RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#199, 2013-11-16 > #200, 2013-11-19 > #201, 2013-11-20 > #202, 2013-11-21 > #203, 2013-11-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #201, 20-11-2013



Մշակույթ

Տեղադրվել է` 2013-11-19 23:37:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 959, Տպվել է` 102, Ուղարկվել է էլ.փոստով` 13

«ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆԳՈՒՅՑ. ԳՈՐԳԱՐՎԵՍՏԻ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ»

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

ՀՀ կառավարության 2013թ. հուլիսի 18 N 800-Ն որոշման N 2 հավելվածի 48-րդ կետով ՀՀ կառավարության գործունեության մշակութային քաղաքականության գերակա ուղղություն է ընդունվել հայկական գորգարվեստի հանրահռչակումը:

Երիտասարդ սերունդն այսօր չի փայլում գորգագործության վերաբերյալ գիտելիքներով, ինչպես նաեւ գորգագործության եւ կարպետագործության ավանդական հմտություններին:

Գորգի հանրահռչակման տարին կնշանավորվի «Հայկական հանգույց. գորգարվեստի ավանդույթները» խորագրով միջազգային գիտաժողովով, որը կկայանա 2013թ. նոյեմբերի 20-22 Երեւանում: Նշենք, որ գիտաժողովի շրջանակում կքննարկվեն հետեւյալ թեմաները` «Հայոց գորգագործական մշակույթի ուսումնասիրման ու տիպաբանման հիմնախնդիրները: Հայոց գորգարվեստի տեղը առաջավորասիական գորգագործական մշակույթի համակարգում», «Հայկական գորգերի գեղազարդման համակարգի ու դրա առանձնահատկությունների մասին: Հայկական գորգերն արտերկրի թանգարաններում: Հայկական գորգերի մասնավոր հավաքածուների մասին», «Հայկական գորգի, ասեղնագործության ու ժանյակի, մանրանկարչության, կիրառական ու մոնումենտալ արվեստի առարկաների գեղազարդման սկզբունքների փոխկապակցվածության մասին», «Ավանդական եւ ժամանակակից գորգը», «Գորգի վերանորոգման ժամանակակից տեխնոլոգիաների մասին», «Գործվածքի թանգարանային հավաքածուների պահպանության, ցուցադրման եւ ուսումնասիրման հիմնախնդիրները»:

Գիտաժողովին կմասնակցեն հեղինակավոր մասնագետներ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իտալիայից, Մեծ Բրիտանիայից, Լեհաստանից, Ավստրիայից, Լիբանանից, Հայաստանից եւ Արցախից: Գիտաժողովին ներգրավված են նաեւ գորգագործության բնագավառում գործունեություն իրականացնող կազմակերպությունները:

«Հալլի» ամսագրի գլխավոր խմբագիր Բեն Թվանսը երեկ լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ հայկական գորգագործության մասին առանձին ուսումնասիրություն չի կատարել, սակայն վստահ է, որ հայկական գորգերը հայ մշակույթի ճանաչելի այցեքարտն են:

Ըստ Բեն Էվանսի, վերջերս Նյու Յորքի աճուրդներից մեկում 35 միլիոն դոլարով է վաճառվել է մի գորգ, որը բացառված չէր, որ հայկական ծագում ուներ: Նրա փոխանցմամբ գորգի գնորդը Քաթարից էր, ինչը վկայում է այն մասին, որ իսլամական երկրներում եւս հայկական գորգերը պահանջված են: Էվանսի գնահատմամբ` հայկական գորգ կարող են համարվել ոչ միայն Հայաստանում ստեղծված գորգերը, այլ նաեւ այստեղից հեռու, սակայն հայ մասնագետների կողմից ստեղծվածները:

Իսկ Վիեննայի համալսարանի դասախոս, արեւելյան գորգերի փորձագետ, տեխնոլոգ Արթուր Թելֆեյանն իր հերթին ավելացրեց, որ Հայաստանը գորգագործության ոլորտում աշխարհում մեծ դեր ունի. «Գորգերի պատմության մեջ գլխավոր ազգերից մեկն ենք, չեմ կարող ասել, որ ամենագլխավորը, սակայն գլխավորներից ենք: Անդրադառնալով հայկական գորգարվեստին, հարկ է նշել նյութերի բազմազանության օգտագործման առանձնահատկությունը: Որդան կարմիրը այն բացառիկ նյութերից է, որը մեր գորգագործության հարուստ ավանդույթների բաղադրիչներից է»:

Մշակույթի նախարարության աջակցությամբ 2013թ մարտ եւ ապրիլ ամիսներին Լոռու մարզում, Արագածոտնի մարզի Ներքին Սասնաշեն համայնքում մեկնարկել է գորգագործության եւ կարպետագործության ոչ ֆորմալ կրթական ծրագիր, որն ուղեկցվում է ոչ միայն գործնական, այլեւ` տեսական իմացությամբ:

Իսկ այժմ Պատմության թանգարանում բացվել է «Հայկական գորգարվեստ» խորագով ցուցահանդես: Ցուցահանդեսում ներկայացված են 16-20-րդ դարերի հայկական գորգի դասական նմուշներ Հայաստանի պատմաազգագրական գրեթե բոլոր տարածաշրջաններից` Վասպուրական, Սեբաստիա, Շիրակ, Սյունիք, Արցախ, Ուտիք, Ջավախք, Գեղարքունիք, Խարբերդ, Կլիլիկիա, Նախիջեւան, Պարսկահայք եւ այլն: Ներկայացված են նաեւ Ք. ա. առաջին հազարամյակի խեցեղեն, բրոնզե, փայտյա նմուշներ, ինչպես նաեւ հայկական միջնադարյան քանդակագործության գլուխգործոցներ, որոնց զարդանախշ-գաղափարագրերն առկա են գորգարվեստում եւ հաստատում են հայկական գորգի` ակունքի հետ ունեցած անընդհատելի կապը: Ցուցահանդեսի նպատակն է այցելուներին ներկայացնել այն փաստը, որ հայկական գորգերը զարդագիր «տեքստեր» են, որոնց մեջ ի պահ են տրված մեր նախնիների` հազարամյակների խորքից եկող հավատալիքների, պաշտամունքի, կրոնական պատկերացումների սրբազնացած խորհրդանիշերը:

Այժմ մեկնարկել է նաեւ գորգի վիրտուալ թանգարանի ստեղծման ծրագիրը: Այն նպատակ ունի մեկ վիրտուալ տարածության մեջ հավաքել եւ ցուցադրել Հայաստանի, Սփյուռքի, նաեւ օտարերկրյա թանգարաններում եւ հնարավորության սահմաններում` անհատական հավաքածուներում պահվող հայկական լավագույն գորգերը: Նախագիծը առցանց տարբերակով է, որը հնարավորություն կընձեռի աշխարհի որեւէ կետից դիտել եւ ուսումնասիրել վիրտուալ թանգարանի հավաքածուն: Այդ թանգարան կմուտքագրվի մոտավորապես 2500 գորգեր: Ծրագիրը հնարավորություն կտա դիտելու գորգերը, նրանց առանձին հատվածները, ստանալ անձնագրային բոլոր տվյալները, պատմական տեղեկատվությունը եւ տեսանյութեր: Այցելուն հնարավորություն կունենա ստանալ տեղեկատվություն գորգերի ոճական տարբեր դպրոցների, գործվածքի տարբեր տեխնիկաների, հայտնի զարդանախշերի աղբյուրների, ինչպես նաեւ գորգերի վերականգնման մասին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #201, 20-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ