RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#187, 2013-10-31 > #188, 2013-11-01 > #189, 2013-11-02 > #190, 2013-11-05 > #191, 2013-11-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #189, 02-11-2013



Ընթացիկ

Տեղադրվել է` 2013-11-01 23:31:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 898, Տպվել է` 23, Ուղարկվել է էլ.փոստով` 12

ԳԵՐՄԱՆԻԱՆ, ՈՐՊԵՍ ԻՐԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՄ, ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ Է ԱՋԱԿՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ

Վ. Պ.

Արեւելյան գործընկերության վիլնյուսյան գագաթաժողովին ընդառաջ Հայաստանը, ի դեմս արտաքին գործերի նախարարի, փորձում է հասկանալ, թե ինչ տրամադրվածությամբ ու ինչ մոտեցումներով կարող են Եվրոմիության անդամ երկրների ներկայացուցիչները հանդես գալ գագաթաժողովում: Ասոցիացման համաձայնագիր չստորագրելու ֆոնին որեւէ փաստաթուղթ ստորագրելու Հայաստանի ցանկությունն, ըստ էության, կարող է իրականություն դառնալ, եթե անդամ երկրները ակտիվ ու արագացված մասնակցություն ունենան այդ գործընթացում, քանի որ ԵՄ բոլոր փաստաթղթերը կարիք ու պարտադրանք ունեն անդամ երկրների հավանության:

Այսինքն` Հայաստանի հետ որեւէ փաստաթուղթ ստորագրելու հավանականությունը կարող է ու թերեւս քննարկվում է արտերկրյա այցելությունների ժամանակ, ընդ որում` որեւէ փաստաթղթի տեքստի վրա աշխատանքը եւս ընթանում է անդամ երկրների հետ համատեղությամբ: Փաստացի, Հայաստանի արտգործնախարարը «հող» է շոշափում տարբեր եվրոպական երկրներում, որտեղ վերջին շրջանում լինում է զգալի հաճախականությամբ:

Հոկտեմբերի 31-ին էլ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը աշխատանքային այցով Բեռլինում էր: Հաշվի առնելով, որ Գերմանիան ԵՄ որոշումների կայացման հարցում կարեւոր խաղացողներից է, կարեւոր էր նաեւ այս այցելությունը:

Պաշտոնական հաղորդագրության համաձայնՙ Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել իր գերմանացի գործընկերոջՙ Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Գիդո Վեստերվելեի հետ:

Ողջունելով Էդվարդ Նալբանդյանինՙ Գիդո Վեստերվելեն նշել է, որ Հայաստանը եւ Գերմանիան գերազանց փոխհարաբերություններ ունեն, եւ ընդգծել է, որ համատեղ արդյունավետ աշխատանքի շնորհիվ այսօր տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցությունը բարձր մակարդակի վրա է: «Գերմանիան, որպես իրական բարեկամ, շարունակելու է աջակցել Հայաստանի զարգացմանը», ընդգծել է նախարար Վեստերվելեն:

Նախարարները վստահություն են հայտնել, որ համատեղ հետեւողական ջանքերի շնորհիվ երկկողմ հարաբերություններն առավել կզարգանան եւ կընդլայնվեն:

Գերմանիայի ԱԳ նախարարի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, այդ ուղղությամբ Հայաստանի եւ միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերը:

Նախարարներն անդրադարձել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին, «Արեւելյան գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում համագործակցությանը, քննարկել Վիլնյուսի գագաթաժողովին առնչվող հարցեր:

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է նաեւ Գերմանիայի վարչապետ Անգելա Մերկելի արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Քրիստոֆ Հոյսգենի հետ, քննարկել են Հայաստան- Եվրոպական միություն համագործակցությունը, Վիլնյուսի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #189, 02-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ