RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#199, 2013-11-16 > #200, 2013-11-19 > #201, 2013-11-20 > #202, 2013-11-21 > #203, 2013-11-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #201, 20-11-2013



Տեղադրվել է` 2013-11-19 23:37:22 (GMT +04:00)


Ընթերցված է` 1216, Տպվել է` 24, Ուղարկվել է էլ.փոստով` 15

ԱՄԵՐԻԿՅԱՆ ՄՈՏԵՑՄԱՄԲ` ՌԵՍՏԱՐՏ, ԿԱՄ «ԹԱՓ ՀԱՂՈՐԴԵԼՈՒ» ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅՈՒՆ ՍԱՐԳՍՅԱՆ-ԱԼԻԵՎ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ

Վ. ՊՈՂՈՍՅԱՆ

Վիեննայում երեկ կայացած Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպման արդյունքներով տարածել են մամլո հաղորդագրություն, որում ասված է. «Համանախագահները ողջունեցին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւին Վիեննայում, որտեղ նախագահները ժամանել են երկու երկրների արտաքին գործերի նախարարների ուղեկցությամբ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցությունները շարունակելու նպատակով»:

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայնՙ համանախագահների հայտարարությունում ասվում է, որ հանդիպմանը ներկա են եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Ռուսաստանի Դաշնություն, Ֆրանսիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ), ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը:

Սա նախագահների առաջին հանդիպումն էր 2012թ. հունվարին Սոչիում կայացած գագաթաժողովից հետո:

«Առանձնազրույցի, ապա դրան հաջորդած համանախագահների եւ նախարարների հետ աշխատանքային հանդիպման ընթացքում նախագահները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ», տեղեկացվում է պաշտոնապես:

Ըստ այդմ, նախագահները համաձայնել են թափ հաղորդել հետագա բանակցություններինՙ ուղղված խաղաղ կարգավորման ձեռքբերմանը եւ հանձնարարել են իրենց արտաքին գործերի նախարարներինՙ համանախագահների հետ միասին, արվածի հիման վրա շարունակել աշխատանքըՙ խաղաղ գործընթացի ակտիվացման նպատակով: Հայտարարությամբ նշվում է. «Նրանք պայմանավորվել են կրկին հանդիպել առաջիկա ամիսներին»:

Հետագայի առնչությամբ երեկվա հայտարարությունը տեղեկացնում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կկազմակերպեն աշխատանքային հանդիպումներ նախարարների հետ ԵԱՀԿ ԱԳՆ խորհրդի նիստի «հարթակներում», որը կկայանա դեկտեմբերի 5-ից 6-ը Կիեւում: «Համանախագահները ծրագրում են այցելել տարածաշրջան մինչեւ ընթացիկ տարվա վերջ», այսպես է ավարտվում մեջբերումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունից:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 18-ի երեկոյան, մինչեւ Վիեննայում կայանալիք հանդիպումը Ալիեւի հետ, նախագահ Սերժ Սարգսյանը ամերիկյան կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց էր ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ:

Պաշտոնական հաղորդագրության համաձայնՙ քննարկվել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերություններին եւ համագործակցությանը, ինչպես նաեւ նոյեմբերի 19-ին Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ կայանալիք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպմանը վերաբերող հարցեր:

«Ավստրիայի մայրաքաղաքում առաջիկա հանդիպմանն ընդառաջ ԱՄՆ պետքարտուղարը վերահաստատել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ լուծմանն ուղղված գործընթացին Միացյալ Նահանգների լիակատար աջակցությունը: Երկուստեք ընդգծվել է, որ բանակցային ճանապարհով խաղաղ լուծումն այլընտրանք չունի, եւ անհրաժեշտ է հիմնարար սկզբունքների հիման վրա գտնել փոխընդունելի լուծման մեխանիզմներ», ասվում է հաղորդագրության մեջ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #201, 20-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ