RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#194, 2013-11-09 > #195, 2013-11-12 > #196, 2013-11-13 > #197, 2013-11-14 > #198, 2013-11-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #196, 13-11-2013



Տեղադրվել է` 2013-11-13 22:57:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 1273, Տպվել է` 32, Ուղարկվել է էլ.փոստով` 15

«ԶԱՄԱՆԻ» «ՅԱՄԱՆ» ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ, ԹԵ ՀԱՅԱՍՏԱՆԸ «ԿՀԱՆՁՆԻ 5 ՇՐՋԱՆՆԵՐԸ»

Վ. ՊՈՂՈՍՅԱՆ

Թուրքական կողմն իրեն կարեւորելու այլ բան չի գտել, քան վերակենդանացնել հայ-թուրքական հարաբերությունների հարցը

Թուրքիան միջնորդական աջակցություն ցուցաբերելու խնդրանքով դիմել է Շվեյցարիային` Հայաստանի ու Թուրքիայի միջեւ հարաբերությունների վերականգնման հարցում: Թուրքական «Զաման» թերթի էլեկտրոնային անգլիալեզու տարբերակի երեկվա հրապարակման համաձայն, հոկտեմբերի կեսերին Շվեյցարիա այցելության ընթացքում Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն շվեյցարացի պաշտոնյաներին ասել է, թե Թուրքիան պատրաստ է նորմալացնել հարաբերությունները Հայաստանի հետ, միեւնույն ժամանակ շեշտադրմամբ, թե Հայաստանը պետք է նախ եւ առաջ «ազատի Ադրբեջանի օկուպացրած տարածքները»:

Այս ամենն, իհարկե, թուրքական լրատվամիջոցի աղբյուրների համաձայն:

Ըստ այդմ, թուրքական արտաքին գերատեսչության ղեկավարը ասել է, թե երբ Շվեյցարիան Հայաստանին համոզի «լքել օկուպացված տարածքները», Անկարան կբացի Հայաստանի հետ սահմանը: Ավելին, նույն աղբյուրի տեղեկացմամբ, Շվեյցարիայում դրականորեն են արձագանքել թուրք դիվանագետի առաջարկին:

Որ թուրքական կողմը ամեն գնով փորձում է հայ-թուրքական փաստացի մեռած արձանագրություններին կենդանություն հաղորդել, եւ հատկապես մինչեւ 2015 թվականը, բնավ էլ նորություն չէ: Նորություն չեն նաեւ թուրքական կողմի բոլոր փորձերը` ներկայացնելու, թե Հայաստանի հետ ինչ-որ բանակցային գործընթաց, այդուհադներձ, ընթանում է, ինչը հայկական կողմը քանիցս հերքել է: Այսինքն` Թուրքիայի համար ներկա դրությամբ խնդիր է ապացուցել, որ «գնդակը ոչ թե թուրքական, այլ հայկական դաշտում է», մինչդեռ նույն շվեյցարացի միջնորդների եւ մյուս շահագրգիռ գերտերությունների համար ակնհայտ է, որ Հայաստանն իր դաշտը մաքուր է պահում:

Ամեն դեպքում, զամանյան հրապարակումը, որում հեղինակը խեղաթյուրված է ներկայացնում ինչպես ղարաբաղյան հակամարտության ծագումը, այնպես էլ զարգացումներն ու ներկա իրավիճակը, կրկին իրականության հետ կապ չունեցող դիտարկում է անում, թե իբր արտգործնախարարության իր աղբյուրները նշել են, որ թեեւ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման նախապայման է առաջ քաշում «օկուպացված տարածքների վերադարձը», Հայաստանն էլ, իր հերթին, իբր պատրաստակամություն է հայտնել «ազատելու 7 օկուպացված շրջաններից 5-ը»:

Թե երբ եւ ինչ պայմաններում, եւ որ ավելի կարեւոր է, ով է իբր Հայաստանի անունից Թուրքիային կամ Շվեյցարիային նման վստահեցում արել, բաց է մնում, ավելի հավանական դարձնելով ենթադրությունը, թե Թուրքիայի այսօրինակ մեքենայությունը իրավիճակը շոշափելու, տրամադրությունները հասկանալու փորձ է միայն, քանի որ Հայաստանի անունից թեկուզ ինչ-որ հինգ շրջան զիջելու ոչ մի խոսք, հայտարարություն, մտադրություն չի եղել:

Հաշվի առնելով, որ «Զաման» պարբերականը Թուրքիայի արտգործնախարարությանը ամենամոտ կանգնած թերթերից մեկն է, որի այս հրապարակման հեղինակը Դավութօղլուի ամեն քայլափոխի մասին հրապարակումներ է պատրաստում, կարելի է վստահաբար ասել, որ այս տեղեկատվության տարածումը ամենից առաջ անհրաժեշտ ու կարեւոր է Դավութօղլուի եւ նրա ղեկավարած նախարարության համար` ստեղծելու այն տպավորությունը, թե Թուրքիան շարունակում է «հարեւանների հետ զրո խնդիր» մոտեցման իրականացումը, ավելին, Հայաստանի հետ էլ փորձում է կարգավորել հարցերը:

Մի խոսքով, Թուրքիայում ակնհայտորեն պատրաստվում են իրավիճակը փոփոխելու հնարավորություն ստեղծելուն, ինչին էլ կարող է ծառայել նշված տեղեկատվությունը, հատկապես եթե հաշվի առնենք, թե ինչ կարգի իրար են խառնվել նաեւ Ադրբեջանում` այս հրապարակման առնչությամբ, այն էլ Ալիեւի` Թուրքիա այցելության օրերին:

Ադրբեջանական մամուլը, արդեն լիովին խեղաթյուրելով խեղաթյուրված թուրքական տեղեկատվությունը, վերտառություններով անգամ հանդես է եկել հրապարակումներով, թե «Երեւանը համաձայնել է ազատել հինգ օկուպացված տարածքները»: Առավել հետաքրքրական է նաեւ այն հանգամանքը (որ հայաստանյան լրատվամիջոցներում էլ է առատորեն պատահում, երբ հոդվածագիր կոչվածները բնօրինակ տեքստն անգամ չեն տեսնում - Վ.Պ.), որ ադրբեջանական մամուլի հրապարակումներում թուրքական նյութը ավելի ճոխացվել, նոր պարբերություններով ու մտքերով է հարստացվել: Երեւի թե մեջբերումներ են արվել հեղինակի չտպագրած տեղեկությունների՞ց նաեւ...

Գուշակությունները լրատվական գործունեության մաս չեն կազմում, ուստի կարելի է ասել, որ այս հարցում էլ ադրբեջանական մամուլը քարոզչական գործունեությանն է տուրք տվել, ուստի հարեւանների հոդվածներում ի հայտ են եկել արդեն մտքեր, որ ավելի շատ ենթարկվում են ադրբեջանական, քան թուրքական տրամաբանությանը: Ավելին, հրապարակումներում պարտք են համարել նաեւ շեշտել, թե Ադրբեջանը դեմ է արտահայտվել հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանը, թե իբր սահմանը փակվել է ղարաբաղյան խնդրի համար, պիտի բացվի այդ խնդրի լուծումից հետո, մինչդեռ թուրքական «Զամանի» թղթակցին թուրքական արտաքին գերատեսչության աղբյուրը հայտնել է, թե Թուրքիան սահմանը փակել է «օկուպացված տարածքների վերադարձի պահանջով»:

Վերջինը որոշ առումով նորություն է, քանի որ ցայսօր թուրք որեւէ պաշտոնյա նման հայտարարություն չի արել, սակայն եթե այդպիսի բան, ԱԳՆ-ին հղում անելով, գրել է «Զամանի» անգլիալեզու տարբերակի հեղինակը, ուրեմն Թուրքիայի արտգործնախարարությունում դիտարկում են նաեւ այդ սցենարով հարցը լռեցնելու, ժամանակ շահելու, Ադրբեջանին էլ իր ուզածն անելու հնարավորություն տալու տարբերակը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #196, 13-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ