RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#194, 2013-11-09 > #195, 2013-11-12 > #196, 2013-11-13 > #197, 2013-11-14 > #198, 2013-11-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #196, 13-11-2013



ԱՐՏԱՀԱՆՈՒՄ - ՆԵՐԿՐՈՒՄ

Տեղադրվել է` 2013-11-13 22:57:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 733, Տպվել է` 16, Ուղարկվել է էլ.փոստով` 11

ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆՔ ԱՄԵՆԻՑ ՇԱՏ ԱՌԵՎՏՈՒՐ ԱՆԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հայաստանի արտաքին առեւտրի ապրանքային ցուցանիշներին անդրադարձանք մեր նախորդ համարում, ներկայացնելով ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները այս` 2013-ի առաջին 9 ամիսներին («Ի՞նչն ենք ավելի շատ սկսել արտահանել, ի՞նչը` ներմուծել», «Ազգ», 12.11.2013): Նշել էինք, որ որոշակի կառուցվածքային փոփոխություններ էին արձանագրվել արտաքին առեւտրի, այդ թվում արտահանման կառուցվածքում: Որո՞նք են մեր հիմնական գործընկերները այստեղ, որտեղի՞ց ենք ավելի շատ արտահանում կամ ներմուծում:

Մեր հիմնական առեւտրատնտեսական գործընկերը շարունակում է մնալ Ռուսաստանի Դաշնությունը:

Այս տարվա առաջին 9 ամիսներին այդ երկիր արտահանել ենք 234 մլն դոլարի ապրանք, ինչը գրեթե մեկ քառորդով (24 տոկոսով) ավելի է անցած տարվա նույն ժամանակահատվածի արտահանման ցուցանիշի համեմատ: Տեղեկացնենք, որ Ռուսաստան հիմնականում արտահանում ենք պատրաստի արտադրանք եւ առավելապես սննդարդյունաբերության ապրանքները: Դեպի ԱՊՀ այլ երկրներ արտահանման ծավալները բավականին համեստ են եւ ընդհանուր առմամբ, չհաշված Ռուսաստանը, կազմում են մոտ 46 մլն դոլար:

Դեպի ԵՄ (Եվրոմիության) երկրներ, ընդհանուր առմամբ, արտահանումն ավելի մեծ է, քան թե որպես առանձին երկիր վերցրած` դեպի Ռուսաստան: Այս տարվա 9 ամիսներին այս ուղղությամբ արտահանվել է 371 մլն դոլար: Արտահանման հիմնական երկրներն են Բուլղարիան` 92 մլն դոլար, Բելգիան` 89 մլն դոլար, Գերմանիան` 83 մլն դոլար, Նիդեռլանդները` 57 մլն դոլար եւ այլն: ԵՄ երկրներ հիմնականում արտահանվում է մեր հանքահումքային արտադրանքը` մետաղական հանքանյութը, ինչպես նաեւ մշակված ադամանդներ եւ այլն: Այս տարվա վերոնշյալ ժամանակահատվածում, սակայն, դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալները փոքր-ինչ (0,4 տոկոսով) նվազել են:

Այլ երկրներից մեր խոշոր արտահանման շուկաներն են Իրանի Իսլամական Հանրապետությունը` 72 մլն դոլարի արտադրանք, ԱՄՆ-ն` 68 մլն դոլար, Կանադան` 63 մլն դոլար, Վրաստանը` 62 մլն դոլար եւ Չինաստանը` 50 մլն դոլար: Ընդ որում, դեպի Չինաստան արտահանման ծավալներն աճել են 5,3 անգամ կամ 41 մլն դոլարով: Սա բավականին խոստումնալից ցուցանիշ է, քանի որ չինական շուկայում հաստատվելու դեպքում մեր արտահանումը բավական լուրջ աճ կարող է ունենալ:

Ինչ վերաբերում է ներմուծմանը, ապա այստեղ 703 մլն դոլար բաժին է ընկնում դարձյալ Ռուսաստանին: Սրա հիմնական մասը գազն ու այլ էներգակիրներն են: ԵՄ երկրներից ներմուծում ենք 831 մլն դոլարի ապրանք, բայց այստեղ առանձին վերցրած մեկ երկրից գերակշռող ներմուծման ծավալներ չկան: ԵՄ երկրներից ամենից շատ ներմուծում ենք Գերմանիայից` 199 մլն դոլար, Իտալիայից` 118 մլն դոլար եւ Ռումինիայից` 82 մլն դոլար: Մեքենաներ, կահույք, սարքավորումներ` սրանք են Եվրոպայից Հայաստան բերվող հիմնական ապրանքները:

Այլ երկրներից ամենից շատ ներմուծում ենք Չինաստանից` 271 մլն դոլար: Փաստորեն, Չինաստանը որպես առանձին վերցրած երկիր, մեր ներմուծման երկրորդ հիմնական երկիրն է: Ներմուծման մեծ չափաբաժին ունի նաեւ ԱՊՀ երկիր Ուկրաինան, որտեղից Հայաստան այս տարվա 9 ամիսներին մտել է 156 մլն դոլարի ապրանք: Հաջորդը Իրանի Իսլամական Հանրապետությունն է` 144 մլն դոլար: Թուրքիայից ներմուծել ենք 143 մլն դոլարի ապրանք: Այստեղ նշենք, որ Հայաստանից դեպի Թուրքիա գործնականում արտահանում չկա, քանի որ այդ երկիրը պարզապես արգելակում է հայկական ապրանքների մուտքը: Այս տարվա 9 ամիսներին դեպի այդ երկիր արտահանվել են ընդամենը 1,2 մլն դոլարի հայկական ապրանքներ: Շվեյցարիայից Հայաստան ներմուծվել է 117 մլն դոլարի ապրանք, եւ վերջապես, ԱՄՆ-ից Հայաստան ներմուծվել է 111 մլն դոլարի արտադրանք:

Սրանք են Հայաստանի արտաքին առեւտրի ցուցանիշներն ըստ այն երկրների, որոնք մեր հիմնական առեւտրային գործընկերներն են:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #196, 13-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ