RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#187, 2013-10-31 > #188, 2013-11-01 > #189, 2013-11-02 > #190, 2013-11-05 > #191, 2013-11-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #189, 02-11-2013



Անցուդարձ

Տեղադրվել է` 2013-11-01 23:31:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 964, Տպվել է` 30, Ուղարկվել է էլ.փոստով` 12

ԹԵՔԵՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԼՈՆԴՈՆՈՒՄ ՆՈՅԵՄԲԵՐԻՆ

Թարգմ. Հ. Ծ.

Նոյեմբերի 8-ին եւ 9-ին Լոնդոնում տեղի է ունենալու Թեքեյան մշակութային միության (ԹՄՄ) միջազգային համաժողովը: Այդ առթիվ ստորեւ թարգմանաբար ներկայացնում ենք «Արմինյն միրոր-սփեքթեյթր» (ԱՄՍ) շաբաթաթերթի հարցազրույցը ԹՄՄ-ի Լոնդոնի մասնաճյուղի ատենապետ դոկտ. Հրաչ Գույումճյանի հետ:


- Դոկտ. Գույումճյան, խնդրում ենք հակիրճ բնութագրել համաժողովի նախադրյալները:

- ԹՄՄ-ն հիմնադրվեց 1947-ին, պատերազմական դժվար տարիներից անմիջապես հետո, մի խումբ հայ մտավորականների եւ գործարարների ջանքերով: Անցյալ տարի մենք նշեցինք Միության կազմավորման 65-ամյակը: 1947-ից ի վեր ոչ մի անգամ հնարավոր չէր եղել տարբեր երկրներում գործող մասնաճյուղերը ի մի բերել եւ քննարկել Միության հետագա գործունեությունը ներկայի հարափոփոխ աշխարհում: Լոնդոնը ընտրվեց որպես հարմարագույն վայր այդ հանդիպման համար:

- Խնդրում ենք անդրադառնալ նաեւ ԹՄՄ-ի պատմությանը:

- Ամեն ինչ սկսվեց Բեյրութում ազգային հոգսերով մտահոգ մի խումբ անձնավորությունների անխոնջ ջանքերով: Նրանց մեծամասնությունը այսօր, դժբախտաբար, մեզ հետ չէ: Հրաչ Սեդրակյան, Գերսամ Ահարոնյան, Բարունակ Թովմասյան, Համբարձում Բերբերյան, Հակոբ Դավիթյան, Հայկաշեն Ուզունյան եւ ուրիշներ, որոնք 1947-ին կազմեցին Միության հիմնադիր հանձնախումբը: Հետագայում Միությունը իր մասնաճյուղերը բացեց նաեւ սփյուռքի այլ երկրներում, որոնցում այժմ ճանաչված եւ մեծապես գնահատված հասարակական կազմակերպություն է: Ընդարձակման գործընթացը սկսեց Մերձավոր Արեւելքից, հետո տարածվեց դեպի Մ. Նահանգներ, Կանադա, ապա եվրոպական երկրներ եւ Հայաստան: Այսօր 12 երկրներում դրանք գործում են, եւ նրանց ներկայացուցիչները ներկա են գտնվելու այս համաժողովին:

ԹՄՄ-ն անկուսակցական, մշակութային կազմակերպություն է, որ կամուրջ է սփյուռքահայ տարբեր համայնքների ու նաեւ հայրենիքի միջեւ: Հիմնադիրների ազատական, ժողովրդավարական սկզբունքները այսօր էլ գործուն են:

- Լոնդոնը ընտրված է հավաքի անցկացման վայր: Ի՞նչ կարող եք ասել ԹՄՄ-ի Լոնդոնի մասնաճյուղի մասին:

- Լոնդոնում ԹՄՄ-ն հիմնադրվեց 1975-ին շնորհիվ Հայկաշեն Ուզունյանի, Կարո Արեւյանի, Դավիթ Մսըրլյանի, Անդրեաս Ծուլիկյանի, Կարպիս Եսայանի, Կարո Գրիգորյանի, Վարդան Ուզունյանի եւ ուրիշների նվիրատվական ջանքերի: Շատերը մեզ հետ չեն այլեւս: Բայց ուրիշներՙ Վարդան Ուզունյանի նման, դեռեւս շարունակում են նշանակալի դերակատարություն ունենալ հատկապես Թեքեյան Տրաստում, որը հիմնադրվեց 1979-ին:

- Կարո՞ղ եք մի երկու խոսքով ներկայացնել Թեքեյան Տրաստը:

- Սկզբնական շրջանում Թեքեյան Տրաստը հիմնադրվեց ԹՄՄ-ի լոնդոնյան մասնաճյուղի կողմիցՙ պրն Կարո Գրիգորյանի առատաձեռն նվիրատվությամբ, որպես այդ մասնաճյուղի կենտրոնատեղի, բայց Հայաստանի անկախությունից հետո ղեկավարությունը որոշեց այնտեղ ձեռք բերել մի նոր գլխավոր վարչական շենք: Այդպիսով Երեւանի նախկին կիսավարտ «Կռունկ» ռեստորանի շենքը հիմնական վերանորոգումից հետո դարձավ այսօրվա շքեղ «Թեքեյան կենտրոնը»:

- Ի՞նչ է ակնկալվում համաժողովից:

- Դժվար է սպասելիքները կանխորոշել: Մարդ պետք է համեստ լինի իր ակնկալիքները թվարկելիս: Այդուհանդերձ, տարբեր մասնաճյուղերից ներկայացուցիչների ժամանումը եւ քննարկումների նստելը ինքնին հատկանշական երեւույթ է: Գաղտնիք չէ, որ կուտակված հարցեր կան, եւ այս համաժողովը եզակի հնարավորություն է լինելու ոչ միայն լուծում գտնելու այդ հարցերին, այլեւ միասնական ջանքերով մշակելու նոր ծրագրեր, որոնք հարիր կլինեն 21-դ դարին: Հաշվի են առնվելու սփյուռքում եւ հայրենիքում առկա նոր հնարավորությունները:

- Ի՞նչ կարող եք ասել անձամբ Ձեր դերակատարման մասին:

- Արդեն նշեցի, որ համաժողովը վաղուց սպասված իրադարձություն էր: Կանադայում, Մ. Նահանգներում եւ Մերձավոր Արեւելքում շրջանային հավաքներ տեղի ունեցել էին, բայց հարմար ժամանակ չէր գտնվել բոլոր մասնաճյուղերի միասնական հավաքի համար, ինչը կարեւոր էրՙ հաշվի առնելով մեր առաջ ծառացած նոր մարտահրավերները: Իմ ներգրավվածությանը մեծապես նպաստեց այն փաստը, որ ժամանակ առ ժամանակ Բեյրութ այցելությունների ընթացքում հետաքրքրվում էի եւ ուսումնասիրում ԹՄՄ-ի կենտրոնական արխիվները: Վաղամեռիկ հորս դերակատարություններն էլ ինչպես ԹՄՄ-ում, այնպես էլ քույր կազմակերպություններում մեծապես ազդել են ինձ վրա: Այսօրվա ղեկավարներից շատերը հորս ուսանողներն են եղել: Առանց կառուցվածքային ներքին շերտերի խոր իմացության եւ ներկայի ղեկավարների հետ սերտ հարաբերությունների երեւի թե հնարավոր չէր լինի կազմակերպել նման ծավալի մի միջոցառում: Առիթից օգտվելով ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր արձագանքելով կոչինՙ սատար կանգնեցին իմ համեստ նախաձեռնությանը: Իրականում Լոնդոնի մասնաճյուղն է, որ արժանի է գովասանքի: Եվ նրան աջակցողները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #189, 02-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ