RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#202, 2013-11-21 > #203, 2013-11-22 > #204, 2013-11-23 > #205, 2013-11-26 > #206, 2013-11-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #204, 23-11-2013



Տեղադրվել է` 2013-11-22 23:28:01 (GMT +04:00)


Ընթերցված է` 1134, Տպվել է` 16, Ուղարկվել է էլ.փոստով` 12

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԳՆՈՒՄ Է ՎԻԼՆՅՈՒՍ, ԻՍԿ ԹԵ ԻՆՉ ՈՒ ՈՆՑ` ԴԵՌ ԿԱՍԵՆ

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրել է, թե նոյեմբերի 28-29-ին Վիլնյուսում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթաժողովին Հայաստանի մասնակցության հարցը որոշված է:

ԱԳՆ հաղորդագրության համաձայնՙ նախարարից հետաքրքրվել են, թե արդյոք Հայաստանը մասնակցելո՞ւ է Վիլնյուսի գագաթաժողովին եւ արդյոք հայտնի՞ է Հայաստանի պատվիրակության կազմը: Նալբանդյանն արձագանքել է, թե բոլոր մանրամասները պատշաճ ժամկետներում եւ պատշաճ կարգով կհայտնվեն: «Որոշված է, բայց կհայտնվի համապատասխան ժամկետներում». ավելին չի հաղորդել Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը:

Իսկ թե ի՞նչ է սպասվում, ի՞նչ պետք է կնքի Հայաստանը` նախարարն, ի պատասխան, միայն կրկնել է, թե ինչ որ լինելու է, «կիմանաք պատշաճ ժամկետներում եւ կարգով», չճշգրտելով նաեւ, թե ով է գլխավորելու Վիլնյուս մեկնող պատվիրակությունը:

Հայաստանի մտադրությունների վրա Ուկրաինայի հրաժարման հնարավոր ազդեցության առնչությամբ հարցին էլ Էդվարդ Նալբանդյանը պատասխանել է. «Ամեն երկիր ինքն է որոշում, թե ինչպես է զարգացնում հարաբերությունները հարեւան երկրների հետ, տարբեր տարածաշրջանային կառույցների հետ: Ինչ վերաբերում է մեր հարաբերություններին Եվրոմիության հետ, մենք բազմիցս արտահայտվել ենք: Հայաստանը ցանկանում է շարունակել համագործակցությունը Եվրոմիության հետ բոլոր հնարավոր ուղղություններով»:

Այս մասին, ըստ Նալբանդյանի, ասվել էր նաեւ այն մամլո հաղորդագրության մեջ, որը հրապարակվել էր Բրյուսելում Քեթրին Էշթոնի հետ հանդիպումից հետո: «Իսկ Քեթրին Էշթոնն իր կողմից հայտարարել էր, որ Եվրոպական միությունը ցանկանում է շարունակել համակողմանի փոխգործակցության զարգացումը Հայաստանի հետ բոլոր ուղղություններով, որոնք համատեղելի կլինեն Մաքսային միությանը անդամակցելու Հայաստանի որոշման հետ: Դրան հավելելու բան այս պահին չկա», ներկայացրել է Հայաստանի արտգործնախարարը:

Եվրոմիության հետ զարգացման հեռանկարների առումով էլ նախարարը լավ հեռանկարներ է տեսնում, դրական, համագործակցությունն էլ` շարունակելի:

Հարցը, թե հնարավո՞ր է, որ Ուկրաինայի հրաժարվելուց հետո Արեւելյան գործընկերության շեշտադրումը Եվրոմիության կողմից ավելի թուլանա, եւ որի մեջ է հենց Հայաստանը, այսինքնՙ Եվրոմիության հայացքը թեքվի այլ ուղղությամբ, Նալբանդյանը վերահասցեագրել է ԵՄ-ին, թե այդ հարցը պետք է ուղղել Եվրոմիությանը: Վ. Պ.

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #204, 23-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ