RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#194, 2013-11-09 > #195, 2013-11-12 > #196, 2013-11-13 > #197, 2013-11-14 > #198, 2013-11-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #196, 13-11-2013



Օրվա հետքերով

Տեղադրվել է` 2013-11-13 22:57:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 1000, Տպվել է` 19, Ուղարկվել է էլ.փոստով` 11

ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻ ԹՈՒՐՔԻԱ ԱՅՑԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԱԾ ՉԷ՞Ր

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Նոյեմբերի 11-ի օրվա երկրորդ կեսին Իլհամ Ալիեւը մեկնել է Թուրքիա: Virtualaz.org-ը երեկ կարճ տեղեկատվություն է տարածել, որ «վարչապետ Էրդողանը փոխել է Իլհամ Ալիեւի այցի ծրագիրը»: Ըստ լրատվամիջոցի, նախապես ծրագրված էր, որ Իլհամ Ալիեւը Բաքվից ուղեւորվելու է Իզմիր, որտեղ Թուրքիայի վարչապետի հետ «պետք է ներկա գտնվեր Հեյդար Ալիեւի անվան տեխնիկական լիցեյի բացման հանդիսավոր արարողությանը, սակայն վերջին պահին թուրքական կողմը տեղեկացրել է, որ նրան (Իլհամ Ալիեւին) սպասում է Անկարայում»:

Սույն տեղեկատվությունը, որ ռուսերեն թարգմանությամբ փոխանցել էր նաեւ haqqin.az-ը, կարճ ժամանակ հետո երկու կայքերից էլ հեռացվել է: Փոխարենը տեղադրվել է տեղեկություն, որ Իլհամ Ալիեւին ընդունել է Թուրքիայի նախագահ Գյուլը: Թուրքիայի նախագահի Անկարայի նստավայրում տեղի ունեցած հանդիպմանը Գյուլը եւ Իլհամ Ալիեւը պետական պարգեւներ են փոխանակել. Իլհամ Ալիեւն արժանացել է Թուրքիայի «Պետական նշանի», իսկ Գյուլը` Ադրբեջանի «Հեյդար Ալիեւ» շքանշանի:

Հետաքրքրական է, որ հանդիսավոր ընդունելությանը Թուրքիայի նախագահի խոսքում հստակ ուղերձ չկա թուրք-ադրբեջանական հարաբերությունների որակի եւ դրանց հեռանկարի մասին, մինչդեռ Իլհամ Ալիեւը երախտագիտություն է հայտնել, որ Թուրքիան առաջինն է ճանաչել Ադրբեջանի անկախությունը, իսկ երկու երկրների փոխհարաբերություններն անվանել «դաշնակցային»: Ադրբեջանական կողմը նաեւ ավելացրել է, որ «ի պատիվ Իլհամ Ալիեւի տեղի կունենա պաշտոնական ընթրիք, որին կմասնակցի նաեւ Թուրքիայի վարչապետ Էրդողանը»:

Թե ո՞րն է Իլհամ Ալիեւի Թուրքիա այցի ծրագրի փոփոխության պատճառը, մնում է գաղտնիք: Ավելի վաղ ծանուցվել էր, որ Իլհամ Ալիեւը եւ Էրդողանը կնախագահեն երկու երկրների ռազմավարական համագործակցության բարձրագույն խորհրդի նիստին: Մինչդեռ երեկվա լրահոսից հայտնի չդարձավ` նման նիստ գումարվելու՞ է, թե՞ ոչ:

Բայց եթե նույնիսկ դա տեղի էլ ունենա, փաստը, որ Իզմիրում Իլհամ Ալիեւին ընդունելու եւ Հեյդար Ալիեւի անվան տեխնիկական լիցեյի բացումով Ադրբեջանի «նորընտիր» նախագահի առաջին այցը Թուրքիա նշանավորելու փոխարեն թուրքական կողմը նրան սպասել է Անկարայում, արդեն իսկ շատ բան է ասում:

Չափազանց խորհրդանշական է նաեւ, որ նույն օրը թուրքական Todays zaman-ը, հղում անելով «դիվանագիտական աղբյուրին», գրել էր, որ «Թուրքիան խնդրել է Շվեյցարիայի աջակցությունը, որպեսզի հաղթահարվի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտությունը եւ ճանապարհ բացվի, որ Անկարան վերականգնի Երեւանի հետ հարաբերությունները»: (Այս կապակցությամբ տեսնել նաեւ ներքեւի հոդվածը - Խմբ.)

Թուրքական լրատվամիջոցի փոխանցմամբ, որը մեջբերել է day.az-ը, «դիվանագիտական աղբյուրն» ասել է, որ «Ադրբեջանը հայտարարել է, որ դեմ չի լինի Թուրքիայի կողմից Հայաստանի հետ սահմանի բացմանը, եթե Երեւանը դուրս գա հարակից յոթ շրջաններից հինգից»:(http://news.day.az/politics/444142.html)

Իլհամ Ալիեւի Թուրքիա այցը կապ ունի՞ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից արդեն իսկ անոնսավորված` Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման նախապատրաստական քայլերի հետ: Հնարավո՞ր է, որ Իլհամ Ալիեւը վերջին պահին փորձել է հրաժարվել այդ թեմայով Թուրքիայի վարչապետի հետ քննարկումներից կամ, իր սովորության համաձայն, առաջ է քաշել նախապայմաններ, ինչն էլ պատճառ է հանդիսացել, որ Անկարայում նրան սառը ընդունելության արժանացնեն:

Չէ՞ որ Թուրքիան խորհրդարանական կառավարման երկիր է, որտեղ նախագահի ինստիտուտը միայն ֆորմալ նշանակություն ունի, իսկ փաստացի պետության ղեկավար հանդիսանում է վարչապետը, որը, ինչպես տեսնում ենք, նախ «քթից բռնած»` Իլհամ Ալիեւին տարել է Անկարա, ապա ուղարկել Գյուլի նստավայր:

«Երկար սպասված հյուրին» ոչ մի երկրում այդպես չեն ընդունում: Մանավանդ երբ խոսքը Թուրքիա այցելած Ադրբեջանի նախագահին է վերաբերում, տպավորությունն ավելի է խորանում: Միաժամանակ, բացառված է, որ Իլհամ Ալիեւի Թուրքիա այցը «վատ է նախապատրաստվել»: Տեղի ունեցածի պատճառներն, անկասկած, ավելի խորքային են, քան` Էրդողանի «չափազանց զբաղվածությունը» կամ «առաջինը Գյուլին հանդիպելու` Իլհամ Ալիեւի բուռն ցանկությունը»:

Մանավանդ որ ադրբեջանական իշխող վերնախավի վերաբերմունքը Գյուլի հանդեպ շատ վերապահ է: Բաքվում նրան գրեթե «դավաճան» են համարում` Երեւան այցելելու եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ «չափազանց շահագրգռված լինելու» համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #196, 13-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ