RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#200, 2013-11-19 > #201, 2013-11-20 > #202, 2013-11-21 > #203, 2013-11-22 > #204, 2013-11-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #202, 21-11-2013



Անցուդարձ

Տեղադրվել է` 2013-11-20 21:42:44 (GMT +04:00)


Ընթերցված է` 1045, Տպվել է` 22, Ուղարկվել է էլ.փոստով` 13

ՍԵՂՄԵ՞Լ Է, ԹԵ՞ ՉԻ ՍԵՂՄԵԼ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Ադրբեջանցիներին, փաստորեն, հիացրել ենք: Հարեւան երկրի ԶԼՄ-ների վերլուծաբաննները նոյեմբերի 19-ին պարզապես հիացել են ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանի աշխատանքով: Սաղաթելյանը, հիշեցնենք, նոյեմբերի 19-ին Վիեննայում կայացած Սարգսյան-Ալիեւ երկար սպասված հանդիպման ընթացքում պարբերաբար տեղեկատվություն էր հաղորդում հանդիպումից սեփական Twitter-ի էջում, ինչն էլ դառնում էր տեղեկատվության աղբյուր ինչպես ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջի, այնպես էլ հայկական ու ադրբեջանական ԶԼՄ-ների համար: Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ էին հաղորդում Վիեննայից` բացառապես մեջբերելով Արման Սաղաթելյանին: Ընդ որում, Իլհամ Ալիեւի պաշտոնական կայքը այն ընթացքում, երբ Սարգսյանն ու Ալիեւը արդեն հանդիպել էին, առանձնազրույց էին ունեցել, այնուհետեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ ընդլայնված կազմով հանդիպում էին ունեցել, որեւէ տեղեկություն չէր հաղորդում Սարգսյան-Ալիեւ հանդիպումից. այնտեղ տեղադրված վերջին լուրն այն մասին էր, որ «նախագահ Իլհամ Ալիեւը աշխատանքային կարճատեւ այցով Վիեննայում է, որտեղ նրան հյուրընկալել է Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերը»: Այսինքն, բացի հարգարժան Ֆիշերի հետ հանդիպումից, ըստ president.az-ի, Իլհամ Ալիեւը որեւէ այլ հանդիպում Վիեննայում չէր ունենալու: Ադրբեջանական Haqqin.az անգամ վերլուծականով հանդես եկավՙ «Ինչո՞վ են ադրբեջանական լրատվամիջոցներն ու Իլհամ Ալիեւը արժանացել նման վիրավորանքի»:

Ուրեմն Սարգսյան-Ալիեւ հանդիպումը, արձանագրենք, անցավ Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի ամբողջական անտեղյակության պայմաններում:

Բայց ինչպե՞ս մենք Հայաստանում լուսաբանեցինք այդ հանդիպումը, այսինքն` ինչի՞ վրա հիմնական շեշտադրումն արեցինք: Երկու հանգամանքի, նախ, հանդիպումից հետո, երբ Իլհամ Ալիեւն արդեն լքել էր Վիեննայի «Քոբուրգ-Փալաս» հյուրանոցը (որն, ի դեպ, ոչ թե Քոբուրգ պալատ է, ինչպես ավելի վաղ ներկայացվեց` անգամ մեր նախագահականից, այլ` «Քոբուրգ փելաս» հյուրանոց), որտեղ էլ կայացել էր հանդիպումը, եւ նրանից հետո հանդիպման վայրը լքում էր Սերժ Սարգսյանը, վերջինս, պատասխանում է «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչպե՞ս անցան բանակցությունները, մեկ բառով` նորմալ: Հայկական մամուլը այս մեկ բառի վրա կառուցել էր իր նյութերը, վերլուծաբանները հանդես էին եկել վերլուծություններով... Ուրեմն, ի՞նչ պետք է պատասխաներ նախագահը, որ բանակցությունները աննորմա՞լ անցան, կամ, տարօրինակ չէ՞ր լինի միթե, որ Սերժ Սարգսյանը ասեր` «գերազանց»: Հետեւաբարՙ ՀՀ նախագահի այս մեկ բառը ամենեւին ոչինչ չի նշանակում, այսինքնՙ սա այն մեկ բառերից չէ, որոնց վրա կարելի է վերլուծություններ գրել եւ հետեւություններ անել, անգամ ենթադրություններով հանդես գալ: Իրականում, Վիեննայի հանդիպումը ոչինչ էր, բացի բանակցությունների շարունակականությունն ապահովվելուց, ինչը, ընդունենք, այս ժամանակահատվածում եւս անչափ կարեւոր է: Իսկ թե ինչպես են իրականում անցել բանակցությունները, դեռ վաղ է ասել, քանի որ Վիեննայի հանդիպման հետեւանքներն դեռ զգալու ենք, եթե զգանք, իհարկե:

Բացի սրանիցՙ հայկական լրատվամիջոցների ուշադրությունը գրավել էր այն հանգամանքը, որ նախագահներ Սարգսյանի եւ Ալիեւի միջեւ «ձեռքսեղմում չի եղել»: Նախ, թույլ տվեք հասկանալ, թե ի՞նչ է սա նշանակում: Ասենք, նախագահ Սերժ Սարգսյանը մտել է հանդիպման սրահ, որտեղ, ըստ տեղեկությունների, նրան արդեն սպասել է Իլհամ Ալիեւը, եւ վերջինիս ձեռքը չի՞ սեղմել: Սա բնակա՞ն է, իհարկե ոչ: Այսինքն, եթե անգամ Բենիամին Նաթանյահուն ու Մահմուդ Աբբասն են միմյանց ձեռք սեղմում ամեն անգամ հանդիպելիս, ուրեմն ինչո՞ւ Սերժ Սարգսյանը չպետք է սեղմի Իլհամ Ալիեւը ձեռքը, ի՞նչ է դրանից հետո նրանք դարձան բարի դրացինե՞ր: Բայց, պարզվում է, որ երբ հայկական լրատվամիջոցներն ասում են` «ձեռքսեղմում չի եղել», նկատի ունեն ոչ թե հանդիպման մեկնարկը, քանի որ այդ ժամանակ որեւէ լրագրող չի եղել սրահում, որպեսզի արձանագրի` ձեռքսեղմումը, այլ հանդիպման ավարտը: Ուրեմն, երբ նախագահները արդեն դուրս են եկել հանդիպման սրահից, «նրանք ուղղակի կանգնել են միմյանց կողքի, զրուցել, լուսանկարվել եւ առանց ձեռքսեղման հեռացել»: Ամենեւին չենք կասկածում, որ այսպես էլ եղել է: Բայց, եթե անգամ այդպես է եղել, հետո ի՞նչ: Չէ՞ որ բանակցությունները ձեռքսեղմումով ավարտվում են այն ժամանակ, երբ կողմերը որեւէ փոխհամաձայնության հասած են լինում, կամ պայմանագրեր են ստորագրում, կամ գոնե հաճելի հանդիպում են ունեցած լինում եւ իրենց փոխադարձ հաճելի է միմյանց տեսնելը: Այս պայմաններից ոչ մեկը Սարգսյան-Ալիեւ հանդիպման ժամանակ առկա չի եղել, հետեւաբարՙ ինչո՞ւ պետք է հանդիպումն ավարտվեր ձեռքսեղմամբ: Ու եթե հանդիպումը չի ավարտվել ձեռքսեղմամբ, դա դեռ չի նշանակում, որ «Սերժ Սարգսյանը Իլհամ Ալիեւի ձեռքը չի սեղմել», քանի որ հանդիպումն անկասկած սկսվել է ձեռքսեղմամբ:

Եվ մենք, Վիեննայի հանդիպումից, դրան հաջորդած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունից, այնուհետեւ ԵԱՀԿ գործող նախագահողի տարածած հայտարարությունից հատուկ առանձնացրել էինք հենց այս «հարցերի հարցը». սեղմե՞լ է արդյոք Սերժ Սարգսյանը Իլհամ Ալիեւը ձեռքը. չի սեղմել, է, հետո՞...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #202, 21-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ