RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#199, 2013-11-16 > #200, 2013-11-19 > #201, 2013-11-20 > #202, 2013-11-21 > #203, 2013-11-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #201, 20-11-2013



Անցուդարձ

Տեղադրվել է` 2013-11-19 23:37:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 955, Տպվել է` 19, Ուղարկվել է էլ.փոստով` 12

ՄԵԴԱԼՆԵՐԻ ԱՌԱՏՈՒԹՅՈՒՆ. ՓՈԽՀԱՏՈՒՑՈ՞ՒՄ, ԹԵ՞ ՓՈԽԶԻՋՈՒՄ

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ, ԱՄՆ, Թարգմ. Հ. Ծ.

Ռուս մեծ գրող Անտոն Չեխովը ժամանակին գրել է սատիրական մի կարճ պատմվածք 19-րդ դարի ռուս հասարակությունում մեդալների նշանակության մասին, որտեղ բարձր հասարակության կողմից ճաշի հրավիրված մի խեղճ ուսուցիչ, ապացուցելու համար, որ արժանի է այդ պատվին, որոշում է իր մի ընկերոջից պարտքով մեդալ փոխ առնել: Ճաշկերույթի ժամանակ նա հանդիպում է մի ծանոթի, ով տեղյակ է, որ նա մեդալ չի ստացել: Ուսուցիչը տարբեր հնարքներ գործի դնելով փորձում է թաքցնել մեդալը: Երեկոն, իհարկե, փչանում է, բայց մեկնելուց առաջ ուսուցիչը նկատում է, որ իր ծանոթը նույնպես միեւնույն իրավիճակում էՙ փորձելով թաքցնել իր փոխ առած մեդալը:

Չեխովը ծաղրուծանակի էր ենթարկում փառամոլության հետեւից ընկած նման անձնավորություններին: Նա 1905-ին վախճանվեց, բայց, դժբախտաբար, աշխարհի այդ մասում շատ բան չի փոխվել գնահատման չափանիշներում:

Ռուսական կայսրությանը հաջորդած խորհրդային կարգերում նույնպես մեծ նշանակություն էին տալիս մեդալներին, բազմաթիվ անեկդոտներ էին պատմում մեդալների սիրահար Լեոնիդ Բրեժնեւի մասին: Այսօր այդ մեդալները չնչին գումարով կարելի է ձեռք բերել երեւանյան հանրահայտ «Վերնիսաժում»:

Սակայն ավանդույթն այնքան է խոր արմատներ գցել Հայաստանում, որ շուտով ոչ մի զբոսաշրջիկ Հայաստանից չի վերադառնալու առանց մեդալիՙ շնորհված պաշտոնական մարմինների կամ որեւէ կազմակերպության կողմից: Նույնը կարելի է ասել եկեղեցու մասին: Շուտով մեդալ ստացողների թիվը գերազանցելու է մեդալ չստացողների թվին:

Անցյալում հազվադեպ երեւույթ էր մեդալ ստանալը, եւ դա իր որոշակի արժեքն ուներ: Այսօր մեդալների առատությունը արժեզրկել է կարծես այդ պատվին արժանանալը: Որոշ մեդալակիրներ նույնիսկ զարմանում են, թե ինչ գովելի գործ են կատարել, որ արժանացել են այդ պատվին:

Կարծես ժամանակը եկել է վերանայելու այս արժեհամակարգը Հայաստանում, որտեղ թվում է, թե դրանով փորձում են շահել պարզամիտ սփյուռքահայերի վստահությունը: Ճիշտ է, որոշ մարդկանց համար մեդալները արդյունավետ խթան են ներդրումներ կատարելու: Բայց ժամանակի ընթացքում դրանց առատությունը արժեզրկում է համակարգը եւ հնարավորություն չի տալիս արժանի մարդկանց տարբերելու անարժաններից: Գոյություն ունի հագեցածության մի աստիճան, որից հետո սկսում է գործել տնտեսագիտության մեջ հայտնի նվազող սահմանային օգտակարության օրենքը:

Սփյուռքահայերի մեկ այլ խումբ քննադատաբար է վերաբերվում մեդալների այդքան առատ բաժանմանը նրանց, ում հերթը, իրենց կարծիքով, դեռ չի հասել, իսկ իրենք արդեն վաղուց են վաստակել այդ իրավունքը:

Ի վերջո, սակայն, նրանք էլ են դասվում այն մարդկանց շարքում, որոնք, արժանի թե ոչ, ստացել են այդ մեդալները: Անսահմանափակ քանակությամբ մեդալներ բաժանելովՙ իշխանությունները, կարելի է ասել, վիրավորում են սփյուռքահայերի մտավոր կարողությունները, հավատալով, որ նման միջոցներով կարելի է գնել հավատարմություն, ազդեցություն եւ զոհաբերություն:

Պետք է հաշվի առնենք, որ որեւէ ներդրում, օժանդակություն կամ զոհաբերություն կորցնում է իր արժեքը, երբ փոխադարձաբար հատուցում է ստանում: Դժվար է իրականում տարբերել, թե ո՞վ է ավելի միամիտ, նրանք, ովքեր շռայլո՞ւմ են, թե՞ նրանք, ովքեր ստանում են այդ մեդալները: Գուցե երկու կողմն էլ:

Երբ այդ մեդալները խնայողաբար, հաշվարկված կերպով էին շնորհվում, արժանացածները տարբերվում էին համայնքում եւ մյուսներից բարձր էին համարվում: Բայց այսօր դրանք կորցրել են իրենց արժեքը: Ինքնասիրություն ունեցողներն իրենք էլ պարտավոր են լրջորեն մտածել, թե այդ մեդալներն ստացել են որպես գնահատանք ինչ-որ առաքինի արարքի՞, թե՞ այլ հետին նպատակի համար:

Իհարկե, մենք պետք է տարբերենք այստեղ այն մեդալները, որոնք կառավարության կամ այլ հաստատությունների կողմից շնորհվում են գիտնականներին, գրողներին եւ կատարողական արվեստի ներկայացուցիչներին: Դրանք սովորաբար դրամական հատուցման ձեւով են տրվումՙ խթանելու գրական, գեղարվեստական, ակադեմիական կամ այլ ոլորտի նոր գործեր հորինելը:

Այժմ, երբ մեդալակիրների մեծ բանակ գոյություն ունի, որտեղի՞ց պետք է սկսենք ավելի բարձր մակարդակի հասցնել մեր արժեհամակարգը:

Անշուշտ պետք է սկսենք վերեւից, բայց նոր համակարգ որդեգրելուց առաջ, մենք պետք է կարողանանք փոխել մարդկանց մտածելակերպը, վերաբերմունքը: Բրեժնեւը վաղուց մահացել է, եւ մեդալներն էլ թաղվել են նրա հետ: Մենք այլեւս «Վերնիսաժում» դրանք չենք կարող գնել: Հենց կարողանանք փոխել մեր մտածելակերպը, առավել հեշտ է լինելու նոր արժեհամակարգ ստեղծելը: Բարձր որակավորում ունեցող, անաչառ մասնագետներից կազմված հանձնախմբեր կարող են ընդգրկվել այդ գործի իրականացմանը: Կարելի է ներառել այդ գործընթացում մարդկանց, ովքեր իսկապես ծանոթ են Սփյուռքի եւ Հայաստանի ուղնուծուծին, հոգով ու սրտով կապված են դրանց: Նրանք մանրազնին եւ անկողմնակալ ուսումնասիրություններից հետո կարող են առաջարկել թեկնածուների մի կարճ ցուցակ: Այդ գործելաոճով ցուցակում չեն հայտնվի այնպիսի մարդիկ, որոնք սոսկ հյուրասիրել են մի նախարարի կամ թանկարժեք նվեր մատուցել նրան:

Անցած 22 տարիների ընթացքում խառնամբոխային կռվողների աճյուններից խիստ արդյունավետ կանոնավոր բանակ է կազմավորվել Հայաստանում: Ստեղծվել են կառավարության օրենսդիր եւ գործադիր մարմիններ: Ուստի Հայաստանի արժեհամակարգը պետք է այդ զարգացումներին համահունչ լինի: Եթե նվազ թվով սփյուռքահայեր պարգեւատրվեն մեդալներով, նրանք ավելի պատված են զգալու իրենց, եթե իրենց հերթը գա արժանի լինելու նման գնահատանքի:

Եթե Չեխովի եւ մեդալների մասին ենք խոսում, ապա պատճառ չունեմ թաքցնելու իմ ստացած մեդալները, բայց խոստովանեմ, որ հոգուս խորքում միշտ ցանկացել եմ իմանալ, թե ինձ այդ մեդալները շնորհողների արժեհամակարգում ո՞ր տեղն եմ զբաղեցրել ես:

Հ. Գ.- Հոդվածս նվիրում եմ վաղամեռիկ թանկագին ընկերոջսՙ Արսեն Դեմիրճյանի հիշատակին, ով հորդորել էր ինձ գրել այս թեմայով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #201, 20-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ