RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#199, 2013-11-16 > #200, 2013-11-19 > #201, 2013-11-20 > #202, 2013-11-21 > #203, 2013-11-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #201, 20-11-2013



Միջազգային

Տեղադրվել է` 2013-11-19 23:37:22 (GMT +04:00)


Ընթերցված է` 1002, Տպվել է` 21, Ուղարկվել է էլ.փոստով` 12

ՈՒԿՐԱԻՆԱՑԻՆԵՐԻ 58 ՏՈԿՈՍԸ ԵՎՐՈՄԻՈՒԹՅԱՆՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ԿՈՂՄՆԱԿԻՑ Է

Պ. Ք.

55 տոկոսը Ռուսաստանի հետ հարաբերությունները համարում է լարված

Ուկրաինայի բնակչության կեսից ավելինՙ 58 տոկոսը, արտահայտվում է իր երկրի ԵՄ անդամ դառնալու օգտին: Անցյալ տարվա համեմատությամբ ԵՄ կողմնակիցներն ավելացել են 6 տոկոսով: Իսկ անդամակցության հակառակորդների բաժինն ավելացել է աննշան չափովՙ հասնելով 31 տոկոսի:

Այսպիսին են «Դոյչե վելլե» ռադիոկայանի ուկրաինական խմբագրության պատվերով հանրային կարծիքի հետազոտման IFAK ինստիտուտի կիեւյան բաժանմունքի նոյեմբերին անցկացրած DW-Trend ներկայացուցչական հարցման արդյունքները: Հետազոտության ընթացքում հարցման է ենթարկվել ավելի քան 50 հազարանոց քաղաքների 18-65 տարեկան 1000 բնակիչ:

ԵՄ անդամակցության կողմնակիցների մեծամասնությունը (37 տոկոս) կուզենար, որ անդամակցությունը տեղի ունենա առաջիկա 5 տարում: Մեկ տարի առաջ սրընթաց անդամակցության կողմնակիցները կազմում էին ընդամենը 26 տոկոս: Նույնիսկ Ուկրաինայի արեւելքի եւ հարավի ավանդաբար ռուսամետ շրջաններում հարցման մասնակիցների 50 տոկոսը արդեն եվրոպամետ է: Երկրի արեւմտյան եւ կենտրոնական շրջաններում եվրոպամետ է բնակչության 69 տոկոսը:

Անդամակցության կողմնակիցներն առավել շատ են 18-29 տարեկան անձանց խմբումՙ 65 տոկոս: 50-60 եւ ավելի բարձր տարիքային խմբերում նման հեռանկարին հավանություն է տալիս հարցման մասնակիցների 52 տոկոսը:

Ըստ որում, ուկրաինացիները պատրանքներ չունեն իրենց երկրի նկարագրի հարցում: 32 տոկոսը համոզված է, որ Եվրոպայում Ուկրաինան համարում են նախ եւ առաջ հումքի եւ էժան աշխատուժի մատակարար: Միայն 14 տոկոսն է կարծում, թե եվրոպացիներն Ուկրաինան համարում են հուսալի ռազմավարական գործընկեր:

Ինչ վերաբերում է ռուս-ուկրաինական հարաբերություններին, հարցման մասնակիցների կարծիքով, դրանք զգալիորեն վատացել են: Ներկայումս այդ հարաբերությունները լարված եւ նույնիսկ թշնամական է համարում ուկրաինացիների 55 տոկոսը, եւ միայն 28 տոկոսն է համարում բարեկամական կամ գործընկերային: Անցյալ տարվա համեմատությամբ իրավիճակն արմատապես փոխվել է. այն ժամանակ 55 տոկոսը խոսում էր Ռուսաստանի հետ բարեկամական կամ գործընկերային հարաբերությունների եւ միայն 22 տոկոսըՙ լարված կամ թշնամական հարաբերությունների մասին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #201, 20-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ