RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#202, 2013-11-21 > #203, 2013-11-22 > #204, 2013-11-23 > #205, 2013-11-26 > #206, 2013-11-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #204, 23-11-2013



Անցուդարձ

Տեղադրվել է` 2013-11-22 23:28:01 (GMT +04:00)


Ընթերցված է` 980, Տպվել է` 25, Ուղարկվել է էլ.փոստով` 11

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ. «ՈՉ ՄԻ ՈՐՈՇՈՒՄ ԳՅՈՒՄՐԵՑՈՒ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԿԱՐԾԻՔԻՆ ՀԱԿԱՌԱԿ ՉԻ ԿԱՅԱՑՎԻ»

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

Հանդիպումը նվիրված էր Գյումրիում արվեստների ակադեմիայի ստեղծման խնդրին

Ինչպես Վանաձորի բուհերի պարագայում էր, այնպես էլ Գյումրիում արվեստի մայրաքաղաքային երեք բուհերիՙ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի, գեղարվեստի պետական ակադեմիայի, թատրոնի եւ կինոյի ինստիտուտի տեղի մասնաճյուղերի միավորմամբ արվեստների ինքնուրույն պետական ակադեմիա ստեղծելու կառավարության ծրագրի նախագիծը տարբեր մտավախությունների եւ կրքերի տեղիք է տվել այդ մասնաճյուղերի դասախոսների, ուսանողության ու ծնողների շրջանում: Այս կապակցությամբ նոյեմբերի 22-ին նրանց հետ հանդիպման էր եկել ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նշված հաստատությունները գործում են նույն շենքում, որի լեփ-լեցուն դահլիճում էլ հանդիպումը տեղի ունեցավ:

«Ես չեմ եկել, որ ձեզ ինչ-որ բան համոզեմ, առավել եւսՙ պարտադրեմ: Ես եկել եմ ձեզ մոտ ավելի շատՙ լսելու,- հանդիպման սկզբում նշեց նախարարը:- Մենք ունենք առաջարկություն. մենք կարծում ենք, որ Գյումրիում գործող բարձրագույն ուսումնական հաստատությունները խոշորացման շնորհիվ կկարողանան դառնալ Գյումրու մշակութային, տնտեսական, հասարակական կյանքում, սոցիալական կյանքում կարեւոր, լուրջ, խոշոր, Գյումրու սեփական հաստատություններ եւ մեզ համարՙ կառավարության համար ավելի հեշտ կլինի կատարել ներդրումներ, զարգացնել շենքային պայմանները, բազան, պետպատվերն ավելացնելՙ կոնկրետ ունենալով խոշոր բուհ գործընկեր»: Նախարարի կարծիքով Գյումրու հեռանկարի առումով կարեւոր այս գաղափարի իրագործման միայն մեկնարկային ծախսը, իր տեղեկացմամբ, հաշվարկվում է 80-100 մլն դրամ:

Ա. Աշոտյանն ավելացրեց, որ կա նաեւ գաղափարՙ ստեղծելու Գյումրու պետական համալսարան, սակայն սաՙ ապագայում: Հիշատակելով արվեստի բուհերի ներկա խնդրի հետ կապված իրեն հայտնի մտահոգությունները, նախարարը նշեց նախ այն, թե միավորելով երեք մասնաճյուղերը մեկ առանձին արվեստի ակադեմիայի հարկի ներքո, կա վտանգ, որ երեք մասնաճյուղերն էլ կկորցնեն իրենց օրգանական, տարիներով մշակած, կուտակած կապը, հարաբերությունները արվեստի երեւանյան մայր բուհերի հետ: Հաջորդը աշխատողների մտահոգություններն էինՙ կապված բուհական միավորների վարչական կառուցվածքի կատարվելիք փոփոխությունների, մարդկանց հնարավոր կրճատումների հետ, ուսանողների մտահոգությունը, թե նախկինում իրենք ստանում էին երեւանյան մայր բուհերի դիպլոմներ, իսկ ապագայում ստացվելիք դիպլոմները չգիտես ճանաչման որքան ուժ կունենան... Դրանք մարդկայնորեն հասկանալի համարելով, ԿԳ նախարարը լսեց խնդրո առարկայի մասին բուհական երեք մասնաճյուղերի մեկական դասախոսի, մեկ ուսանողի ու մեկ ծնողի խոսքը:

Դահլիճի ընդհանուր տրամադրվածությունը թերեւս արտահայտում էին միավորմանը հավանություն չտվող պաստառները, արտահայտվող կարծիքներին դահլիճում ներկա հատկապես ուսանողների համախումբ արձագանքները: Ելույթ ունեցողներից միայն պետական երաժշտանոցի մասնաճյուղի դասախոսը երեք մասնաճյուղերի միավորմանը կողմ կարծիք արտահայտեց, խնդրի շուրջը ստեղծված լարվածությունը ինչ-որ չափով նաեւ արհեստական համարելով, ինչին դահլիճն անբավականության բացականչությամբ արձագանքեց: Մյուս կարծիքները բացասական էին կամ հանգում էին այն մտքին, որ միավորման նման մի խնդիրը երկար եւ լուրջ քննարկման խնդիր է եւ չպետք է շտապել: Այս վերջինին նախարարը եւս համաձայնեց:

«Ես ձեզ խոստանում եմ,- ծավալված բավական անկեղծ թվացող խոսակցության վերջում ասաց Արմեն Աշոտյանը,- ոչ մի որոշում հակառակ գյումրեցու հավաքական կարծիքի չի կայացվի... Գյումրեցին ինքը, ունենալով հազարավոր փայլուն, հայտնի եւ անհայտ արվեստագետներ, գուցե ավելի լավ կիմանա, թե արվեստ հասկացությունն իր քաղաքում ինչպես է ուզում զարգացնել եւ ինչպիսի կրթական համակարգ է դրա համար պատկերացնում»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #204, 23-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ