RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#201, 2013-11-20 > #202, 2013-11-21 > #203, 2013-11-22 > #204, 2013-11-23 > #205, 2013-11-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #203, 22-11-2013



Տեղադրվել է` 2013-11-21 23:23:16 (GMT +04:00)


Ընթերցված է` 1515, Տպվել է` 19, Ուղարկվել է էլ.փոստով` 11

ՈՐՏԵ՞Ղ ԷՐ ԼՈՒԿԱՇԵՆԿՈՆ ԲԱՔՎՈՒՄ

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Նոյեմբերի 20-ի օրվա երկրորդ կեսին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հասել է Բաքու: Տպավորություն է ստեղծվում, թե նա օդանավակայանից անմիջապես ուղեւորվել է Ալիեւների ընտանեկան գերեզմանոց: Համենայն դեպս, ըստ պաշտոնական հաղորդագրության, Բելառուսի նախագահը նույն օրը «ծաղկեպսակ է դրել» եւ Հեյդար Ալիեւի, եւ Զարիֆա Ալիեւայի (Իլհամ Ալիեւի մոր), եւ Ազիզ Ալիեւի (Իլհամ Ալիեւի մորական պապի) շիրիմներին: Ընդ որում, հիշատակման այդ բոլոր այցելություններին նա մենակ էր, ինչը չափազանց տարօրինակ է:

Բելառուսական լրատվամիջոցները փորձել են պարզել, թե որտե՞ղ է Բաքվում իջեւանել իրենց երկրի նախագահը: Բաքվի եւ ոչ մի առաջնակարգ հյուրանոց չի հաստատել, որ Լուկաշենկոն իրենց կենվորն է, ինչից ադրբեջանական մամուլը եզրակացրել է, որ Իլհամ Ալիեւը Բելառուսի նախագահին «հյուրընկալել է սեփական հարկի տակ»:

Մինչ այդ Լուկաշենկոն Բաքվում երկու անգամ է եղել եւ «հյուրանոցում չի ապրել, եղել է նախագահական ընտանիքի մտերիմ հյուրը»,- բազմանշանակ գրել է «Թուրան» գործակալությունը` հավանաբար ակնարկելով մի քանի տարի առաջ իտալական մամուլում տարածված ասեկոսեն, որ «Բելառուսի նախագահ Լուկաշենկոն սիրավեպ ունի Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիեւայի հետ»:

Նոյեմբերի 20-ի ուշ երեկոյան Իլհամ Ալիեւը եւ Ալեքսանդր Լուկաշենկոն ներկա են գտնվել Բաքվում Բելառուսի դեսպանության շենքի բացման արարողությանը: Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը որեւէ այլ մանրամասնություն չի փոխանցել: Երեկ առավոտյան, սակայն, ադրբեջանական լրատվամիջոցները, նկատի ունենալով, որ Բաքվում երթեեւկությունը խճողվել է Բիբիհեյբաթ ավանից դեպի քաղաքի կենտրոն տանող ճանապարհին, ենթադրություն արեցին, թե «Լուկաշենկոն, ըստ երեւույթին, գիշերն անցկացրել է Ադրբեջանի նախագահի մերձքաղաքային նստավայրում, այլ ոչ թե նրա անձնական հարկի տակ»:

Այս ամենը կարող էր թողնել կենցաղային բամբասախոսության տպավորություն, եթե աչքի չզարներ, որ երեկ մինչեւ ժամը 15-ը ադրբեջանական մամուլը ոչ մի կերպ չէր մեկնաբանում Բելառուսի նախագահի Բաքու կատարած անսպասելի այցը: Կարելի էր տպավորություն ունենալ, թե Բաքվում Բելառուսի դեսպանատան բացմանը մասնակցելուց հետո գիշերը Լուկաշենկոն թռել է Մինսկ:

Մինչդեռ երեկ օրվա երկրորդ կեսին Բաքվի լրատվամիջոցները «կեսբերան» հաղորդեցին, որ կայացել է նախագահների ոչ միայն դեմ առ դեմ, այլեւ պատվիրակությունների հետ հանդիպում: Տեղեկացվել է նաեւ, որ «հանդիպման ավարտին նախագահները հանդես են եկել ճառով», բայց թե ինչ են ասել` չի հրապարակվել: Հայտնի է դարձել միայն, որ հանդիպումների ընթացքում ընդգծվել է «երկկողմ հարաբերությունների դինամիկան, վստահություն է հայտնվել, որ Բելառուսի նախագահի այցը կծառայի դրանց հետագա զարգացմանը»:

Ոչինչ արտառոց, ինչպես տեսնում ենք, տեղի չի ունեցել: Այդուհանդերձ, ուշադրություն է հայցում այն, որ Բելառուսի նախագահի Բաքվում գտնվելու ժամերին Միացյալ Նահանգներում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը հանդես է եկել Եվրոմիության հետ իր երկրի հարաբերությունների հեռանկարի մասին խիստ ուշագրավ հայտարարությամբ:

Ըստ Սուլեյմանովիՙ Եվրոմիության հետ Ադրբեջանի հարաբերություններում առկա են «չճշգրտված հարցեր»: Դրանց շարքում ադրբեջանցի դիվանագետը հատուկ ընդգծել է «Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցում ԵՄ դիրքորոշումը»: Ասվածը կարելի է հասկանալ այն իմաստով, որ ԵՄ Արեւելյան գործընկերության Վիլնյուսի գագաթաժողովի նախօրերին պաշտոնական Բաքուն «խռովածի» տեսք է ընդունում` պատճառ բերելով Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» հարցում Բրյուսելի վերաբերմունքը «ճշգրտելու անհրաժեշտությունը»: Ավելի վաղ Իլհամ Ալիեւի աշխատակազմից ծանուցվել էր, որ Վիլնյուսի գագաթաժողովին «մասնակցության ձեւաչափը քննարկվում է»:

Երբ անցյալ օգոստոսին Բաքվում էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հետեւեց տեղեկատվություն, թե «նախագահների դեմ առ դեմ բանակցությունները տեւել են ոչ պակաս, քան 7 ժամ»: Ընդսմին, Իլհամ Ալիեւը ՌԴ նախագահին ընդունել էր նաեւ սեփական հարկի տակ` թեյասեղանի շուրջը:

Բաքվում Բելառուսի նախագահի նախանցյալ օրվա եւ երեկվա «չարաճճիությունները» հնարավո՞ր է դիտարկել Եվրոմիությունից Ադրբեջանի «նեղսրտվածության» համատեքստում: Մանավանդ որ, դատելով տեղեկատվությունից, Ալեքսանդր Լուկաշենկոն Ադրբեջան է ուղեւորվել առանց մշտական ուղեկցի` Կոլյա որդու ընկերակցության:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #203, 22-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ