RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#200, 2013-11-19 > #201, 2013-11-20 > #202, 2013-11-21 > #203, 2013-11-22 > #204, 2013-11-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #202, 21-11-2013



Միջազգային

Տեղադրվել է` 2013-11-20 21:42:44 (GMT +04:00)


Ընթերցված է` 769, Տպվել է` 22, Ուղարկվել է էլ.փոստով` 11

ԻՆՉՔԱ՞Ն ՍՊԱՍԵՆՔ, ՄԻՆՉԵՎ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԻՄԱՆԱՆՔ ՍԻՐԻԱՅԻ ՀԱՐՑՈՒՄ

ՌՈԲԵՐՏ ՖԻՍՔ, Թարգմ. Հ. Ծ.

Գեներալ-մայոր Ջամաա Ջամաան ժողովրդականություն չէր վայելում Բեյրութում: Սիրիայի հետախուզության ավագ պաշտոնյան Լիբանանում, մինչեւ 2005 թվականին Բաշար Էլ Ասադի զորքերի դուրսբերումը, իր շտաբ-կայանները տեղավորել էր արեւմտյան Բեյրութում գտնվող հինավուրց «Բո Ռիվաժ» հյուրանոցում եւ Այնճարի Բեքաա քաղաքում, որտեղ լիբանանցիներին հարցաքննության էին տանում, եւ պարզ չէր, այնտեղից ողջ դուրս կգայի՞ն, թե՞ ոչ: Նա Բաշարի հորՙ Հաֆեզի հավատարիմ, անողոք «ապարատչիկն» էր, եւ նրա խորհրդավոր սպանությունը Սիրիայի պատերազմում անցյալ հոկտեմբերի կեսերին արցունքներ չառաջացրեց Բեյրութում: ՄԱԿ-ի ներկայացուցիչները հարցաքննել էին Ջամաային Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիք Հարիրիի սպանության առնչությամբ 2005 թվին, որի հետեւանքում սիրիական զորքերը դուրս եկան Լիբանանից:

Բայց ինչպե՞ս մահացավ Ջամաան: Սիրիայի պետական հեռուստակայանը նշեց, որ Ջամաան «նահատակվեց Դեր Զորում ահաբեկիչներին հետապնդելիս եւ Սիրիային ու նրա ժողովրդին պաշտպանելու իր ազգային պարտականությունները կատարելիս»: Բոլոր տեսակի ապստամբ խմբավորումները ցանկանում էին նրա անունը ընդգրկել սպանվելու ենթակա անձնավորությունների իրենց ցուցակներում: Արեւելյան Սիրիայի նավթային քաղաքում նրա գլխին դիպուկահարն էր կրակել: Մեզ հասած այլ տեղեկություններովՙ նրան սպանել էին հեռակառավարվող ռումբի կամ մահապարտի ինքնասպանության միջոցով: Մի բան հաստատ գիտենք, որ ինչ նրանից մնացել էր, հողին էր հանձնվել Լաթաքիայից վերեւ գտնվող բլրապատ գյուղում, որտեղ ծնվել էր:

Թե ինչքա՞ն պիտի սպասենք, մինչեւ ճշմարտությունը իմանանք, դեռ պարզ չէ:

Այս հարցն ինձ հիշեցնում է գաղտնիությամբ պատված մի այլ դեպք, որն ավելի քան կեսդարյա պատմություն ունի: Դա 1954-62 թվականների ալժիրա-ֆրանսիական պատերազմի օրերին էր, երբ Ֆրանսիայի նվաճողական դաժան բանակը կռվում էր նույնքան դաժան, բայց անկախության վճռակամությամբ տոգորված Ալժիրի դիմադրության մարտիկների դեմ: Վերջիններին առաջնորդում էր «Ազգային ազատագրության ճակատը» (ԱԱՃ-ն):

Մինչ ֆրանսիացի սպաները սանձարձակ կտտանքների էին ենթարկում իրենց թշնամիներին, ալժիրցիները իրենք իրենց մարտիկներին (նաեւ ֆրանսիացիներին) էին սպանում ստալինյան ոճովՙ կասկածանքից դրդված, որ նրանք համագործակցում են ֆրանսիացիների հետ:

Տասնամյակներ շարունակ ֆրանսիացիները հրաժարվում էին խոսել այս ամենախայտառակ պատերազմի մասին կամ քննարկել կտտանքների թեման: Նրանք նույնիսկ գրաքննության էին ենթարկում այդ թեմայի բոլոր հեռուստատեսային ծրագրերը: Մյուս կողմիցՙ ԱԱՃ-ի բռնատիրական առաջնորդները բավարարվում էին իրենց «զոհված» մարտիկներին ներկայացնելով որպես հերոսների: Ֆրանսիացիները կռվում էին այսպես կոչված «ահաբեկիչների», իսկ ԱԱՃ-ի մարտիկներըՙ դը Գոլի դաժան ռեժիմի դեմ:

Գուցե այս եւ նախորդ պարբերության միջեւ զուգահեռներ անցկացնելը այնքան էլ տեղին չէ, բայց արդարացված է այն իրադարձությամբ, որ վերջին ամիսներին տեղի ունեցավ Ալժիրում: Կեսդարյա վաղեմություն ունեցող վերոնշյալ պատերազմի մասնակից տասնյակ տարեցներ Ալժիրի եւ Օրանի փոքրիկ հրատարակչատներն են այցելելՙ իրենց հետ տանելով անձնական սահմռկեցուցիչ փաստաթղթեր, որոնք վկայում են, որ ԱԱՃ-ի հրամանատարները կտտանքների են ենթարկել եւ անգամ սպանել իրենց ընկեր մարտիկներին:

Այսօրվա «Սիրիական ազատ բանակի» եւ Հյուսիսային Սիրիայում նրանց իսլամիստական ապստամբ թշնամիների նման, մրցակից ալժիրցի դիմադրողական խմբավորումները այդ ժամանակ ոչնչացրել են մեկը մյուսին: Վերցնենք, օրինակ, Աբանե Ռամդանի մահվան դեպքը: Ալժիրական հեղափոխության «ճարտարապետ», ֆրանսիացի փիլիսոփա եւ հեղափոխական Ֆրանց Ֆանոնի ընկեր, 1956-ին առաջին անկախ ալժիրական ղեկավարության ծնունդ տվող Սումմամ կոնգրեսի կազմակերպիչ Ռամդանը, որն այնքան տարված էր անդասակարգ հեղափոխության գաղափարով, մի տարի անց սպանվել էր Մարոկկոյում, ենթադրաբարՙ ֆրանսիացիների կողմից: Տարիներ, տասնամյակներ շարունակ նրան փառաբանել էին որպես «նահատակ մի մարտիկի, որը մահացել էր ֆրանսիացիների արձակած գնդակից»: Բայց այժմ ԱԱՃ-ի նախկին անդամներից մեկը համարձակվել է թվարկել նրան սպանողների իսկական անուններըՙ Քրիմ Բելկասեմ (ԱԱՃ-ի երրորդ «վիլայայի» (մարզի) գլխավորը եւ հետագայումՙ նորանկախ կառավարության պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարը), Աբդել Հաֆիդ Բուսուֆ (ալժիրական բոլոր մարզերի «հետախուզության հայր» հորջորջված մի դաժան անձնավորություն, ով իր ընկերներից շատերին մահվան դատապարտեց) եւ Լախդար Բեն Տոբբալ (պարտիզանական ջոկատներից մեկի առաջնորդը, ով հետագայում ֆրանսիացիների հետ բանակցեց Էվիանում):

Այնուհետեւ հայտնվում է 4-րդ մարզի առաջնորդ Սի Սալահի չարակամ կերպարը, ով համոզված էր (ֆրանսիական հետախուզությունն էր անուղղակիորեն նրան հուշել), որ իր մարդկանցից հարյուրավորներ համագործակցում են ֆրանսիացիների հետ: Նրա անձնական հրամանով մոտ 500 մարդ իր ջոկատից սպանվեց: Բայց ինքըՙ Սի Սալահը, վախենալով, որ ԱԱՃ-ի ռազմական թեւը կարող է պարտվել ֆրանսիացիներից, գաղտնի բանակցությունների մեջ մտավ դը Գոլի հետ եւ հետագայում սպանվեց, ֆրանսիացիների կողմից, բայց, ամենայն հավանականությամբ, իր իսկ պատկանած ԱԱՃ-ի անդամների կողմից:

Ֆրանսիացի հետաքննող-լրագրող Փիեռ Դոմը, խոսելով «ալժիրցի պատմաբանների ծայրահեղ երկչոտության» մասին, նշել է, թե ինչպես մի ալժիրցի հրատարակիչ խոստովանել է, որ խիզախություն չունի տպագրելու մի գիրք ԱԱՃ-ի «զտումների» վերաբերյալ:

«Մի մարդ եկավ 2005 թվին ինձ մոտ եւ իր գրությունը ներկայացրեց: Ես մերժեցի, որովհետեւ լի էր «այսինչը սպանեց այնինչին» տիպի արտահայտություններով: Պատկերացրեք «նահատակներից» մեկի երեխաների վիճակը, երբ հայտնաբերեն, որ իրենց հայրը ոչ թե ֆրանսիացիների, այլ ալժիրցիների գնդակներից է մահացել», ասել է Դոմը:

Ալժիրցի պատմաբանները չեն համարձակվում պատմել նաեւ ավելի ուշ շրջանիՙ 1990-ականների պատերազմի մասին (կառավարության եւ իսլամիստների միջեւ, որի ընթացքում 250 հազար մարդ զոհվեց, հարյուր հազարով ավելի, քան այսօրվա Սիրիայում):

Պատմաբանների փոխարեն ալժիրցի վիպասաններն են երբեմն գեղարվեստական պատումներով հնչեցնում այդ ահավոր հակամարտության ճշմարտությունները: Նման մի իրական դեպքի մասին կարդում ենք հետեւյալը վեպերից մեկում. պարզվում է, որ ալժիրցի բանակայինը իսլամիստների կողմն անցնելով դավաճանել է իր ընկերներին: Նրա կնոջն ու երեխաներին ինչ-որ մի առիթով կանչում են գյուղից եւ ուղղաթիռով փոխադրում ամայի մի բլրաշատ վայր, որտեղ ձերբակալված բանակայինը կալանքի տակ է պահվում: Այնտեղ, իր ընտանիքի անդամների աչքի առաջ նրա վրա բենզին լցնելով ողջ-ողջ այրում են:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #202, 21-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ