RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#202, 2013-11-21 > #203, 2013-11-22 > #204, 2013-11-23 > #205, 2013-11-26 > #206, 2013-11-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #204, 23-11-2013



Ընթացիկ

Տեղադրվել է` 2013-11-22 23:28:01 (GMT +04:00)


Ընթերցված է` 1290, Տպվել է` 22, Ուղարկվել է էլ.փոստով` 13

284 ԿԻԼՈԳՐԱՄ ԾԱՆՐԱՁՈՂ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Չնայած Հայաստանի հանրապետական կուսակցությունը եւս հայ ժողովուրդ է, բայց հայ ժողովուրդն ամենեւին էլ Հայաստանի հանրապետական կուսակցություն չէ: Տարբերությունները շատ են, օրինակ, յուրաքանչյուր հանրապետականի համար երկրի նախագահը Սերժ Սարգսյանն է, ով վայելում է ժողովրդի մեծամասնության վստահության քվեն, այնինչ Հայաստանի ոչ բոլոր քաղաքացիների կարծիքով է այսպես: Կամՙ յուրաքանչյուր հանրապետական անվերապահորեն համաձայն է Սերժ Սարգսյանի որոշումներին, այն պարագայում, երբ Հայաստանի ամենեւին էլ ոչ բոլոր քաղաքացիներն են համաձայն նախագահի որոշումներին եւ հայտարարություններին: Օրինակՙ երբ Սերժ Սարգսյանը վերջերս հայտարարել էր, թե «Մեր երկրի ամենամեծ պրոբլեմը գաղջ մթնոլորտն է», ամեն մի ՀՀԿ-ական, անշուշտ, համաձայնեց նախագահի հետ, առանց, իհարկե, նշելու, թե ովքե՞ր են ձեւավորում այդ գաղջ մթնոլորտը կամ ինչպե՞ս պետք է ձերբազատվել այդ մթնոլորտից: Բայց Հայաստանի շատ քաղաքացիների կարծիքովՙ Հայաստանի ամենամեծ խնդիրն ամենեւին էլ գաղջ մթնոլորտը չէ, արտագաղթն էլ չէ, հաճախ անտրամաբանական գնաճն ու սոցիալական տխուր պայմաններն էլ չեն, ըստ պաշտոնական թվերի` բնակչության շուրջ կեսի աղքատությունն ու դրա ծայրահեղ դրսեւորումներն էլ չեն: Երկրի ամենամեծ խնդիրն անգամ տրանսպորտի գների հնարավոր թանկացումը չէ, մշտապես «հեղափոխության» դրդող հետո լռող կամ հոգեբուժարանում հայտնվող «առաջնորդներն» էլ չեն, ոչ էլ անգամ եկող տարվանից շրջանառության մեջ մտնող պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը կամ մականունավորների Ազգային ժողովը:

Հայաստանի ամենամեծ խնդիրը ծանրամարտիկին չվստահելու մեջ է: Խոսքն ամենեւին էլ մեր օլիմպիական հավաքականի ծանրամարտիկների մասին չէ, այլ մի հոգու, որը ներկայացել է որպես ծանրամարտիկ եւ հայտարարում է, թե պատրաստ է բարձրացնել, ասենք, 284 կգ ծանրությամբ ծանրաձողը: Հայաստանի քաղաքացիները նրան դեռ երբեք ծանրաձող բարձրացնելիս չեն տեսել, որպեսզի հավատան, թե կարող է, ավելին, ՀՀ քաղաքացիները չգիտեին, որ նա ծանրամարտիկ է: Հետեւաբար իրավունք ունեն նրան չհավատալու, որովհետեւ ծանրամարտիկը նա չէ, որը հայտարարում է այդ մասին, այլ նա է, ով բարձրացնում է ծանրաձողեր: Հայաստանի քաղաքացին չի հավատում... նա առհասարակ չի հավատում, գուցե հենց այս պատճառով էլ հավատում է ամեն ինչի, օրինակՙ Եհովային, բացի նրանից ու այն արժեքներից, ում եւ որոնց պետք է իրականում հավատա: Հնարավոր է, որ մայրաքաղաքի տրանսպորտի աղետալի իրավիճակն իրապես լավանա, եթե տրանսպորտի գինը սահմանվի 150 դրամ, հնարավոր է, որ պարտադիր կենսաթոշակային համակարգի շահագործմամբ մի օրվանից աշխարհի ամենաապահով ծերունիները Հայաստանի քաղաքացիները կոչվեն, որոնք նաեւ կլինեն աշխարհի ամենաակտիվ զբոսաշրջիկները: Հնարավոր է, որ աշխարհում Արցախի շուրջը ձեւավորված տրամադրությունները բավականաչափ հայանպաստ են, որ պատերազմ երբեք չի լինելու, որ Սերժ Սարգսյանն իրապես ունի ժողովրդի մեծամասնության քվեն, որ Մաքսային, այնուհետեւ Եվրասիական միությունում մեզ սպասում են գրկաբաց ու մեզ համար արդեն իսկ նախապատրաստել են փափուկ եւ ապահով մի բարձ: Բայց խնդիրն այն է, որ Հայաստանի քաղաքացին ոչ թե չի ցանկանում, որ հենց այսպես լինի, այլ չի հավատում, որ հենց այսպես է:

Իսկ հավատալու համար պետք է ծանրամարտիկը գոնե մեկ անգամ եւ հրապարակային բարձրացնի ծանրաձողը, թեկուզ չլինի 284 կգ, այլ ավելի թեթեւ: Օրինակՙ մի քանի տարի առաջ Հայաստանի քաղաքացին չէր հավատում, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականում իրոք ֆուտբոլիստներ էին հավաքված, որոնք կարող են հաղթել, ինչպես ասում էին իրենք: Այսօր ՀՀ հավաքականի ֆուտբոլիստներից ոմանք հերոսներ են, որովհետեւ ՀՀ քաղաքացիները նրանց հավատացին, որովհետեւ նրանք սկսեցին ավելի քիչ խոսել եւ ավելի շատ ֆուտբոլ խաղալ, հաղթել:

Ուրեմն մեր երկրի ամենամեծ խնդիրը հավատի բացակայությունն է, մենք չենք հավատում միմյանց, համայնքապետին, ոստիկանին, դատարանին, կրոնավորին, բանկիրին, կառավարությանը, զինվորական հրամանատարին, լրագրողին, բժշկին, խորհրդարանին, խորհրդարանի առջեւ փող մուրացող ծեր կնոջը, նախագահին, անգամ թատրոնի` սերիալում նկարահանվող վաստակավոր արտիստ դերասանին: Չենք հավատում մեր ծանրամարտիկին, որովհետեւ նա չի բարձրացրել ոչ մի կիլոգրամ, դեռ...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #204, 23-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ