RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#194, 2013-11-09 > #195, 2013-11-12 > #196, 2013-11-13 > #197, 2013-11-14 > #198, 2013-11-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #196, 13-11-2013



Տեղադրվել է` 2013-11-13 22:57:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 1263, Տպվել է` 21, Ուղարկվել է էլ.փոստով` 14

600-ԱՄՅԱ ԵՐԱԶԱՆՔԸ ԹԱՌԱՄՈՒՄ Է

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ

«Մի՞թե վերջին պոետն եմ ես/ վերջին երգիչն իմ երկրի», հարց էր տալիս Վահան Տերյանը ցեղասպանությունից հետո ընկած ժամանակաշրջանում, երբ հուսահատությունն էր պատել նրան եւ բոլորին:

Հայաստանն իր փոթորկալից պատմության ընթացքում շատ աղետաբեր փորձությունների միջով է անցել, բայց գոյատեւել է, երբեմն հրաշքով, անկանխատեսելի իրադարձությունների շրջադարձով:

Այսօր ամենալավատես մարդիկ անգամ այդ առեղծվածային ուժի վրա են միայն դնում իրենց հույսը, որովհետեւ մեր երկիրը նորից այդ միեւնույն հուսահատ վիճակի եզրին է: Գանգատները, տրտունջները, բարկության ու ջղայնության արտահայտությունները կամ անկարգություններ առաջացնելը հարցի լուծում չեն: Ազգային մակարդակով հարցի լուրջ ու մանրազննին քննարկումը ժամանակի պահանջն է:

Մարդիկ ցանկանում են իմանալ, թե ինչ պատահեց անկախության համար մղված երկար ու դժվարին ճանապարհին: 600-ամյա երազանքների ու պայքարի հետեւանքով նմա՞ն իրավիճակում հայտնված ազատ ու անկախ Հայաստան պետք է կառուցվեր: 6-դարյա ձգտումներից հետո հայերը զանգվածաբար լքում են իրենց հայրենիքը: Վիճակագրական տվյալները հուսահատեցնող են, եւ լույսի ոչ մի նշույլ չի երեւում թունելի վերջում: Անկախության առաջին տարումՙ 1991-ին Հայաստանի բնակչությունը 4 միլիոն էր: Ներկայումսՙ 3 կամ 3,1 միլիոն: 4-միլիոնանոց փոքր մի երկրի համար մեկ միլիոնի կորուստը մտահոգիչ պետք է լինի:

Ինդոնեզիայում Սուկարնոյի վարչակազմին հաջորդած գնդապետ Սուհարտոյի բռնապետության ընթացքում 500 հազար չինացիներ սպանվեցին, բայց հզորագույն Չինաստանը մատը մատին չտվեցՙ համարելով իր անտարբերությունը քաղաքականապես արդարացված, մանավանդ որ 1,5 միլիարդ բնակչություն ունեցող երկրի համար կես միլիոնի կորուստը ժողովրդագրական առումով այնքան էլ նշանակալի երեւույթ չէր:

Մեր պարագան տարբեր է: 2013-ի միայն առաջին ինն ամիսների ընթացքում Հայաստանի բնակչությունը 10 հազարով նվազել է: 2012-ի դեկտեմբերին անցկացված հարցումների արդյունքները ցույց են տվել, որ բնակչության 50 տոկոսը կհեռանար երկրից, եթե հնարավորություն ունենար: Հարցումներն անցկացվել են Սամվել Մանուկյանի ղեկավարած «Քաղաքական եւ սոցիոլոգիական խորհրդատվության ինստիտուտի» կողմից:

Պատճառները, ըստ նույն աղբյուրի, շատ են: Գլխավորներից են եկամուտների անհավասար բաշխումը, վստահության պակասն արդարադատության բնագավառում եւ հասարակության մասնակցության ցածր տոկոսը կառավարման աշխատանքներում: Սրան պետք է ավելացնենք նաեւ շրջափակումը եւ պատերազմի հեռանկարի սպառնալիքը:

Հայրենի կառավարությունը չի ըմբռնում որոշ հանգամանքներ: Նույնիսկ եթե հրաշք պատահի եւ սփյուռքի ներուժը միանա հայրենի կառավարությանըՙ հաղթահարելու առաջացող մարտահրավերները, միեւնույն է, ոչ մի բան չի կարող փոխել տարածաշրջանի աշխարհաքաղաքական քարտեզը, որտեղ Թուրքիան եւ Ադրբեջանը միասնաբար փորձում են խեղդամահ անել Հայաստանին:

Վերջերս երրորդ անգամ նախագահ ընտրված Ալիեւի երդմնառության ելույթի ընդհանուր իմաստն այն էր, որ իր երկիրը շարունակելու է միջազգայնորեն մեկուսացնել Հայաստանին: Այլ առիթներով նա հոխորտացել էր, որ Ադրբեջանը կսպասի մինչեւ Հայաստանի բնակչությունն էլ ավելի պակասի, որպեսզի հեշտ լինի նվաճել: Նա պնդում է, որ Հայաստանը Ադրբեջանի տարածքի մի մասն է կազմում, հավանաբար հիմնվելով նորահայտ մի փաստաթղթի վրա, որ «իր պապը Երեւանում է ծնվել»:

Մեր դաշնակից ու պաշտպան Ռուսաստանը դեռեւս այնքան էլ օգտակար բան չի կատարելՙ կայունացնելու իրավիճակը տարածաշրջանում եւ վստահեցնելու հայերին, որ կարող են հանգիստ ապրել իրենց պապենական հողերի վրա: Ավելին, Ռուսաստանը Երեւանում բացել է գրասենյակներ, որոնք հնարավորություն են ընձեռում ամրակազմ աշխատունակ եւ, կամ, տեխնոլոգիական կրթությամբ անձնավորություններին տեղափոխվելու Ռուսաստանի քիչ բնակեցված շրջանները եւ աշխատանք ու քաղաքացիություն ստանալու այդ վայրերում: Հուսահատ հայ ընտանիքներ, առիթից օգտվելով, ընդմիշտ հեռանում են Հայաստանից: Հայ ժողովրդին պատող անորոշություններից մեկը, անկասկած, ղարաբաղյան հիմնախնդիրն է: Ղարաբաղը ներառվա՞ծ է Մաքսային միության մեջ: Եթե պատերազմ, այնուամենայնիվ, ծագի, Ղարաբաղի պաշտպանությունը ներառվա՞ծ է Մոսկվայի եւ Երեւանի ստորագրած ռազմավարական պայմանագրի մեջ:

Վերջերս այս առնչությամբ ռուսական կողմից որոշ հուսադրող խոստումներ լսվում են: Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ բազայի հրամանատար Անդրեյ Ռուզինսկին նշել է, որ «եթե, այդուհանդերձ, Ադրբեջանի ղեկավարները որոշեն պատերազմի միջոցով վերականգնել վերահսկողությունը Ղարաբաղի նկատմամբ, ապա ռուսական զորքերը միջամտելու են»:

Հայերը հավատացած են, որ ռուսական բազան այնտեղ է իրոք իրենց պաշտպանելու համար: Բայց Մոսկվան շատ ավելի կարեւոր մարտավարական նպատակներ ունի տարածաշրջանում: Նա մտադիր է իր ուժի ներկայությամբ այնտեղ հավասարակշռություն պահել Թուրքիայի եւ Իրանի միջեւ եւ ներկա իրավիճակում նաեւ վերահսկել պատերազմը Սիրիայում: Բայց հայտնի է, որ միաժամանակ եւ միեւնույն մակարդակով Հայաստանին եւ Ադրբեջանին զինելը միայն կարող է էլ ավելի սրել իրավիճակը երկու երկրների միջեւ, եւ սա է գլխավոր պատճառը, որ հուզում է հայերին:

Վերադառնալով ներքին խնդիրներինՙ Հայաստանի կառավարությունը կարող է եւ պետք է որոշակի քայլեր ձեռնարկի: Ասում են, որ Հաաստանում ներդրումները նվազել են 65 տոկոսով: Սփյուռքահայերի ներդրումները նվազել են ավելի մեծ տոկոսով: Միայն օրինական իրավակարգի հաստատումը կարող է փոխել իրավիճակը: Քանի՞ սփյուռքահայ ներդնող պետք է հիասթափվի, նեղսրտի կամ ծեծի ենթարկվի, որպեսզի նրանք զգուշանան այդ քայլին դիմելուց:

Մյուս կողմիցՙ հարկերի հավաքումը կատարվում է խիստ անհավասար կերպով: Հարկային տեսչությունն օլիգարխների նկատմամբ համբերատար է եւ հանդուրժող, իսկ միջին կամ ցածր խավի նկատմամբՙ անզիջող ու պահանջկոտ: Եվ դա խանգարում է փոքր բիզնեսին: 3-4 անգամ ավելացել են սննդամթերքի գները: 35 տոկոսով ավելացել է գործազրկությունը: Միջին խավին պատկանող ընտանիքի համար տարեկան արձակուրդները Թուրքիայում կամ Վրաստանում անցկացնելը շատ ավելի մատչելի է դարձել, քան Հայաստանի որեւէ վայրում: Կաշառակերությունը խիստ տարածված է, եւ միայն կառավարությունը կարող է լուծել այդ խնդիրը: Բայց կառավարությունը կարծես ավելի շատ նպաստում է դրան, քան լուծում գտնում: Հաշվի առնելով, որ այդքան շատ երիտասարդներ են լքում երկիրն ու հեռանում, հարց է առաջանում, թե ո՞վ է պաշտպանելու երկիրը եւ նրա սահմանները:

Ներկա քաղաքական իրավիճակը նպաստավոր չէ այս խնդիրներին անդրադառնալու եւ լուծում գտնելու համար: Ամիսներ շարունակ քաղաքական քննարկումները կենտրոնացած են խորհրդարանի անդամներից մեկի եվրոպական ֆորումի ժամանակ ՀՀ նախագահին ուղղված մի հարցի շուրջը, կարծես Հայաստանն ավելի լուրջ հարցեր չունի քննարկելու: Ընդդիմադիր առաջնորդ եւ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ իր հերթին պահանջում է, որ Սերժ Սարգսյանը հրաժարվի: Բայց ով էլ նրան փոխարինի, շուտով շրջապատվելու է միեւնույն օլիգարխներով, որոնք վերահսկում են շուկան եւ խեղդում տնտեսությունը: Որեւէ տեսակի իրարանցում կամ անկարգություն է՛լ ավելի է վատացնելու վիճակը: Ազդեցիկ թերթերն ու էլեկտրոնային մեդիան ֆինանսավորվում են օտար աղբյուրներից, որոնց չի մտահոգում Հայաստանի վիճակը: Այդ պատճառով էլ զանգվածային լրատվության դերը դարձել է ավելի շատ շփոթ առաջացնող, քան առաջնորդող եւ դաստիարակիչ:

Ի դեպ, վերոնշյալ օլիգարխներն իրենց դրամական կապիտալը արտասահման են տեղափոխել, որպեսզի առաջինը կարողանան «դուրս ցատկել» նավից, եթե խորտակվի:

Առայժմ ոչ ոք այս խնդիրներին ոչ մի լուծում չի առաջարկել: Այս հոդվածն էլ դրա հավակնությունը չունի: Միայն, երբ կառավարությունն ու ընդդիմությունը գլուխ գլխի տան, միասնական ջանքերով փորձեն լուծումներ գտնել ներքին այս խնդիրներին եւ պատրաստ լինեն դիմակայելու արտաքին սպառնալիքներին, մենք որոշակի կայունություն կտեսնենք մեր երկրում եւ հույս կունենանք տնտեսական զարգացման եւ վերակենդանացման:

Դետրոյթ, ԱՄՆ, Թարգմ. Հ. Ծ.

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #196, 13-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ