RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#203, 2013-11-22 > #204, 2013-11-23 > #205, 2013-11-26 > #206, 2013-11-27 > #207, 2013-11-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #205, 26-11-2013



Տեղադրվել է` 2013-11-25 23:15:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 1209, Տպվել է` 36, Ուղարկվել է էլ.փոստով` 13

ԹՈՒՐՔ ԴԻՎԱՆԱԳԵՏԸ ՉԻ՞ ՊԱՐՏՎՈՒՄ

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Եթե Ադրբեջանը թուրքական պետություն է, ապա, թերեւս, Բաքվի արտաքին քաղաքականությունն էլ կառուցվում է հայտնի ասույթի վրա. «Թուրք զինվորը կարող է պարտվել, թուրք դիվանագետը` երբեք»: Խնդիրն այն է, սակայն, որ Ադրբեջանը թուրքական պետություն է այնքանով, որ ստեղծվել է Թուրքիայի կողմից, բայց այնտեղ իշխող վարչախումբը չի ուզում կառավարվել Թուրքիայից, փորձում է, ինչպես պաշտոնական 1news.az-ն է ձեւակերպել, «որպես տարածաշրջանում միջազգային օրակարգի սուբյեկտ» ներկայանալ:

Մինչ ԱՄՆ-Իրան հարաբերությունների որոշակի ապասառեցումն այդ «սուբյեկտությունը» երեւակվում էր տարածաշրջանի խոշոր երկրներից մեկի` Իրանի Իսլամական Հանրապետության դեմ կատաղի քարոզչությամբ եւ ոչ պակաս թշնամական քայլերով: Բաքվում գրեթե ոչ ոք չէր թաքցնում, որ անհամբեր սպասում են Իրանի դեմ ԱՄՆ-ի եւ Իսրայելի ռազմական հարվածներին: Ադրբեջանը հսկայական նախապատրաստական աշխատանքներ էր տանում, որ այդ դեպքում սկսի «օկուպացված տարածքների ազատագրումը», ինչպես նաեւ լրջորեն դրված էր «Հարավային Ադրբեջանի» հարցը:

Միացյալ Նահանգների նախագահի պատմական հեռախոսազանգն իրանցի իր պաշտոնակցին, ըստ երեւույթին, խառնեց Իլհամ Ալիեւի «միջազգային օրակարգի սուբյեկտ» դառնալու հաշիվները: Հետեւեց Իսրայելի բավական անթաքույց զգուշացումը, որին ադրբեջանական կողմը չկարողացավ հասկանալի բացատրություն տալ:

Այդուհանդերձ, Իրանի միջուկային ծրագրի շուրջը Ժնեւում ձեռք բերված համաձայնությունը կարծես Բաքվում դիտվում է «միջազգային օրակարգի սուբյեկտ» ներկայանալու եւս մեկ հնարավորություն, բայց արդեն Իրանի հետ հարաբերությունները ջերմացնելու տիրույթում: Միլլի մեջլիսի պատգամավոր Այդին Միրզազադեն, մասնավորապես, ասել է, որ «Ադրբեջանն ամեն կերպ աջակցում է Իրանի հանրապետությանը միջազգային կազմակերպություններում եւ քանիցս հայտարարել է, որ մտադիր չէ իր տարածքը տրամադրելու որպես Իրանի դեմ ռազմական հենակետ»:

Սրանք, անշուշտ, միայն խոսքեր են: Իրանական կողմը, ինչպես եւ նախկինում, չափազանց զգուշավոր է Ադրբեջանի հետ հարաբերությունների հարցում: Անցած շաբաթվա ընթացքում Իրանը փակ էր պահել Ադրբեջանի հետ սահմանային անցակետերը, ինչի հետեւանքով սոցիալ-տնտեսական իրավիճակը բավական լարվել էր Նախիջեւանում: Ըստ տեղեկությունների, չնայած իրանական կողմը պաշտոնապես վերաբացել է անցակետերը, սակայն թույլատրել է միայն մինչեւ 20 տ բեռնատարողության մեքենաների մուտքն իր տարածք, իսկ Նախիջեւանի մատակարարումն Ադրբեջանն իրականացնում է ավոտբեռնափոխադրումների միջոցով:

Ի պատասխան Իրանի այդ քայլիՙ երեկ հայտնի է դարձել, որ «մուտքի արտոնագրի հետ կապված խնդիրների պատճառով» Բաքվից արտաքսվել է Իրանի դեսպանատան մշակութային կենտրոնի ֆինբաժնի պետ Ահմեդ Ահմեդզադեն: Պաշտոնական Թեհրանը նույն պահին բողոքի նոտա է հղել Ադրբեջանի ԱԳՆ-ին: Եթե ադրբեջանական կողմը «հիմնավոր բացատրություններ» չտա, ապա չպետք է կասկածել, որ Թեհրանից որեւէ ադրբեջանցի դիվանագետ նույնպես կարտաքսվի:

Այն իրավիճակում, երբ Իրանի հարաբերություններն արեւմտյան երկրների հետ ապասառեցվում են այն աստիճանի, որ Թեհրանը եւ Լոնդոնը հայտարարում են դիվանագիտական հարաբերությունների վերականգնման եւ գործերի հավատարմատարի մակարդակով ներկայացուցիչներ փոխանակելու մասին, Ադրբեջանի հետ սահմանային անցակետերում սահմանափակումներ մտցնելու իրանական կողմի որոշումը եւ դրան հետեւած իրանցի դիվանագետի արտաքսումն Ադրբեջանից բոլորովին էլ ազդանշաններ չեն, թե երկու երկրների միջեւ «կապերի ջերմացման հնարավորություն կա», ինչպես կարծիք է հայտնել ադրբեջանցի խորհրդարանական Միրզազադեն:

Իրողություն է թերեւս, որ պաշտոնական Բաքուն ձգտում է Թեհրանին ինչ-որ «բացատրություններ տալ», սակայն իրանական կողմն առայժմ չի արձագանքում: Դրա համար Իրանն ունի հիմնավոր պատճառ. Իլհամ Ալիեւը հրավիրված էր Իրանի նախագահ Ռուհանիի երդմնակալության արարողությանը, սակայն մերժեց հարեւան երկրի նախաձեռնությունը:

Ռուհանիի կառավարության որեւէ անդամ անցած ամիսներին Բաքվում չի եղել, Թեհրան չի այցելել որեւէ ադրբեջանցի պաշտոնյա: Սրանք բավական խոսուն փաստեր են: Թեհրանում քաջատեղյակ են, որ հարաբերությունների «ջերմացում» ասելիս Բաքվում նախապայման են առաջարկում, որպեսզի Իրանը «միանա Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակմանը եւ տնտեսական մեկուսացմանը»: Վերոհիշյալ Միրզազադեն այդ մասին ասել է շատ թափանցիկ. «Հայկական գործոնն ինքնին իսլամական պետությանը (Իրանին) դավագրգռում է Ադրբեջանի դեմ, եւ դա հարկ է ընդունել»:

Որ Իրանի դեմ իր երկիրն ունի տարածքային եւ այլ կարգի հավակնություններ, որ տարիներ ի վեր Բաքվի իշխանական քարոզչամեքենան Իրանի կառավարությունը քամահրաբար անվանում է «մոլլապետություն», որ Ադրբեջանը լկտիորեն յուրացնում եւ համաշխարհային մակարդակներում որպես իր «ազգային արժեքներ» է ներկայացնում իրանական մշակույթը եւ արվեստն ու գրականությունը, այդ մասին Միրզազադեն հասկանալի պատճառներով լռում է:

Ավելին, նա կարծում է, որ Ադրբեջանից զատ «դժվար է գտնել մի երկիր, որին բոլոր կողմերը (Իրանը, ԱՄՆ-ը, Իսրայելը եւ արաբական երկրները, Թուրքիան եւ Ռուսաստանը- Վ. Ա.) կարող են վստահել` միմյանց հանդեպ ոչ այնքան հաճելի հիշողությունների եւ տարբեր հետաքրքրությունների ողջ բեռով հանդերձ»:

Ադրբեջանն, այսպիսով, հերթական անգամ ինքնամատուցվում է տարածաշրջանում միջազգային քաղաքականության օրակարգին, փորձում «կամուրջ լինել» Թուրքիայի եւ Իրանի, Իսրայելի եւ Իրանի, արաբական երկրների եւ Իրանի, ԱՄՆ-ի եւ Իրանի, Ռուսաստանի եւ Իրանի միջեւ: Ունի՞ իլհամալիեւյան վարչախմբի «մեջքն» այնքան ամրություն, որ կարողանա կրել, թեկուզ Իսրայել-Իրան հարաբերություններում «միջնորդության» ծանրությունը: Իրանի հետ հարաբերությունների կարգավորմամբ շահագրգռված որեւէ երկիր զգո՞ւմ է ադրբեջանական «կամրջի» կարիքը:

Ամենակարեւորը, սակայն, այն է, որ Իրանի հետ ոչ այնքան բարվոք հարաբերություններ ունեցող Ադրբեջանն ինքն ունի Թեհրանի հետ երկխոսության լուրջ խնդիր: Իսկ գուցե «կամուրջ» դառնալու ցանկությամբ Իլհամ Ալիեւն ընդամենը միջնորդության խնդրանք է ներկայացնում թվարկված երկրների՞ն:

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #205, 26-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ