գիտի» եւ կարող է Գերմանիա գալ վկայական ցուցմունքներ տալու, քանի որ Մերկելի լրտեսումն իրականացրած ամերիկյան ԱԱԳ-ն հրաժարվում է համագործակցել գերմանական կողմի հետ:

Նոյեմբերի 1-ին Շտրոբելեն լրատվամիջոցներին պատմել է Սնոուդենի հետ կայացած հանդիպման որոշ մանրամասնություններ, ինչպես նաեւ հրապարակել է Գերմանիայի կառավարությանը Սնոուդենի հասցեագրած նամակը:

74-ամյա Շտրոբելեն հատուկ ծառայությունների աշխատանքին հետեւող խորհրդարանական հանձնախմբի անդամ է: Սնոուդենի հետ նրա հանդիպման նախօրեին Վաշինգտոնում ԱՄՆ-ի եւ Գերմանիայի ներկայացուցիչները քննարկել էին Մերկելի բջջային հեռախոսի գաղտնալսման հետ կապված սկանդալը, սակայն ամերիկացիների դիրքորոշումը չէր գոհացրել գերմանական կողմին:

Գաղտնալսման հարցը նոյեմբերի 18-ին քննարկվելու է Բունդեսթագում, եւ ընդդիմությունը, որի շարքերում է Շտրոբելեի կուսակցությունը, մտադիր է հասնել հրապարակային քննության անցկացմանը, նշում է Ռոյթերը:

Շտրոբելեն, իր իսկ խոսքերի համաձայն, Սնոուդենին հավաստիացրել է, որ նա կարող է Գերմանիայի խորհրդարանի համար վկայական ցուցմունքներ տալ նաեւ Ռուսաստանի տարածքում: Սակայն Ռուսաստանում ամերիկացուն ապաստան տրամադրվել էր այն պայմանով, որ նա ձեռնպահ կմնա ԱՄՆ-ին վնաս հասցնող գործողություններից: Դա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պահանջն էր:

Սնոուդենը Ռուսաստանում ժամանակավոր ապաստան ստացավ 2013-ի օգոստոսին, Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանի տարանցիկ գոտում գրեթե մեկ ամիս մնալուց հետո: Ամերիկացու փաստաբան Անատոլի Կուչերենայի խոսքերովՙ նա արդեն աշխատանք է գտել եւ աջակցելու է ոչ պետական համացանցային նախագծերից մեկին:

Ամերիկյան հատուկ ծառայությունների գործունեության վերաբերյալ ԶԼՄ-ներին գաղտնի փաստաթղթեր փոխանցած Սնոուդենի նկատմամբ ԱՄՆ-ում քրեական գործ է հարուցված լրտեսության եւ պետական սեփականության հափշտակման մեղադրանքներով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #189, 02-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ