RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-01-12 16:38:50Ինչքան իշխանափոխությունն ուշանա, այնքան կմեծանա արյունահեղության վտանգը․ կառավարման փորձագետ
2021-01-10 21:22:2645րդ թուրքական ինքնաթիռն է վայրեջք կատարում Ադրբեջանում
2021-01-08 18:54:44Ալիևի ելույթում օգտագործվել են ՀՀ-ին ու հայաստանյան հասարակությանն ուղղված բացահայտ սպառնալիքներ. Արման Թաթոյան
2021-01-08 00:51:02Մարդկային աղբին կարգեցիք երկրի ղեկավար, հիմա կորցնում ենք պետականությունը. Տիգրան Աթանեսյան
2021-01-07 20:42:39Ավելի քան 1 միլիոն ռուսաստանցի պատվաստվել է կորոնավիրուսի դեմ
#191, 2013-11-06 > #192, 2013-11-07 > #193, 2013-11-08 > #194, 2013-11-09 > #195, 2013-11-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #193, 08-11-2013



Տեղադրվել է` 2013-11-07 21:22:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 1284, Տպվել է` 34, Ուղարկվել է էլ.փոստով` 17

ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՀՆԱՐԱՎՈՐ ԷՇԵՐԻ ԿԱՄ ՇՇԵՐԻ «ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Որ մեր ոստիկանության աշխատանքը հեռու է ցանկալիից, սա զգում է ոստիկանության հետ առնչվող ամեն քաղաքացի, ու ոստիկանության աշխատանքը կուզեինք շատ ավելի բարձր մակարդակում, եւ որ կարեւորն է` վստահության հարթույթից դիտարկել, սա շատերիս կյանքի օրակարգում առկա ցանկությունների շարքում դեռ երկար է լինելու: Ու չարժե մատնացույց անել զանազան զեկույցների զանազան թվերը` թե այս ու այս բարեփոխումներն են կատարվել ոստիկանությունում, այդ թղթերով մեր ոստիկանը բարեկիրթ է եւ խելացի: Իրականում հայերս վաղուց ենք երազում ուղեղը եւ ոչ թե բռունցքն աշխատացնող հայ ոստիկան, որին վստահաբար կդիմի նեղն ընկնելիս ու պաշտպանություն հայցելիս: Երրազում ենք, այո, սիրել եւ վստահել մեր ոստիկանին:

Հիմա եթե ասվածի համատեքստում հայացք նետենք նոյեմբերին 5-ին Ազատության հրապարակում կատարվածին, դրանից էլ առաջ` էշերի երթին նույն Ազատության հրապարակում, հենց միայն այդ երկու իրադարձությունների ֆոնին անհասկանալի է մնում մեր ոստիկանության գործողությունների տրամաբանությունը: Ո՞նց կարելի է թեկուզ մի քանի վայրկյան էշեր մտցնել քաղաքի սրտում գտնվող հանրային վայր ու չարժանանալ ոստիկանության կայծակնային արձագանքին, թեկուզ նույնիսկ այն պարագային, որ մի ամենակարող օլիգարխ կարող է եղած լինել այդ հանճարեղ գաղափարի ակունքներում:

Հիմա սրա համար ի՞նչ է պետք` կա՞մք, խե՞լք, ո՞ւժ, թե՞ պարզապես երկրի զգացողությունը մեջը ոստիկանություն: Կամ եթե երեք եւ ավելի օր մարդը խոսում է բենզինի շշերից, լավ, էլ ո՞րքան ժամանակ է պետք ոստիկանին` խելք աշխատեցնելու եւ կանխելու համար տեղի ունեցողը. բա որ ասում են` օպերատիվ տեղեկատվություն, բա էլ օպերատիվ տեղեկատվությունը ո՞նց է լինում, հրապարակային մարդը հայտնում էր բենզինի շշերի մասին, էլ ինչ է պետք ոստիկանության համապատասխան բաժանմունքին` ուղեղ աշխատեցնելու եւ կանխելու, բռնության կոչը բռնություն չդառնելու համար, ընդ որում` դա անելով առանց բռնության, օրենքի շրջանակում եւ պարզապես անվտանգ օպերացիայով դեռ նոյեմբերի 5-ից առաջ: Միգուցե` հրահանգ, եւ ինչո՞ւ: Ի՞նչ էր պետք հատկապես լսեցնել ու ցույց տալ: Մանավանդ` ոստիկանապետն ասում է. «Մեր տեսադաշտում են եղել ամբողջ գործողությունները, եւ ոստիկանությունը գործել է ըստ մշակված ծրագրի»: Ի՞նչ է` այդ ծրագրով պետք է սպասեին, մինչեւ Ազատության հրապարակում շշեր վառվեին կամ մահակներ գործադրվեին:

Հիմա վերն ասվածի ֆոնին գանք այն մտքերին, որն ասել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը «Ազատություն» ռադիոկայանին` բերման ենթարկված Շանթ Հարությունյանի (նաեւ ազատամարտիկ Վարդան Վարդանյանի) հանդեպ անձամբ բռնություն կիրառելու վերաբերյալ հարցին պատասխանելով: Հիշեցնենք, որ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ձերբակալվածների պահման վայր այցելությունից հետո համացանցում հայտարարել էր, թե Շանթ Հարությունյանն ասել է` Կենտրոնի ոստիկանությունում իր նկատմամբ բռնություն են գործադրել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ու փոխոստիկանապետ Հունան Պողոսյանն անձամբ, բռնության է ենթարկվել նաեւ ազատամարտիկ Վարդան Վարդանյանը. «Տրամաբանության բացակայություն եմ տեսնում: Նախ եւ առաջ, հազարից ավելի մարդ կար էնտեղՙ (ոստիկանության Կենտրոնականի) բաժնի շենքում, երկրորդըՙ եթե էս երկու տարիների ընթացքում նման դեպք է եղել, ուրեմնՙ սա էլ կարող է իրականությանը համապատասխանել: Իհարկե, չի եղել եւ չէր կարող լինել նման դեպք: Հանձնաժողով, մեկուսարան ընդունել, բոլոր տեղերը ամեն ինչ ֆիքսվում է... Սա նույնպես հիվանդ երեւակայության արդյունքն էր: Ի՞նչ եք պատկերացնում հետո. ոստիկանապետը իրեն թույլ տար նման բան անելՙ Շանթից բան կմնա՞ր: Որտե՞ղ է տրամաբանությունը: Բացի դրանիցՙ էնտեղ եղել են պատգամավորներ եւ այլն», ասել է Վ. Գասպարյանը: Այ քեզ բան, Շանթի` բան չմնալու մասով ի՞նչ է նկատի ունեցել ոստիկանապետը` արդյո՞ք սեփական մկանների ատլետիկ վիճակը, թե՞ ոստիկանության հավաքական մկանների, եւ արդյո՞ք սա այն պատասխանն է, որ ակնկալվում է ոտիկանապետից: Առհասարակ բռնության կոչեր հնչեցնողի նկատմամբ բռնություն կիրառելու մասին խոսող ոստիկանը չի հավասարվում այդ նույն կոչերը հնչեցնողներին, եւ մեր հասարակությանն արդյո՞ք պետք են նույն հարթությունում գտնվող հանցագործ եւ ոստիկան:

Մեր ասածն այն է, որ իսկապես նախ մեր ոստիկանապետը ոչ թե ոստիկան է սոսկ, այլ բարձր պաշտոնյա, որից բարեկրթություն, բացառապես օրենքի տառին համապատասխան գործելակերպով պահվածք է սպասում հասարակությունը` առանց հախուռն թանձրացումներ եւ առանց կրքերի. սառը, հաշվարկված, առանց գողական բառուբանի եւ միայն ինտելեգենտ պահվածք: Եվ ապա` ընդհանրապես ոստիկանությունից մեռանք սպասելով գրագետ, իրադարձությունների հետեւից քարշ չեկող, բարեկիրթ, խելքից եւ ոչ թե բռունցքից բխող գործողություն: Երբ կունենանք` դեռեւս ակնհայտ չէ: Իսկ թե բռնություն է կիրառվել Շանթի հանդեպ, չի կիրառվել, հերքվում է դա, թե ոչ, էլի ենք ասում, այստեղ կարեւորը հասարակության վստահությունն է, որ չկա: Մեր ոստիկանը վաղուց ժամանակն է, որ հասարակության վստահությունը վաստակի: Իսկ թե ինչու են հնարավոր Շանթ Հարությունյանի նախաձեռնած «հեղափոխությունը», մեր իշխանությունները լավ կլինի դրա մասին մտածեն:

Հիշեցնենք, որ ոստիկանություն բերման ենթարկված 38 անձանցից 20-ը ձերբակալվել ենՙ Հարությունյան Շանթ, Տերտերյան Աշոտ, Ավետիսյան Ավետիս, Պետրոսյան Տիգրան, Պողոսյան Ալեք, Պետրոսյան Լիպարիտ, Հովհաննիսյան Արմեն, Հարությունյան Հայկ, Վարդանյան Վարդան, Առաքելյան Միսակ, Մկրտչյան Դավիթ, Մարգարյան Ալբերտ, Գրիգորյան Անուշավան, Մխիթարյան Մխիթար, Ղազարյան Հովհաննես, Մնացականյան Սեւակ, Մկրտչյան Վահե, Հովհաննիսյան Մկրտիչ, Հովիկյան Մանուկ, Մխիթարյան Արման: Գործով ներգրավվել է 18 վկա:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #193, 08-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ