RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#194, 2013-11-09 > #195, 2013-11-12 > #196, 2013-11-13 > #197, 2013-11-14 > #198, 2013-11-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #196, 13-11-2013



Տեղադրվել է` 2013-11-13 22:57:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 1472, Տպվել է` 17, Ուղարկվել է էլ.փոստով` 15

ԼՂՀ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՐՑՆ ԻՐԱՐ ԳԼԽԻ ՄԻ ՃՈՃԵՔ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Երեկ ԱԺ նիստի մեծ ընդմիջումից հետո մի պահ հիշողություն ունեցողը իրեն կարող էր զգալ 2007 թվականի մեջ, քանի որ ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա «Ժառանգությունը», արտահերթ համարելով ԼՂՀ ճանաչման իրենց նախագիծը, այն դրեց քննարկման: Դահլիճում քիչ պատգամավորներ էին ներկա, բայց դա չխանգարեց, որ ներկա պատգամավորները թեժացնեն կրքերն ու միմյանց ուղղված «բարի» խոսքերը: Ընդ որում` ընդդիմադիրների զգալի մասի եւ իշխանավորների կարծիքներն համընկան այն առումով, որ այդպիսի արկածախնդրական քայլն այս պահին խորհրդարանի ամբիոնից մատուցելն արկածախնդրություն է:

Նախագիծը ներկայացնող Զարուհի Փոստանջյանը ԼՂՀ ճանաչումը Հայաստանի կողմից արդիական համարեց` նկատի ունենալով երկու հանրապետությունների առջեւ ծառացած մարտահրավերները, որոնք պետք է զույգ պետությունները միասնաբար լուծեն, մինչդեռ անգամ միմյանց հետ շփվելու համար պաշտոնական պայմանագրեր չունեն: Ըստ Փոստանջյանի` ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, որը դրական եզրակացություն չի տվել նախագծին (մեծամասնության ներկայացուցիչները չեն մասնակցել քվեարկությանը) ոչ ոք չի փաստարկել, թե ինչու ՀՀ-ն չպետք է ճանաչի Արցախի հանրապետությունը, երբ խնդիր կա նաեւ այլ պետություններին ճանաչեցնելու ԼՂՀ-ն, Արցախին վերահրավիրելու բանակցային սեղան: Իսկ այն փաստարկին, որ ԼՂՀ ճանաչումը պատերազմական գործողությունների պատճառ կարող է դառնալ` Զ. Փոստանջյանը հակադարձում էր, թե հիմա էլ ընդամենը զինադադարի պայմանագիր ունենք եւ ոչ թե խաղաղության պայմանագիր, եւ պատերազմական վիճակում ենք գտնվում:

Արդեն նրան ուղղվող հարցերից պարզ դարձավ, որ «Ժառանգության» այս նախաձեռնությանն անգամ կողմնակից չեն ընդդիմադիրներից շատերը: Օրինակ` ՀԱԿ-ից Գագիկ Ջհանգիրյանը հարցն այն մասին էր, թե արդյոք ճշտվել է ԼՂՀ իշխանության դիրքորոշումն այդ հարցում, կամ եթե Հայաստանը ճանաչի ԼՂՀ-ն, չի՞ նշանակում, որ դուրս է գալիս բանակցային փուլից, ռազմական ճանապարհով հակամարտություն լուծելու հավանականությունն էլ չի՞ մեծանում:

Լյուդմիլա Սարգսյանը , եզրակացնելով, որ Մինսկի խմբի ձեւաչափը չի գործելու ճանաչման դեպքում, հետաքրքրվեց` հարցը լուծելու ի՞նչ նոր ձեւաչափ է պատկերացնում Փոստանջյանը, կամ` Արցախի բանակցային կողմ դառնալն ինչպե՞ս է իրականանալու: Զ. Փոստանջյանի պատասխանը այս եւ համանման հարցերին մեկն էր` Ադրբեջանը պատրաստ չէ պատերազմի, դրա համար պատերազմ հազիվ թե լինի, բայց հարցի լուծման ձեւաչափերի մասին պատկերացում չէր առաջարկում:

Ու Արտաշես Գեղամյանն իր հարցերով ու հետո ելույթով մի աշխարհաքաղաքական դաս տվեց պատգամավրուհուն, թե ինչու այդ արկածախնդրական նախագծով չի կարելի պատերազմական գործողությունների սադրանքին կուլ գնալ: Շուշան Պետրոսյանը երկրորդեց` ԼՂՀ-ն չի կիսում Փոստանջյանի կարծիքը, Փոստանջյանը հակադարձեց` Արցախի կարծիքը հայտնվել է Անկախության հանրաքվեով: Հովհաննես Սահակյանը կշտամբեց, որ Մինսկի խմբի գործընթացի ձախողումը ճանաչման դեպքում բնավ չի մտահոգում Փոստանջյանին:

Հարակից զեկուցող, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը նշեց, որ հարցը հանձնաժողովում թեժ քննարկվել է` մեծամասնությունը հանձնաժողովում չի քվեարկել, քանի որ համազգային նպատակին դեմ լինել չեն կարող: Բայց եւ դրական եզրակացություն չի տրվել նախագծին, քանի որ միջազգային օրակարգ կա` Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափով, խաղաղ կարգավորում` հայկական շահերով, եւ Հայաստանն էլ պարտավորություններ ունի այս առումով: Ադրբեջանն, իհարկե, ռազմական հայտարարություններ անում է, Մինսկի խմբին քննադատում է, ֆորմատ փոխելու ջանքեր է գործադրում, որ բանակցությունները տապալի: Զաքարյանն այս պահին նպատակահարմար չի համարում ԼՂՀ ճանաչումը հենց վերը նշված պատճառներով. «Մենք պարապ չենք մնացել, որ շատ լուրջ խնդիրների անլուրջ վերաբերվենք», ասաց` հավելելով, որ դրական եզրակացություն չի տրվել, բայց եւ ձեռնպահ էլ չի քվեարկել մեծամասնությունը, քանի որ այս հարցին ձեռնպահ լինել չի կարող:

Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն ավելի պատկերավոր էր` դե յուրե նպատակահարմար չէ այժմ ճանաչումը, բայց դե ֆակտո վաղուց ճանաչել ենք, փոխադարձ կարգավորող մոտ հարյուր պայմանագրեր ունենք: Իսկ ճանաչելով այս պահին` միայնակ չենք ուզում մնալ, ինչպես Թուրքական Կիպրոսի դեպքում եղավ: Բանակցությունները Մինսկի ձեւաչափով գնում են, հաջողություն չկա` միայն Ադրբեջանի պատճառով, դա նշանակում է, որ երկար պահպանվելու է ստասուս քվոն: Իսկ որ բանակցություններում առաջընթաց չկա ` դա Ադրբեջանի դիրքորոշման հետեւանք է: Ու մի շատ կարեւոր հանգամանք նշեց Քոչարյանը. ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հինգ անդամից երեքը հենց համանախագահողներն են, այնպես որ Մինսկի խմբի ձեւաչափը զսպաշապիկ է դարձել Ադրբեջանի համար, նա հակահարված է ստանալու հենց ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում, դրա համար ջանքեր է գործադրում` այդ ձեւաչափից ազատվելու: Այնինչ` ԼՂՀ ճանաչումը լավ առիթ կլինի ձերբազատվելու Մինսկի խմբից, ու այդ առիթը չպետք է տալ Ադրբեջանին:

Այս տեսակետին համաձայն էր անգամ ՀԱԿ-ից Լեւոն Զուրաբյանը , համաձայն չէր Նիկոլ Փաշինյանը , Ալիկ Արզումանյանը դեմ էր քվեարկելու նախագծին: ԲՀԿ-ից Վահե Հովհաննիսյանն արհեստական հարց համարեց քննարկվողը, որը չկա քաղաքական ուժերի եւ Հայաստանի օրակարգում, անգամ չբացառեց, որ հարցի իմաստը պատերազմ հրահրելն է: Ի դեպ` նույն բանն ասում էր Ա. Գեղամյանը` դրսի ուժերին ակնարկելով որպես հարցը խորհրդարան բերելու պատվիրատու:

ՀՅԴ-ն, սակայն, կողմ էր քվեարկելու օրինագծին: Արմեն Ռուստամյանը որպես խմբակցության տեսակետ ներկայացրեց, որ Արցախի հարցի վիճակը չի գոհացնում, հիշեցրեց դրա վերաբերյալ ՀՅԴ հայտարարությունը ԱԺ օրակարգում այդ վերաբերմամբ, սակայն ճանաչման նախագիծ ՀՅԴ-ն չի ներկայացնում, քանի որ հարցը միասնաբար լուծելու կողմնակից է:

Ամփոփիչ ելույթում Զ. Փոստանջյանը խոսում էր արդեն զայրացած, մեղադրում մեծամասնությանը խիղճը վաճառելու մեջ, ասում, որ չի ուզում հայրենիք կորցնել ու ասողներին վերադարձնում պատվեր կատարելու մասին ակնարկները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #196, 13-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ