RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#201, 2013-11-20 > #202, 2013-11-21 > #203, 2013-11-22 > #204, 2013-11-23 > #205, 2013-11-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #203, 22-11-2013



Տեղադրվել է` 2013-11-21 23:23:15 (GMT +04:00)


Ընթերցված է` 2158, Տպվել է` 31, Ուղարկվել է էլ.փոստով` 23

ՊԱՐՏԱԴԻՐ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ` ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՓԱՍՏԱՐԿՆԵՐ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Ի՞նչ են պահանջում կենսաթոշակային նոր համակարգի եւ մասնավորապես նրա հիմնական` պարտադիր կուտակային բաղադրիչի դեմ բողոքողները: Նրանց դժգոհության հիմնական պատճառը իրենց աշխատավարձից իրենց իսկ ապագա կենսաթոշակի համար պահվող 5 տոկոսն է, ինչը նրանք համարում են որպես իրենց եկամտի կրճատում այդ չափով: Տրամաբանությունը մոտավորապես սա է. «Ի՞նչ իմանանքՙ 20-30 տարի հետո ինչ կլինի, թողեք իմ աշխատավարձն ամբողջությամբ ինձ»: Ընդ որում, կուտակային համակարգի դեմ բողոքողներն այնքան էլ չեն ցանկանում լսել, որ կառավարությունն իր կողմից հատկացնում է նույն չափի գումար մինչեւ 500 հազար աշխատավարձերի դեպքում, ինչի արդյունքում այդ մարդկանց ընդհանուր եկամտի 10 տոկոսի չափով, ամեն ամիս գումար է հավաքվում նրանց ապագա կենսաթոշակի համար: Այստեղ ճշգրտենք` 500 հազար դրամից ավելի աշխատավարձ ստացողների դեպքում պետության համաֆինանսավորումը չի գերազանցում 25 հազար դրամը:

Անդրադառնանք եկող տարվա հունվարից սկսած նոր համակարգում ընդգրկվող մինչեւ 40 տարեկան անձանց դժգոհող մասի հիմնական պահանջին` չենք ցանկանում տալ մեր եկամտի 5 տոկոսը:

Առաջին եւ հիմնական հակափաստարկը սրան այն է, որ այդ գումարը նրանք ոչ մեկին էլ չեն տալիս: Կրկին շեշտենք` դա մնում է իրենց սեփականությունը` ժառանգման իրավունքով: Այդ կուտակային գումարները չեն մտնում պետական բյուջե, դրանք ակտիվների կառավարիչների կողմից ներդրվում են տարբեր արժեթղթերում, բաժնետոմսերում, պարտատոմսերում, ավանդներում եւ երկարաժամկետ շրջանառության արդյունքում ավելանում են` դառնալով մարդու եկամուտներին հնարավորինս մոտ կենսաթոշակ: Կառավարիչները գտնվելու են ԿԲ խիստ վերահսկողության տակ, որոնց հնարավոր է փոխել ցանկության դեպում:

Առաջին հայացքից թվում է, որ իսկապես` բողոքողները ներկան են ավելի կարեւորում, քան հեռավոր թվացող կենսաթոշակային տարիքը, մտածելով մինչ այդՙ «ով մեռած, ով ողջ»: Սակայն, մյուս կողմից, երբ գա այդ կենսաթոշակային 63 տարեկանը, որը հիմա թվում է հեռավոր, բայց երբեւէ գալու է, եւ այն ժամանակ նրանք ստանան իրենց ներկայիս աշխատավարձի համեմատ էապես ցածր կենսաթոշակ, չե՞ն ասի «էս ի՞նչ պետություն է, ի՞նչ թոշակ է տալիս»: Կասեն անշուշտ, ինչպես ասում են մեր տարեցները հիմա: Սակայն, ի տարբերություն մեր տարեցների, որոնց հնարավորություն չէր ընձեռնվել կուտակելու ապահով ծերության համար, եւ որոնք բարոյական իրավունք ունեն դժգոհել ներկայիս թոշակների չափից, նույն իրավունքը այն ժամանակվա կենսաթոշակառուները չեն ունենա: Չեն ունենա, բայց հաստատ կդժգոհեն, մոռանալով, որ ժամանակին դեմ էին իրենց ապագա բարձր կենսաթոշակը ձեւավորելու հնարավորությանը: Կմոռանան նաեւ, որ բարձր կեսնաթոշակ ունենալուն հավասարապես օգնում է պետությունը: Սա երկրորդ կարեւոր փաստարկն է նոր համակարգից բողոքողների դեմ:

2014-ի պետական բյուջեում շուրջ 20 մլրդ դրամ է հատկացվել պարտադիր կենսաթոշակային համակարգի մեջ մտնողների ապագա կենսաթոշակներին պետության կողմից 5 տոկոսների տրամադրման, այսինքն` համաֆինանսավորման համար: Փաստորեն, այդքան գումար չի տրամադրվելու ներկայիս կեսնաթոշակառուներին, նպաստառուներին, ռազմական կամ առողջապահական ծախսերին, սոցիալական նպատակային ծրագրերին, աշխատավարձերին, այլ տրամադրվելու է մինչեւ 40 տարեկան անձանց բարեկեցիկ ծերությանը, իսկ վերջիններս էլ դժգոհում են: Այլ բան, եթե բողոքեին նրանք, ում այդ գումարը ուղղվելու փոխարեն` ուղղվում է ներկայումս բարձր աշխատավարձ, ապագայում` բարձր կենսաթոշակ ստացողներին:

Երրորդ հակափաստարակն այն է, որ պետությունը, անկախ նրանից, թե այս պահին ո՞ր ուժը կամ ովքե՞ր են կառավարում, պարտավոր է մտահոգվել ոչ միայն այսօրվա իրավիճակի, այլեւ ապագայի համար: Ներկայիս կառավարության համար ստանձնել պատասխանատվություն նման բարեփոխում անցկացնելու, որի արդյունքները երեւալու են առնվազն 23 տարի հետո, երբ բոլորովին այլ կառավարություն է լինելու, ինչ-որ տեղ ռիսկային է: Ի վերջո, կարող էր ներկայիս կառավարությունը թողնել սա հաջորդ կառավարությանը, նա էլՙ հաջորդին եւ այդպես շարունակ: Սակայն բանն էլ հենց այն է, որ այդպես չի կարող անվերջ շարունակվել:

Կենսաթոշակային ներկայիս համակարգը, երբ մենք վճարում ենք մեր ծերերի կենսաթոշակի համար, եւ որը շարունակում է մնալ ցածր, պարզապես դատապարտված է: Եվ որքան շուտ քայլեր արվեն փոխելու ուղղությամբ, այնքան ավելի արագ պետության եւ մեր բոլորիս վրա ֆինանսական բեռի ծանրացումից հնարավոր կլինի հեռանալ: Եթե շարունակվի այս համակարգը, ապա տարեցտարի ավելի ու ավելի շատ գումարներ եկամտային հարկից պետք է ուղղվեն կենսաթոշակների վճարման համար, քանի որ աշխատողների համեմատ մեր երկրում ավելանում են կենսաթոշակառուների թիվը եւ նրանց վճավող կենսաթոշակնեը: Այսինքն, ունենում ենք մի իրավիճակ, երբ մի կողմից ֆինանսական բեռը ծանրանում է աշխատող բնակչության վրա, մյուս կողմից էլ` անգամ այդ գնով չենք ունենում արժանապատիվ կենսաթոշակներ: Այս իրավիճակում ոչ մի կերպ արդար չի կարելի համարել այն մարդկանց դժգոհությունը, որոնց պետությունը պարտադրում է այսօր ձեւավորել սեփական կենսաթոշակը, մյուսների հաշվին իր կողմից գումար է տրամադրում, չեզոքացնում վաղվա ֆինանսական բեռի ծանրացումը մեր բոլորիս վրա, նպաստում, որպեսզի ապագայում մարդիկ ունենան բարձր կենսաթոշակ եւ չհայտնվեն այսօրվա կենսաթոշակառուների վիճակին:

Վերադառնալով «ի՞նչ իմանաս 20 կամ 30 տարի հետո ինչ կլինի» հարցին, ապա այդ տրամաբանությամբ ընդհանրապես ոչինչ ձեռնարկել պետք չէ, քանի որ իսկապես մեզ տրված չէ կանխատեսել ապագան: Սակայն, տվյալ դեպքում, պայծառատեսութան խնդիր չկա էլ, քանի որ կենսաթոշակային համակարգի բարեփոխումների սկսել են մշակվել ավելի քան 10 տարի առաջ, դրանք շատ մանրամասն են քննարկվել, ուսումնասիրվել համաշխարհային փորձը, կատարվել երկարաժամկետ հաշվարկներ: Ընդ որում, մասնագետները պնդմամբ, որեւէ երկրի մոդել նույնությամբ չի վերցվել, հաշվի են առնվել տարիների ընթացում արդեն նկատված խնդիրները: Ուստի համակարգի ներդրման կամ դրա մի բաղադրիչի կասեցումը եւս մեկ տարով պարզապես իմաստ չունի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #203, 22-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ