RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#200, 2013-11-19 > #201, 2013-11-20 > #202, 2013-11-21 > #203, 2013-11-22 > #204, 2013-11-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #202, 21-11-2013



Տեղադրվել է` 2013-11-20 21:42:44 (GMT +04:00)


Ընթերցված է` 1173, Տպվել է` 23, Ուղարկվել է էլ.փոստով` 13

Ի՞ՆՉ ԿԱ «ԹԱՓ ՀԱՂՈՐԴԵԼՈՒ» ՏԱԿ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Վիեննայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին տեղեկատվությունը աչքի է ընկնում ընդհանրական ձեւակերպումներով, սակայն բազամաթիվ ենթադրությունների համար դուռը բաց թողնելով: Բավական երկար ժամանակ երկու երկրների նախագահների հանդիպումները ձախողված Կազանից հետո դադարել էին, իսկ հիմա նոր հանդիպումը տեղի ունեցավ բոլորովին այլ աշխարհաքաղաքական իրավիճակում, երբ Ռուսաստանը փորձում է թափ հաղորդել եվրասիական միավորին, իսկ Հայաստանն էլ հայտարարել է Մաքսային միությանն իր անդամակցելու ցանկության մասին` այն փաստորեն գերադաս դիտելով ԵՄ Ասոցիատիվ համաձայնությունից: Ահա սրանով էր նոր հանդիպումը նաեւ տարբերվում նախորդներից, որին ներկայացած կողմերի տեսակետները, ինչպես եւ առաջ, չէին մոտեցրել` հիմնախնդրին տրամագծորեն տարբեր մոտեցումների պատճառով: Մեզանում հնչած հատուկենտ կարծիքները հայկական կողմի ակնկալիքները զրոյական էին գնահատել այդ հանդիպումից: Հանդիպմանը նախորդած մեծ խաղացողների աննախադեպ ակտիվությունը, սակայն, վկայում է Ղարաբաղյան հակամարտության` սեփական շահերի օգտագործման նրանց մրցակցության մի նոր հանգրվանի մասին: Մի կողմից էլ իրար էր անցել ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին` հեռախոսով երկու նախագահներին ապսպրանքներ ուղարկելով, դրան նախորդել էին ԱՄՆ-ի տարածաշրջանային գործընկեր Թուրքիայի արտգործնախարարի վաշինգտոնյան վոյաժները` Կիպրոսի եւ ԼՂ հարցի թեմաներով, մերոնց հետ Մոսկվան էր բանակցում` արտգործնախարարի մակարդակով, եւ անշուշտ, մեզ համար դեռես անհայտ մեսիջներով առ թեման, իսկ առավել առարկայական էր հակաօդային պաշտպանական միասնական համակարգում Հայաստանի ներգրավման պուտինյան խոստումը մոսկովյան մի միջոցառման ժամանակ, հավանաբար որպես անվտանգության տարրը ԼՂ խնդրում ամրապնդելու ռուսական բաղադրիչի մասին հիշեցնելով: Ապա հաջորդեցին ողջույններն ու գովեստի խոսքերն` ուղղված Սարգսյան-Ալիեւ հանդիպմանը էլ ԱՄՆ պետդեպից, Էլ ԵԱՀԿ գործող նախագահից, ողջույնները շարունակելի են...

Ի՞նչ է տեղի ունենում, աշխարհաքաղաքական նոր իրավիճակում, երբ փոխվում են համագործակցության ձեւաչափերն ու տարբեր պայմանավորվածություններ, ո՞ւր է բերում մեծ խաղացողների մրցակցությունը, որ Սարգսյանն ու Ալիեւը մի քանի ամիս հետո նորից են հանդիպելու, որո՞նք են այն հիմքերը կամ գործոնները, որոնց առկայությամբ կարգավորման գործընթացին «նոր թափ» է հաղորդվելու:

Արդյոք կրկին հանգույցը Ղարաբաղում խաղարարներ կամ ռուսական զորք տեղակայելու մասի՞ն է, կամ միգուցե պաշտոնական Երեւանն ի վերջո ստիպված է լինելու անել այն, ինչ ընդդիմությանը չի թույլատրում, այսինքն` մեծամասնության ձեռամբ ԼՂՀ ճանաչման նախագիծ բերելու խորհրդարան, այդպիսով ընդդիմությանը զգուշացնող իր հակափաստարկներին կյանքի ուղեգիր տալով, եւ դա անելով ստիպված: Եվ ի՞նչ է այս իմաստով տալու Պուտինի այցը Հայաստան, այս հարցերի պատասխանները դեռ չեն երեւակվում:

Արժե հիշեցնել, որ Ղարաբաղյան հակամարտությունն առաջին նախագահի հրաժարականի հիմնական պատճառներից է եղել, եւ Հայաստանում չկա մի նախագահ, որ կարողանա ԼՂՀ հարցի վերաբերյալ ինչ-որ բանի համաձայնել, եւ դա չանդրադառնա նրա հետագա պաշտոնավարման ընթացքի վրա: Այս իմաստով Հայաստանի նախագահից սպասվում է ավելի լայն բացատրություն, թե ո՞ր գործոնների առկայությամբ է ավելի մեծ թափ հաղորդվելու կարգավորմանը, կամ ի՞նչ նյութի շուրջը թեմա կա մոտակա հանդիպման համար, քանի որ երկրի ղեկավարի անկեղծությունն այս մի թեմայով երկրի ներսում կգնահատվի, ու կգնահատվի առավել լայն հասարակական շերտերի առումով: Եվ այդ անկեղծությունը հարկավոր է ոչ թե ՀՀԿ ԳՄ նիստին իր կուսակիցներին ուղղորդելիս` հասարակությանը մակերեսային մեկնաբանություններով զբաղեցնելու, այլ` իր ձեռքի տակ եղած առավել կարդինալ մեթոդներն օգտագործելու:

Մյուս կողմից` չէր խանգարի որակյալ փորձագիտական մակարդակով արտահոսքը` արդյո՞ք ի՞նչ սպասել այս ակտիվացումից, որո՞նք են վտանգներն ու առավելութունները, արդյո՞ք սպառնալիք կա ստատուս քվոյին, կամ արդյոք Հայաստանը տարբեր գործոնների առկայությամբ ինչ-որ պահի ստիպված է լինելու առարկայական զիջումների: Օրինակ` ԱՄՆ-ի պետդեպն իր քաղաքականության այն տարրերի մասին, որը չէր ուզենա պաշտոնապես հայտարարել, հասարակություն է ներմուծում փորձագետների նեղ շրջանակներին դրանք փոխանցելով, նույն կերպ վարվում է Կրեմլը` օգտագործելով անգամ տարբեր էթնիկական ծագմամբ եւ այս ու այն ազգային շրջանակին մոտ կանգնած փորձագետներին: Խոսքը ոչ թե էժանագին քարոզչական տեսակետների տարածմանն է վերաբերում, այլ գոյություն ունեցող միջազգային մոտեցումների վտանգների վերհանմանը, ինչը որոշ առումով կարող է մերկացնել մեծ խաղացողների պլանները աշխարհաքաղաքական խաղերում Հայաստանի եւ Ղարաբաղի խնդիրներն օգտագործելու առումով:

Հետեւելով Վիեննայի հանդիպումից առաջ մերձքաղաքական անձանց հնչեցրած մի քանի կարծիքներին, ճիշտն ասած վերստին համոզվեցինք, որ մերոնցից հատուկենտ մարդիկ են տեղյակ լինում պահի շեշտադրումներից, իսկ մեծ մասի տեղեկացվածությունն առնվազն երկու չափ հնացած է:

Առհասարակ` մեր քաղաքական դաշտում մի այնպիսի «սահմանադադար» է, ինչպես եւ հայ-ադրբեջանական սահմանին, որտեղ ժամանակ առ ժամանակ տեղի ունեցող գնդակոծումներին «սահմանային անդորրը» խախտում են լոկալ իրադարձություններով. ասենք` «Վճարում ենք 100 դրամի», կամ Շանթի հեղափոխության տիպի (խեղճ Շանթից որոշել են վրեժ լուծել` նրան երկու ամիս հոգեբուժարան ուղարկելով, ինչը մանր վրեժխնդրության տպավորութուն է թողնում): Իսկ իրավիճակի առարկայական մեկնաբանություն` չիք, մարդիկ տեղեկացված չեն, քիչ է, հավես էլ չունեն ջանք գործադրելու սեփական հնարավորություններով իրենց իրազեկումը կազմակերպելու, որպեսզի ընդհանուր ձեւակերպումներով ու ոչինչ չարժեցող տեսակետներով չողողեն տեղեկատվական դաշտը` սպասելով այն բանին, որ նախագահ Սարգսյանը կգա ՀՀԿ գործադիրի նիստին, իրենց կիրազեկի, դրանից հետո միայն գուցե իմանան` ինչ ասեն, որից հետո կհնչեն ՀՀԿ պատասխանատուների մի քանի խրոխտ արտահայտություններ ոչ թե մեզ` հայ հանրության իրապես հետաքրքրված հատվածի, այլ` փաստորեն թշնամու ուղղությամբ, լսեցնելով, թե մի հլա փորձեք համը հանել, ականջներդ ոլորելու ենք:

Իսկ թե ի՞նչ ուղղությամբ է ընթանալու նոր աշխարհաքաղաքական իրավիճակի, նոր միավորումների առկայության պարագայում ԼՂՀ հարցը, ի՞նչ կարգի վտանգներ են մարմին ստանում կամ ստանալու ապագայում, այդ մասին` ոչինչ. կամ չեն պատկերացնում, ինչը շատ վատ է, կամ պատկերացնում-չեն ասում, ինչ էլ ավելի վատ է:

Համենայն դեպս` ինչ-որ թաքուն էր, քառասուն օրից էլ պակաս ժամանակում ակնհայտ կդառնա, քանի որ շատ հստակեցումներ կմտցնի Արեւելյան գործընկերության վիլնյուսյան համաժողովը, պակաս մնացածը կերեւակվի Հայաստան Պուտինի այցից հետո: Դա կարճ ժամանակ է, իսկ դրանից հետո ոչ ոք այլեւս ժամանակ չի ունենա:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #202, 21-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ