RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#199, 2013-11-16 > #200, 2013-11-19 > #201, 2013-11-20 > #202, 2013-11-21 > #203, 2013-11-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #201, 20-11-2013



75-ամյակ

Տեղադրվել է` 2013-11-19 23:37:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 869, Տպվել է` 17, Ուղարկվել է էլ.փոստով` 12

ՎԱՍՏԱԿԱՇԱՏ ՏՆՏԵՍԱԳԵՏ-ԳԻՏՆԱԿԱՆԸ

ԲԵՆԻԱՄԻՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ, Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր
ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆ, Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր

2013 թվականին լրացավ հայ նշանավոր տնտեսագետ-գիտնական, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Համբարձումի Օրդյանի ծննդյան 75 եւ գիտամանկավարժական գործունեության 50-րդ տարեդարձերը: Է.Օրդյանը մեծ ավանդ է ներդրել աշխատանքի եւ արտադրանքի որակի կառավարման, տնտեսական բարեփոխումների արմատավորման, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման ոլորտներում հայ տնտեսագիտական մտքի զարգացման գործում:

Է. Հ. Օրդյանը ծնվել է 1938թ. Տավուշի մարզի Այգեձոր գյուղում: 1961թ. գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետը: 1961-1963թթ. աշխատել է ՀԽՍՀ թեթեւ արդյունաբերության համակարգում: 1963-1967թթ. սովորել է ՀԽՍՀ ԳԱ տնտեսագիտության ինստիտուտի ասպիրանտուրայում եւ 1967թ. պաշտպանելով ատենախոսություն` ստացել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան: Այնուհետեւ մինչեւ 1970թ. նույն ինստիտուտում աշխատել է որպես ավագ գիտաշխատող, ապա տեղափոխվել է ԽՍՀՄ պետպլանին առընթեր պլանավորման եւ նորմատիվների ԳՀԻ հայկական մասնաճյուղ, որտեղ սեկտորի եւ բաժնի վարիչի պաշտոններ է վարել 1970-1989թթ.:

1989թ. նշանակվել է ՀԽՍՀ պետպլանի տնտեսագիտության եւ պլանավորման ԳՀԻ գիտության գծով փոխտնօրեն, որտեղ աշխատել է մինչեւ 1995թ.: Նույն թվականին նշանակվել է ՀՀ կառավարման դպրոցի փոխտնօրեն գիտաուսումնական աշխատանքների գծով, իսկ 2002թ. մինչեւ 2006թ.` ՀՀ կառավարման ակադեմիայի պրոռեկտոր:

2006թ. ցայսօր աշխատում է Տնտեսագիտության եւ կառավարման ինստիտուտում նախ որպես գիտակրթական բլոկի ղեկավար, իսկ 2011թ.` ինստիտուտի տնօրեն:

Նա 1994-2003թթ. եղել է ՀՀ ԱԺ փորձագետ: Համագործակցել է միջազգային տարբեր կազմակերպությունների հետ` զբաղեցնելով ծրագրերի տնօրենի, համակարգողի եւ թիմի ղեկավարի պաշտոնները:

Է. Հ. Օրդյանը ավելի քան 50 տարի գիտական հետազոտություններ է կատարում տնտեսագիտության արդիական մի շարք հիմնախնդիրների ուղղությամբ:

Նրա գիտահետազոտական գործունեության մեջ կարելի է առանձնացնել երկու շրջան: Առաջին շրջանում, որն ընդգրկում է 1963-1988 թվականները, հայ տնտեսագիտության մեջ Է.Օրդյանն ստեղծել ու զարգացրել է աշխատանքի եւ արտադրանքի որակի կառավարման գիտական ուղղությունը: Իր հետազոտությունների արդյունքում նա 1980-ին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն եւ ստացել տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան, իսկ 1984-ին նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում: Այդ հիմնահարցերի գծով նա հրատարակել է շուրջ 120 գիտական աշխատություն, այդ թվում 9 գիրք: Իր բնույթով առանձնանում է նրա «Управление качеством продукции: вопросы организации: (региональный аспект):» (Москва, 1984г.) աշխատությունը, որտեղ հետազոտվում են նոր եւ համեմատաբար քիչ մշակված արդյունաբերական արտադրանքի որակի կառավարման եւ կազմակերպական հարցերը միութենական հանրապետություններում, արտադրանքի որակի կառավարման հանրապետական համակարգի ձեւավորման հիմունքները եւ դրա իրականացման կառուցակարգերը:

Նրա գիտական ղեկավարությամբ եւ անմիջական մասնակցությամբ մշակվել են 4 տասնյակից ավելի նորմատիվային-մեթոդական փաստաթղթեր եւ 18 գիտական զեկուցագրեր, որոնք օգտագործման համար ընդունվել են ԽՍՀՄ պետպլանի, ԽՍՀՄ պետստանդարտի եւ ՀԽՍՀ պետպլանի կողմից: Մշակված նորմատիվային-մեթոդական փաստաթղթերն իրենց արտացոլումն են գտել «Республиканская система управления качеством продукции в Армянской ССР:» երկհատորյակում, որն իր տեսակի մեջ եզակի էր ԽՍՀՄ-ում: Նա մեծ ջանքեր է ներդրել ՀԽՍՀ-ում արտադրանքի որակի կառավարման հանրապետական եւ Երեւանի քաղաքային համակարգերի արմատավորման գործում, որոնք ապահովեցին տնտեսական բարձր արդյունավետություն եւ դրվատանքի արժանացան ԽՍՀՄ պետական մարմինների կողմից:

Գիտական գործունեության երկրորդ շրջանում (1989-ցայսօր) Է. Օրդյանը հիմնականում զբաղվել է ՀՀ տնտեսական բարեփոխումների, պետական եւ տեղական ինքնակառավարման հիմնահարցերով:

ՀԽՍՀ պետպլանի տնտեսագիտության եւ պլանավորման ԳՀԻ-ում աշխատելու տարիներին նա անմիջական մասնակցություն է ունեցել Հայաստանի տնտեսական ինքնուրույնության հայեցակարգի մշակման աշխատանքներին: Մեծ է նրա ավանդը նաեւ «Շուկայի անցման տնտեսական հիմնադրույթների», ինչպես նաեւ նպատակային համալիր մի շարք ծրագրերի (Աղետի գոտու վերականգնման, Ձեռնարկատիրության զարգացման, Մրցակցային միջավայրի ստեղծման եւ այլն) մշակման գործում:

Տեղափոխվելով ՀՀ կառավարման դպրոց (ՀՀ պետական կառավարման ակադեմիա)` Է. Օրդյանը ձեռնամուխ է լինում մեր հանրապետությունում կրթական որակապես նոր օջախի կայացման եւ դրա համար անհրաժեշտ գիտամեթոդական գրականության ստեղծման աշխատանքներին:

Մասնակցել է «Պետական քաղաքացիական ծառայության հայեցակարգի», ինչպես նաեւ ՀՀ քաղաքացիական ծառայության իրավական ակտերի նախագծերի մշակմանը: Ակտիվ մասնակցություն է ունեցել մի շարք գիտաժողովների կազմակերպմանը:

Է. Օրդյանը հրատարակել է «Պետական կառավարման համակարգը Հայաստանում» (1998թ.) գիրքը, ինչպես նաեւ բազմաթիվ հոդվածներ, որոնք առաջին փորձերն էին այդ բնագավառում:

Հատկապես գնահատանքի արժանի է Է. Օրդյանի ավանդը ՀՀ-ում տեղական ինքնակառավարման համակարգի վերաբերյալ գիտաուսումնական գրականության ստեղծման գործում: Նրա գիտական ղեկավարությամբ եւ խմբագրությամբ լույս է տեսել «Տեղական ինքնակառավարման հիմունքներ» ուսումնական ձեռնարկը` 5 գրքով: Նա ակտիվ մասնակցություն է ունեցել նաեւ տեղական ինքնակառավարման իրավական ակտերի մշակման եւ այդ ոլորտի կադրերի վերապատրաստման աշխատանքներին:

Աշխատանքի անցնելով Տնտեսագիտության եւ կառավարման ինստիտուտում` Է. Օրդյանը ստեղծել է «Օր-Դար» հրատարակչությունը եւ «Կառավարչական գիտելիքների գրադարան» մատենաշարը, որի շրջանակներում հրատարակվել են 15-ից ավելի գրքեր եւ գիտական աշխատանքների ժողովածուներ: Դրանց շարքում ուշագրավ են Է. Օրդյանի հեղինակած «Ապակենտրոնացում: Հայեցակարգային հիմնադրույթներ» գիրքը եւ նրա ընդհանուր ղեկավարությամբ եւ խմբագրությամբ լույս տեսած «Համայնքային ծառայության հիմունքներ» ուսումնական ձեռնարկը: Է. Օրդյանի գիտական խմբագրությամբ «Տնտեսության զարգացման եւ կառավարման հիմնախնդիրներ» խորագրով հրատարակվել է 6 գիրք:

Է. Օրդյանն իր գիտական գործունեության երկրորդ շրջանում հրատարակել է ավելի քան 125 գիտական աշխատանք, այդ թվում նրա ղեկավարությամբ եւ համահեղինակությամբ 30 գրքեր եւ ուսումնական ձեռնարկներ:

Նրա 36 անուն աշխատությունները լույս են տեսել ԱՄՆ-ում, Չեխիայում, Սլովակիայում, Մերձբալթյան եւ ԱՊՀ երկրներում: Նա զեկուցումներով հանդես է եկել միջազգային, համամիութենական եւ հանրապետական 35 գիտաժողովներում:

Է. Օրդյանը գիտահետազոտական աշխատանքը հաջողությամբ զուգակցում է գիտամանկավարժական գործունեության հետ: 1968թ. սկսած նա դասավանդել է ԵՊՀ-ում, ՀՊՏՀ-ում, ՀՀ կառավարման դպրոցում եւ Պետական կառավարման ակադեմիայում, այնուհետեւ Տնտեսագիտության եւ կառավարման ինստիտուտում: Նա ղեկավարել եւ անմիջականորեն մասնակցել է պետական եւ համայնքային ծառայողների վերապատրաստման դասընթացներին:

Է. Օրդյանն ունի նաեւ գեղարվեստական եւ հրապարակախոսական որոշակի ունակություններ, որոնք ի հայտ եկան նրա հեղինակած «Ինքնության ճանապարհ» (2009թ.) գրքում: Գրքի հենք են կազմում հեղինակի կողմից ավելի քան 50 տարի գրված հուշատետրերը, բանաստեղծություններն ու մանրապատումները: Գիրքն արժանացել է հայկական մամուլի («Գրական թերթ», «Հայաստանի Հանրապետություն», «Առավոտ», «Հայաստան» թերթեր) դրական գնահատականին:

Նրա գիտական ղեկավարությամբ պաշտպանել եւ ներկայումս ատենախոսություններ են պատրաստում 45 դոկտորանտներ, ասպիրանտներ եւ հայցորդներ: Նա եռանդուն մասնակցություն է ունեցել ՀԽՍՀ-ի եւ ներկայումս էլ ՀՀ-ի գիտական եւ հասարակական կյանքին: Եղել է գիտական եւ գիտամեթոդական բազմաթիվ խորհուրդների, օրենսդիր եւ գործադիր մարմիններում գործող հանձնաժողովների անդամ: Նա հանդիսացել է ՀՀ նախագահին առընթեր տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի եւ ՀՀ կառավարության պետական կառավարման բարեփոխումների ենթահանձնաժողովի անդամ:

Է. Օրդյանը 1989թ. առ այսօր «Տավուշ» հայրենակցական միության նախագահության անդամ է, իսկ 1992-2002թթ. եղել է այդ միության նախագահը եւ մեծ ավանդ է ներդրել Տավուշի տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացման աջակցության գործում:

Է. Օրդյանն արժանացել է «Սովետական Հայաստան» թերթի «Ոսկե գրիչ» մրցանակին, ԽՍՀՄ ԺՏՆՑ-ի երկու արծաթե մեդալի, ՀԽՍՀ ԳՏԸ առաջին մրցանակին, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ոսկե մեդալի, ՀՀ տարածքային կառավարման նախարարության հուշամեդալի եւ բազմաթիվ պատվոգրերի ու շնորհակալագրերի:

Այժմ էլ Է. Օդյանը եռանդով շարունակում է գիտամանկավարժական գործունեությունը` իր նպաստը բերելով հայրենի տնտեսագիտական մտքի զարգացման եւ հանրային ծառայողների պատրաստման ու վերապատրաստման գործին:

Նրան հատուկ են աշխատասիրությունը, բարեխղճությունը, նպատակասլացությունը, նախաձեռնողականությունը, ընկերասիրությունը, ազնվությունը եւ մարդկային բարձր այլ հատկանիշներ:

Ջերմորեն շնորհավորելով Էդուարդ Օրդյանին տարեդարձերի առթիվՙ մաղթում ենք մեր գործընկերոջը քաջառողջություն եւ եռանդուն ու արգասաբեր հետագա գործունեություն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #201, 20-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ