RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#200, 2013-11-19 > #201, 2013-11-20 > #202, 2013-11-21 > #203, 2013-11-22 > #204, 2013-11-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #202, 21-11-2013



Մարզական

Տեղադրվել է` 2013-11-20 21:42:44 (GMT +04:00)


Ընթերցված է` 776, Տպվել է` 21, Ուղարկվել է էլ.փոստով` 10

ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄ. «ՇՏԻԳԼԻՑԻ ՀԵՏ ՄԵՆԱՄԱՐՏԸ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆՆ Է ԻՄ ԿՅԱՆՔՈՒՄ»

Հերթական անգամ Հայաստան է ժամանել 2-րդ միջինքաշային կարգում WBO-ի վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը, որը երեկ «Ուրբաթ» ակումբում հանդիպեց լրագրողներին:

Անվանի բռնցքամարտիկը տեղեկացրեց, որ Երեւան է ժամանել հանգստանալու եւ միջոցառումներին մասնակցելու նպատակով: Նախորդ օրը նա մասնակցել է Մասիսում իրենց կառուցած եկեղեցու շրջակայքում իրականացված ծառատունկին, իսկ այսօր Չարբախի թիվ 99 հանրակրթական դպրոցում, որտեղ սովորել է Արթուրը, տեղի է ունենալու նրա հովանավորությամբ վերանորոգված մարզադահլիճի բացման արարողությունը: Ի դեպ, դպրոցի տնօրինությունը հաճելի անակնկալ է պատրաստել Արթուր համարՙ մարզադահլիճում բացելով Աբրահամի անունը կրող անկյուն:

Խոսելով իր վերջին մենամարտի մասին, Արթուրը նշեց, որ հոկտեմբերի 26-ին Ջովանի դե Կարոլիսի հետ մրցամարտը Ռոբերտ Շտիգլիցի հետ կայանալիք մենամարտի նախապատրաստական փուլերից մեկն էր: Ըստ Արթուրի, ողջ մենամարտի ժամանակ մրցակիցը փորձում էր խուսափել նոկաուտից եւ ռինգով մեկ վազում էր: Արթուրի համար կարեւորը արդյունքն էր: Հաղթանակը նրան վստահություն է ներշնչել:

Ռոբերտ Շտիգլիցի հետ 3-րդ մենամարտը նշանակված է 2014-ի փետրվարի 1-ին Գերմանիայում: Առայժմ քաղաքը հայտնի չէ: Արթուրն այն համարում է իր կյանքի ամենակարեւոր մենամարտը, քանի որ յուրաքանչյուր բռնցքամարտիկ էլ երազում է նվաճել WBO-ի վարկածով աշխարհի չեմպիոնի գոտին: Արթուրը մարտականորեն է տրամադրված եւ մտադիր է ռինգում «ոչնչացնել» մրցակցին: Նա իր առջեւ խնդիր է դրել անպայման վերադարձնել WBO-ի վարկածով չեմպիոնական գոտին, որպեսզի գիշերները հանգիստ քնի: Արթուրը մտադիր է մինչեւ 35 տարեկանը շարունակել ելույթները պրոֆեսիոնալ ռինգում, որից հետո կմտածի հետագա անելիքների մասին:

Ինչ վերաբերում է անձնական կյանքին, ապա շուտով փոփոխություն կլինի: Արթուրի ընտրյալը հայուհի է: Մոտակա օրերին Աբրահամն այդ մասին պաշտոնապես կհայտարարի:

Աբրահամը չցանկացավ մեկնաբանել Վախթանգ Դարչինյանիՙ վերջերս Նոնիտո Դոներից նոկաուտով կրած պարտությունը, նշելով, որ մենամարտը վերլուծելու եւ հետեւություններ անելու իրավունքը բռնցքամարտիկինն ու նրա մարզչինն են: Նա միայն նշեց, որ սպորտում հաղթանակների կողքին լինում են նաեւ պարտություններ:

Արթուր Աբրահամը նաեւ ֆուտբոլի մեծ սիրահար է: Նա տեղեկացրեց, որ մինչեւ Հենրիխ Մխիթարյանի «Բորուսիա» տեղափոխվելն էր երկրպագում այդ թիմին, իսկ այժմ ավելի է համակրում Դորտմունդի ակումբին: Արթուրը փորձում է բաց չթողնել Հենրիխի մասնակցությամբ հանդիպումները, սակայն միմյանց հետ հանդիպելը մի փոքր դժվար է, քանի որ միմյանցից 700 կմ հեռավորության վրա են բնակվում: Ուստի Հենրիխի հետ միայն հեռախոսով է առայժմ շփվում:

Հայտնի է, որ Արթուրը մեքենաների մեծ սիրահար է եւ գովազդային պայմանագիր ունի BMW ավտոընկերության հետ: Արթուրը նշեց, որ շատ չի սիրում մեքենաներ գովազդել: Նա «Ֆերարի», BMW, «Մերսեդես» մակնիշի մեքենաներ ունի, որոնք Գերմանիայում մեծ արագությամբ է վարում, քանի որ թույլատրվում է: Նույնիսկ արագության անձնական ռեկորդ է սահմանելՙ երթեւեկելով 320 կմ/ժ արագությամբ:

Աբրահամը թեեւ հետաքրքրվում է քաղաքականությամբ եւ այդ մասին կարդում է համացանցում, սակայն ցանկություն չունի խառնվելու դրան: Արթուրը մարզիկ է եւ իր կյանքը կապված է մարզաշխարհի հետ: Արթուրը ցանկություն հայտնեց, որպեսզի Հայաստանը դառնա աշխարհի ամենալավ երկիրը: Նրա համար հայերն ամենալավն են իրենց մշակույթով, հյուրասիրությամբ եւ շատ այլ առումներով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #202, 21-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ