RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#202, 2013-11-21 > #203, 2013-11-22 > #204, 2013-11-23 > #205, 2013-11-26 > #206, 2013-11-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #204, 23-11-2013



Տեղադրվել է` 2013-11-22 23:28:01 (GMT +04:00)


Ընթերցված է` 1053, Տպվել է` 23, Ուղարկվել է էլ.փոստով` 15

ՉԱՐԵՆՑԻ ԱՆՎԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՎԵՍՏԻ ԹԱՆԳԱՐԱՆԸ ՆՈՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ Է ՊԱՏՐԱՍՏԵԼ

Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանը այցելուներին նոր ցուցադրությամբ է ներկայանալու: Նոյեմբերի 22-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելեց թանգարան, ծանոթացավ թանգարանի նոր ցուցադրությանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը նշեց, որ այսօր 90-ամյա տարեգրություն ունեցող թանգարանի համար բացառիկ օր է: «Թանգարանի նկատմամբ ցուցաբերված պետական աջակցությունը վերջին տարիներին ավելին է, քան խորհրդային տարիներն միասին վերցրած»,- ընդգծեց Վարդանյանը:

Թանգարանի ցուցադրությունը կազմակերպված է հինգ ցուցասրահներում, որոնցից առաջին 2-ում ներկայացված է հայ գրականությունը, 3-րդում` թատերարվեստը, 4-րդում` կինոարվեստը, 5-րդում` երաժշտարվեստը: Ժամանակային ընդգրկվածությունը կազմում է շուրջ 300 տարի` Սայաթ-Նովայից մինչեւ 20-րդ դարի վերջը:

Թանգարանի տնօրենը նշեց, որ ցուցադրված նյութերը պատմում են ոչ միայն գրականության եւ արվեստի բնագավառների հարյուրավոր երախտավորների, այլեւ հայ իրականության մեջ նշանակալի հետք թողած կրթական, գիտական, մշակութային հաստատությունների, թատերական, երաժշտական, գրական խմբերի, միությունների, նշանավոր պարբերականների խմբագրությունների մասին:

Սրահների գունային ձեւավորումը եւս ինքնանպատակ չէ: Գրականության 2 սրահներում իշխում է թանաքագույնը, իսկ թատրոնի եւ երաժշտարվեստի սրահներումՙ կարմրաշագանակագույնը. վերջինը թատրոններում եւ համերգասրահներում առավել ընդունված գույն է: Թանգարանն ունի հազարից ավելի ֆոնդ ու հավաքածու, որտեղ ընդգրկված է մոտ 1 միլիոն 300 հազար թանգարանային առարկա: Մշակութային այս կառույցն իրականացնում է նաեւ հրատարակչական գործառույթ` լույս ընծայելով հայ գրողների ու արվեստագետների անտիպ գործեր, նամակներ եւ հուշագրություններ:

Հիմնադրման ժամանակվանից ` 1921 թվականից ի վեր թանգարանում կատարվել են միայն մասնակի վերանորոգման աշխատանքներ: Մինչ ներկայիս նոր ցուցադրությունը, տարբեր տարիներին ներկայացվել են երեք հիմնական ցուցադրություններ:

2011-2012 թվականներին ՀՀ քաղաքաշինության նախարարության պատվերով հիմնանորոգվել են թանգարանի եւ նրա մասնաճյուղ Գորիսի` Ակսել Բակունցի տուն-թանգարանի շենքերը: Առաջինի համար տրամադրվել է 147 միլիոն դրամ, իսկ երկրորդի գումարի չափը կազմել է 30 միլիոն դրամ: 2013 թ. ՀՀ մշակույթի նախարարության միջնորդությամբ Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամը ԳԱԹ-ի մասնաճյուղերից 2-ը` Դսեղի Հովհաննես Թումանյանի եւ Գորիսի Բակունցի տուն-թանգարաններն ապահովել է ջեռուցման համակարգերով:

Նշյալ համակարգերի լիարժեք շահագործումն ապահովելու նպատակով իրականացվել են հարակից աշխատանքներ. շենքերի հիմնապատերը ջրամեկուսացվել են, սենյակները` ջերմամեկուսացվել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #204, 23-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ