RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#198, 2013-11-15 > #199, 2013-11-16 > #200, 2013-11-19 > #201, 2013-11-20 > #202, 2013-11-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #200, 19-11-2013



Մշակույթ

Տեղադրվել է` 2013-11-18 23:30:55 (GMT +04:00)


Ընթերցված է` 922, Տպվել է` 17, Ուղարկվել է էլ.փոստով` 9

ՄԱԵՍՏՐՈՅԻ ԾՆՆԴՅԱՆ 85-ԱՄՅԱԿԻՆ ԸՆԴԱՌԱՋ

ԱԼԲԵՐՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ, ՀՀ Ժողովրդական արտիստ

Մաեստրո Չեքիջյանը այն եզակի անձնավորություններից է, որն իր խառնվածքով միավորում է երկփեղկված երկու` Արեւմտյան եւ Արեւելյան Հայաստանները: Նրա ընտրած մասնագիտությունը` արվեստների թագակիրը` երգ-երաժշտությունը, մանավանդ խմբերգային երաժշտությունը, զարմանալիորեն հազարամյակներ շարունակ միավորել է տարբեր ազգերի, տարբեր համոզմունքների, սովորությունների ու ճաշակների տեր բազմահազար մարդկանց: Ձգտելով իրականացնել Չարենցի պատգամը` հայ ժողովրդի միասնացումը, մաեստրոն իր կյանքով եւ երկարամյա գործունեությամբ դարձավ երկփեղկված հայության շաղկապող օղակներից մեկը:

Մանկությունն ու պատանեկությունը նա անց է կացրել Ստամբուլ քաղաքում` Մեծ եղեռնից հետո վերապրված այն հազվագյուտ հայկական ընտանիքներից մեկում, որում պահպանվել էին ազգային-մշակութային սովորությունները: Մանուկ Հովհաննեսը մինչեւ 5 տարեկան չի խոսել. փոխարենը ունկնդրել է դաշնակահար մոր եւ ջութակահար հոր կատարմամբ հայկական դասական երաժշտության գոհարները, հատկապես մեծն Կոմիտասի ստեղծագործությունները: Հայրը ժամանակին երգել է Կոմիտասի ղեկավարած երգչախմբում: Պատմվում է, որ մի անգամ Կոմիտասը հյուրընկալվել է չեքիջյանների ընտանիքում` նրանց տանը գիշերելով 14 օր:

Փարիզում ստացած ինժեներ-քիմիկոսի մասնագիտությունը երիտասարդ Հովհաննեսի կյանքում գործնական դեր չխաղաց, բացի, թերեւս, ուժեղ տրամաբանության, համառ ձեռներեցության, համբերատար գործավարության հատկանիշների զարգացումից, որոնք հետագայում պետք եղան նրա խմբավարական գործունեության մեջ: Մշակութային բուռն կյանքով լի քաղաքում բնակվելը առավել նպաստեց ուսանող հայորդու` ի վերուստ տրված երաժշտական ընդունակությունների եւ գեղարվեստական մեծ ճաշակի հայտածմանը. նրան ներքուստ հետապնդող` մանուկ հասակից խորապես տպավորված կոմիտասյան ոգին ի վերջո գերակայեց եւ ստիպեց լքել ինժեների կարիերան ու վերջնականապես նվիրվել երաժշտությանը:

Փարիզի կոնսերվատորիայի պրոֆեսոր Ժան Ֆուրնեի դասարանում ուսանելով սիմֆոնիկ դիրիժորի արվեստը, այնուհետեւ 2 տարում ավարտելով Ստամբուլի կոնսերվատորիայի ասպերանտուրան, 1958 թվականին սկսվում է պրոֆեսիոնալ երաժշտի գործունեությունը: Սկզբում նշանակվում է Ստամբուլի նորաստեղծ օպերային թատրոնի երաժշտական մասի ղեկավար, այնուհետեւ, 1960 թվականին, ստանձնում է Ստամբուլի պետական երգչախմբի գեղարվեստական ղեկավարի եւ գլխավոր դիրիժորի պարտականությունները: Այդ շրջանում Ստամբուլում գործող «Կոմիտաս», «Մխիթար», «Գողթան» եւ «Նարեկացի» երգչախմբերի կողքին հայտնվում է «Չեքիջյան» նորաստեղծ երգչախումբը: Մաեստրոն հաճախ է հիշում, թե ինչպես էր այդ տարիներին, Թուրքիայում դժվար հասանելի ռադիոկապով, ունկնդրում Խորհրդային Հայաստանում գործող պետական երգչախմբի` Արամ Տէր Հովհաննիսյանի ղեկավարությամբ կատարվող կոմիտասյան երգերի ձայնագրությունները եւ նոտագրում` իր երգչախմբով կատարելու համար: «Չեքիջյան» երգչախումբը երբեմն, միավորվելով Ստամբուլի վերոնշյալ խմբերի հետ, վերածվում էր մեծաթիվ` շուրջ 400 հոգանոց հսկայական երգչախմբի եւ հանդես գալիս բարեգործական համերգներով, որոնց ամբողջ հասույթը նվիրվում էր Թուրքիայի հայկական դպրոցներին ու հիվանդանոցներին:

1961 թ. Սեպտեմբերի 5-ը համարվում է մեծ հայրենասեր Չեքիջյանի սխրանքի օր. թողած Ստամբուլի Պետական երգչախմբի գեղարվեստական ղեկավարի եւ գլխավոր դիրիժորի պաշտոնը, ի զարմանս շատերի, կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի ուղեկցությամբ, Հայաստանի Պետական երգչախումբ ներկայացավ 32-ամյա մի երիտասարդ: Այդ օրը իմ կյանքի մեծագույն հայտնության օրն եմ համարում, որը հետագայում հայտնություն եղավ ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ աշխարհի երաժշտասեր հասարակության համար: Հայաստանի Պետական երգչախումը, որն այդ ժամանակ կազմված էր 43, հիմնականում մեծահասակ երգիչներից, ենթակա էր լուծարման: Չեքիջյանի գալուստը կարծես հայ ժողովրդի հավաքական կանչն էր, որը, փաստորեն, փրկեց երգչախմբին: Շատ արագ` հինգօրյա ժամկետում հաղթելով Մշակույթի նախարարության կողմից հայտարարված մրցույթը` նա նշանակվեց երգչախմբի ղեկավար: Եվ ընդամենը 2 ամիս անց, նոյեմբերի 27-ին, Հայֆիլհարմոնիայի մեծ դահլիճում տեղի ունեցավ երգչախմբի առաջին համերգը:

Չեքիջյանի ղեկավարած յուրաքանչյուր համար նորովի էր հնչում եւ կարծես ավելի էր շեշտում յուրաքանչյուր երգի կատարելությունը եւ նրա ազգային հոգու ինքնության հաստատումը:

Բացառիկ էին հաջորդ օրվա թերթերում զետեղված հոդվածները:

Ներկայացնում եմ «Կոմունիստ» օրաթերթում տպագրված Միքայել Տերյանի գրախոսականից մի հատված. «Ծրագրի առաջին իսկ համարից կարելի էր եզրակացնել, որ մեր առջեւ է տաղանդավոր, մեծ կուլտուրայի տեր, ցայտուն անհատականությամբ, երաժշտական մեծ զգայնությամբ, բարձր ճաշակով եւ դիրիժորական հստակ ժեստով օժտված խմբավար, որը նրբորեն է հաղորդում երաժշտական ֆրազայի բոլոր առանձնահատկություններն ու նրբությունները»:

Մաեստրոն այդ օրը համարում է իր կյանքի օրերի Օրը, որը միակն է, եզակի` նման մարդու ծննդյան օրվան:

Այդ ժամանակ դեռ ոչ ոք չեր կարող գուշակել, որ այդ երիտասարդը, 52 տարի կրելով հայ երգի դրոշակակրի առաքելությունը, անընդհատ վերելքի կտանի հայ ազգային դասական երաժշտությունը` իր անկրկնելի, բացառիկ մեկնաբանություններով հայ խմբերգային արվեստը, ըստ Արամ Խաչատրյանի, կհասցնի «համաշխարհային հնչողության» եւ նրա կամքին կենթարկվեն աշխարհի շուրջ 70 լավագույն նվագախմբեր: Այդ լուսերգությունը զարմացրեց ոչ միայն հազարավոր ունկնդիրների, այլեւ բազմաթիվ աշխարհահռչակ երաժիշտների, ինչպիսիք են Դմիտրի Շոստակովիչը, Եվգենի Մռավինսկին, Գուստավ Էռնեսաքսը, Արամ Խաչատրյանը, Գենադի Ռոժդեստվենսկին, Վլադիմիր Ֆեդոսեւը, Իվան Կոզլովսկին եւ շատ ուրիշեր, որոնք հանդես եկան բազմաթիվ գրախոսականներով: Քանի որ Չեքիջյանի հիմնական մասնագիտությունն է դիրիժորությունն ու խմբավարությունը, կուզեի ներկայացնել ինձ համար շատ հոգեհարազատ` Մռավինսկու եւ Էռնեսաքսի գրախոսականներից 2 մեջբերում (քանի որ նրանցից առաջինը աշխարհահռչակ դիրիժոր է, իսկ երկրորդըՙ խմբերգային արվեստի մեծագույն գիտակ).

«Չեքիջյանը պրոֆեսիոնալ երաժշտին դարձնում է սովորական ունկնդիր»: (Մռավինսկի):

«Թվում է, թե Չեքիջյանը ցանկանում է բարձրանալ երկինք եւ իրոք էլ բարձրանում է երաժշտության թեւերին»: (Էռնեսաքս):

50 տարների ընթացքում երգչախումբը համերգներով հանդես է եկել աշխարհի շուրջ 180 քաղաքներում (միայն Լենինգրադում` 97, իսկ Մոսկվայում` 90 անգամ), եւ բոլորն էլ` լեփ-լեցուն դահլիճներում: Հատկապես նշանակալից էին 20 տարի շարունակ (64-84 թթ.) Լենինգրադում բացառիկ հաջողությամբ անցնող համերգները, որոնց ավարտին` հոտնկայս անդադար ծափահարող հանդիսատեսը պահանջում էր Կոմիտասի երգերի կատարում: Երգչախումբը ստացել էր Լենինգրադի պետական ֆիլհարմոնիայի աբոնենտային համերգներին մասնակցելու ամենամյա այցեքարտ: Երգչախմբի հեղինակությունը շարունակ բարձրանում էր եւ մամուլում մեկը մյուսին հաջորդում էին համաշխարհային ճանաչում ունեցող երեժիշտների մեծագովեստ գրախոսականներ: Այս ամենի շնորհիվ Չեքիջյանը վստահություն ստացավ ԽՍՀՄ-ում առաջինը կատարելու աշխարհահռչակ կոմպազիտորների ստեղծագործությունները, որոնց զարդը եղավ 1981 թ. Բեռլիոզի «Ռոմեո եւ Ջուլիետ» սիմֆոնիայի կատարումը, որի մենակատարներն էին ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ Ն. Իսակովան, Կ. Զարինը եւ ես:

Չեքիջյանի երկարամյա այս սխրանքն անցել է բազմաթիվ դժվարությունների եւ արգելքների հաղթահարմամբ: Հատկապես դժվարին էին առաջին տարիները: Մաեստրոն չուներ աշխատանքային նստավայր, չկար երգչախմբին պատկանող փորձասրահ, հանդերձարան, անգամ նորմալ հանդերձանք: Աստիճանաբար ընդլայնվում էր երգչախմբի կազմը եւ յուրացվում էին խոշոր եւ դժվարին ստեղծագործություններ, ընդ որում Մաեստրոյի պահանջով գործերը կատարվում էին բնագրի լեզվով եւ անգիր:

1964 թվականից սկսվեցին երգչախմբի արտերկրյա համերգները: 1964 թ. կարելի է համարել երգչախմբի մեծագույն խիզախումների սկիզբը. այդ տարի միանգամից մենք հյուրախաղերով հանդես եկանք ԽՍՀՄ 13 քաղաքներում` Կիսլովոդսկ, Էսենդուկի, Պյատիգորսկ, Չերնոգորսկ, Տալին, Տարտու, Նարվա, Վիլնյուս, Կաունաս, Բաքու, Լենինգրադ, Մոսկվա: 1969 թ. Երգչախումբը ստացավ «ակադեմիական» բարձր կոչումը, որի առթիվ Սիլվա Կապուտիկյանը նշեց. «Անշուշտ, արվեստագետի հոգին «Չեքիջյան» երգչախումբն էր, նրա իղձը, ծառայությունը հայ երգին, որն էլ ի վերջո պսակվեց այսօրվա փառահեղ հաղթանակով»: Պահանջվեց եւս 10 տարի, որպեսզի 1974 թ. կայանա երգչախմբի առաջին արտասահմանյան շրջագայությունը (Լիբանան եւ Ֆրանսիա): Համերգներն անցնում էին բացառիկ հաջողությամբ: Արժի մեջբերել հատվածներ Փարիզի թերթերում տպագրված գրախոսականներից. «Անտարակույս մենք գործ ունենք արդի դարաշրջանի մեծագույն երաժշտական ֆենոմենի հետ», («Լը Սուար»), «Հայաստանի երգչախումբը ժամանակակից դարաշրջանի ամենանշանակալից երեւույթներից մեկն է», («Թիեսե Սուար»):

1975 թ. երգչախումբին շնորհվեց վաստակավոր կոլեկտիվի կոչում: Նույն թվականին մաեստրոյին շնորհվեց ԽՍՀՄ պետական բարձրագույն մրցանակ, իսկ 1978-ին` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի պատվավոր կոչում: Վերջերս երգչախումբը ստացավ Ազգային պետական ակադեմաիական երգչախմբի պատվավոր կոչումը:

Երգչախմբի հետագա վերելքը` բազմաթիվ փառահեղ հյուրախաղերով աշխարհի մեծագույն դահլիճներումՙ անհնար է ներկայացնել այս հոդվածի սահմաններում, ինչպես եւ` մաեստրոյի ստացած կոչումների, պարգեւների եւ մրցանակների թիվը, որն այսօր մոտենում է 70-ի սահմանին: Նրա մասին գրվել են տարբեր գրքեր, նվիրվել են բանաստաղծություններ: Հրաչյա Մաթեւոսյանի գրած բանաստեղծության մեջ ասվում է. «Չեքիջյանի մասին ինչ էլ ասեն` քիչ է»: Շատ ճիշտ է նկատել Մաթեւոսյանը, որովհետեւ նա ոչ միայն տաղանդավոր խմբավար է, այլեւ` կոմպոզիտոր, ոչ միայն մեծ գեղարվեստական ճաշակի տէր է, այլեւ` հմուտ կազմակերպիչ, ոչ միայն նուրբ ինտելեկտի տեր է, այլեւ` համառ եւ համբերատար գործավար` տիրապետող աշխատանքային բոլոր վարքականոններին, եւ վերջապես` մեծ հայրենասեր: Մի խոսքով` բացառիկ տաղանդի տեր բազմաշնորհ անձնավորություն, որի հոգեկերտվածքը հայ ժողովրդի ինքնության եւ նրա հանճարի հաստատումն է:

Ի վերուստ նրան տրված այս բազմաթիվ ընդունակությունների շնորհիվ Մաեստրոն 52 տարի շարունակ կարողացավ հաղթահարել ժամանակի կարծրատիպերը, դժվարին բոլոր արգելքները եւ աշխարհին պարգեւել, ըստ Սիլվա Կապուտիկյանի, «Հայաստանի մոնումենտալ պատկերը ներկայացնող երգչախումբ», որի լուսերգությունը առ այսօր շարունակում է զարմացնել ինչպես բազմահազար ունկնդիրների, այնպես էլ աշխարհահռչակ բազմաթիվ երաժիշտների:

Դեկտեմբերի 23-ին, լրանում է Չեքիջյանի ծննդյան 85-րդ տարին: Մաղթում ենք նրան նոր եռանդ եւ ստեղծագործական նոր նվաճումներ`ի փառս հայ երգարվեստի:

Նկար 1. Լենինգրադի Դ. Շոստակովիչի անվ. Համերգային դահլիճ, 1981, Բեռլիոզի «Ռոմեո եւ Ջուլիետ» սիմֆոնիայի կատարման ժամանակ

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #200, 19-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ