RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#203, 2013-11-22 > #204, 2013-11-23 > #205, 2013-11-26 > #206, 2013-11-27 > #207, 2013-11-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #205, 26-11-2013



Տեղադրվել է` 2013-11-25 23:15:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 1086, Տպվել է` 26, Ուղարկվել է էլ.փոստով` 16

«ՎԵՑՅԱԿ»-ԻՐԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ԺՆԵՎՈՒՄ

Պ. Ք.

Միջուկային ծրագրի վեցամսյա սահմանափակումներ

Իրանցիների միջուկային ծրագրի շուրջը Ժնեւում «Վեցյակի» երկրների (ԱՄՆ- ՌԴ, ՉԺՀ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա եւ Գերմանիա) եւ Իրանի ներկայացուցիչների վարած հնգօրյա բանակցություններից հետո նոյեմբերի 24-ին ձեռք է բերվել համաձայնություն, ըստ որի Թեհրանը պետք է կրճատի միջուկային աշխատանքները եւ թույլատրի միջազգային փորձագետների այցելությունները սեփական միջուկային օբյեկտներ: Փոխարենը մասնակիորեն կվերացվեն հակաիրանական տնտեսական պատժամիջոցները:

Ձեռք բերված համաձայնության որոշ մանրամասնություններ հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը: Ուրան հարստացնելու Իրանի իրավունքը կսահմանափակվի 6 ամսով: Թեհրանը պարտավորվել է այդ ժամանակամիջոցում Ֆորդոյի գործարանում չտեղակայել նոր ցենտրիֆուգեր, ինչպես նաեւ չօգտագործել Նաթանցի ցենտրիֆուգերը: Նախատեսվում է նաեւ դադարեցնել աշխատանքները Արակի միջուկային ռեակտորի վրա: ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին կթույլատրվի ամեն օր այցելել Ֆորդոյի եւ Նաթանցի գործարաններ:

Արդեն բանակցությունների ավարտից հետո ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հրապարակել է մի հավելյալ մանրամասնություն. Իրանը պարտավոր է ոչնչացնել մինչեւ 20 տոկոս հարստացված ուրանի ամբողջ քանակությունը, որը գնահատվում է 200 կիլոգրամ:

Ժնեւում ձեռք բերված համաձայնությունը «պատմական» անվանելովՙ «Ֆիգարո» թերթը նոյեմբերի 25-ի համարում գրում է, որ դա լոկ առաջին փուլն է այն ճգնաժամի հաղթահարման ճանապարհին, որը վերջին 10 տարիներին «թունավորում էր միջազգային հարաբերությունը»: Թերթի կարծիքով, Ժնեւի միջակա համաձայնությունը, սակայն, հեռու է կատարյալ լինելուց: Ճիշտ է, փաստաթուղթը իրանցիների համար դժվարացնում է միջուկային ռումբի ստեղծումը, բայց որոշ երկիմաստ ձեւակերպումներ միմյանցից տարբեր մեկնաբանությունների հնարավորություն են տալիս, նայած թե որտեղ եսՙ Թեհրանում, Վաշինգտոնում, Փարիզում, թե՞ Թել Ավիվում:

Փաստաթղթում ըստ էության ճանաչվեց ուրանը մինչեւ 5 տոկոս հարստացնելու Իրանի իրավունքը: Ժնեւում իրանցիներին չպարտադրվեց առհասարակ հրաժարվել միջուկային ծրագրից: Ամերիկյան դիվանագիտական աղբյուրներից մեկը Հալիֆաքսումՙ միջազգային անվտանգությանը նվիրված համաժողովի շրջանակներում «Ֆիգարոյի» թղթակցին ասել է, որ Ժնեւում հաջողվել է հասնել փոխզիջողական համաձայնության, ինչն «ավելի լավ է, քան բանակցությունների ձախողումը»:

Սպիտակ տունը գիտակցում է Իրանի կարեւորությունը Մերձավոր Արեւելքի եւ մասնավորապես Սիրիայի իրադրության կայունացման համար, ուստի Հասան Ռոուհանիի նախագահ ընտրվելուց հետո ճկունացրել է իրանական քաղաքականությունը: ԱՄՆ իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը նույնիսկ խոստովանել է, որ ժնեւյան պաշտոնական բանակցություններից բացի, ամերիկացիներն ու իրանցիները սեպտեմբերից մինչեւ նոյեմբեր գաղտնի երկկողմ խորհրդակցություններ են անցկացրել:

Ըստ «Ֆիգարոյի», առայժմ սոսկ ընդմիջում է սկսվել Իրանի միջուկային հետազոտություններում: Բանակցողների թիմերը այժմ 6 ամիս ունեն ժամանակավոր համաձայնությունը վերջնական դարձնելու համար: Այդ ճանապարհը երկար է ու դժվարին: Խոչընդոտներ կարող են ծագել Իսրայելի հակաիրանական դիրքորոշման եւ սպառնալիքների, Պարսից ծոցի պետությունների կասկածամտության, ամերիկյան Կոնգրեսի խստության կամ Իրանական հեղափոխության պահապանների դոգմատիզմի պատճառով: Սակայն Ժնեւի բանակցություններից առաջ նույնիսկ այդ ժամանակավոր ընդմիջումը չկար: Այնպես որ, լավատեսության համար հիմքեր կան:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #205, 26-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ