RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#199, 2013-11-16 > #200, 2013-11-19 > #201, 2013-11-20 > #202, 2013-11-21 > #203, 2013-11-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #201, 20-11-2013



«GULF ANALYSIS»

Տեղադրվել է` 2013-11-19 23:37:22 (GMT +04:00)


Ընթերցված է` 910, Տպվել է` 20, Ուղարկվել է էլ.փոստով` 12

ԾՈՑԻ ԵՐԿՐՆԵՐԸ ԵՎ ԱՂԱՆԴԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Հ. Ծ.

Վերոնշյալ վերնագրով հաղորդագրության մեջ Արտաքին հարաբերությունների եվրոպական խորհուրդը (ԱՀԵԽ), անդրադառնալով Ժնեւում կայացած Իրանի եւ «Վեցյակի» երկրների բանակցություններին, մեջբերում է «Gulf Analysis» պարբերականի խմբագիր Ֆաթիմա Այուբի խոսքերը, որ հաշտեցման եզրերի որոնումը կարող է երկկողմ շահերի ճանաչման դանդաղ գործընթացի սկիզբը լինել: Նա նաեւ գրել է աղանդավորության երեւույթի չարաբաստիկ տարածման մասին եւ բացատրել, թե ինչպես են Պարսից ծոցի երկրներն ու կառավարությունները մշակում եւ հմտորեն շահագործում այդ երեւույթըՙ հասնելու համար ռազմավարական քաղաքականության իրենց նպատակներին: Այդ երեւույթը, նրա կարծիքով, չափազանց հարմար գործիք է դարձել փոքրամասնությունների դեմ խտրականությունը կամ ոտնձգությունները արդարացնելու համար: Ադ առնչությամբ տարածաշրջանում լարվածությունը սրելու պատճառներից մեկը համարվում է պատմական կապը Ծոցի եւ արեւմտյան երկրների միջեւ:

«Gulf Analysis» պարբերականը, որը 2007-ին հոկտեմբերին հիմնադրված առաջին համաեվրոպական «գաղափարների վերլուծության շտեմարանի» (think-tank)ՙ ԱՀԵԽ-ի հրատարակություններից է, Սաուդյան Արաբիայի, Իրաքի եւ Քաթարի օրինակներն է բերում, որպես աղանդավորությունը խրախուսող երկրների: Ըստ պարբերականիՙ ամենամեծ մեղավորը այդ հարցում Սաուդյան Արաբիան է, որի արքայական ընտանիքը որոշակիորեն աղանդավորական քաղաքականություն է վարում Բահրեյնում եւ Սիրիայումՙ վախենալով այդ երկրներում իրանյան ազդեցության աճից:

Իրաքում, որտեղ արդեն տասը տարի քաղաքական, սոցիալ-տնտեսական ճգնաժամերը չեն գտնում իրենց լուծումները, վարչապետ Նուրի Էլ Մալիքին աղանդավորությունը օգտագործում է ամրապնդելու իր իշխանությունը: Դա իր հերթին խորացնում է տարբերությունը երկրի շիա մեծամասնության եւ սուննի փոքրամասնության միջեւ:

Իսկ Քաթարը, ճիշտ է, անմիջականորեն չի խրախուսում աղանդավորությունը, բայց երկրի առաջնորդների ջանքերըՙ ուղղված Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում իրենց ազդեցության ընդարձակմանը, այնուամենայնիվ աղանդավորական լարվածություններ առաջացնում են ինչպես երկրի ներսում, այնպես էլ հարեւան այլ երկրներում: Երկիրը դժվարին ճանապարհ է ընտրել, մի կողմիցՙ պաշտպանելու իսլամիստներին, մյուս կողմիցՙ չնեղացնելու իր շիա քաղաքացիներին:

Ի տարբերություն այս երկրներիՙ Իրանը առավել կողմ է ռազմավարական դաշինքներ կնքելուն, քան աղանդավորական խնդիրներ առաջացնելուն: Արեւմտյան երկրների կողմից մեկուսացումը չեզոքացնելու համար երկիրը փորձում է դաշնակցել այնպիսի երկրների հետ, որոնք կիսում են տարածաշրջանային անվտանգության մտահոգությունը:

Մերձավոր Արեւելքում բռնկված ճգնաժամերից շատերը Ծոցի սուննի երկրների եւ շիա Իրանի միջեւ երկար տարիների սառը պատերազմի ավերիչ ժառանգության հետեւանքներն են: Ժնեւի բանակցությունների ժամանակ Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆին նշել է, որ «աղանդավորությունը ոչ միայն տարածաշրջանի, այլեւ ամբողջ աշխարհի անվտանգությանն սպառնացող ամենալուրջ վտանգն է»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #201, 20-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ