RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#203, 2013-11-22 > #204, 2013-11-23 > #205, 2013-11-26 > #206, 2013-11-27 > #207, 2013-11-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #205, 26-11-2013



Ազգային

Տեղադրվել է` 2013-11-25 23:15:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 1102, Տպվել է` 16, Ուղարկվել է էլ.փոստով` 14

ՍԵՎՐՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՇՈՒՐՋԸ

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մխիթարյան միաբանության Սամուել-Մուրադյան վաժարանը Սեւրում գործում է 1928 թվականից: Տարիների ընթացքում կրթական այս հաստատությունը եղել է հայապահպանման հիրավի որոնված օջախ, որտեղ ուսանել են աշխարհի տարբեր կողմերից եկած սփյուռքահայ շատ ուսանողներ, նրանց մեջ ապագա նշանավոր արվեստագետներ, մտավորականներ, քաղաքական գործիչներ:

Վերջին շրջանում հանրային շրջանառության մեջ է Սեւրի Մխիթարյան վարժարանի տարածքում Հայ հիշողության եւ ժառանգության եվրոպական կենտրոնի ստեղծման մասին տեղեկությունը, ըստ որիՙ Եվրոպայում լինելու է եզակի, նմանը չունեցող համալիր:

Ըստ տեղեկությունների, Հայոց ցեղասպանության թանգարան-հուշահամալիրի տարածքը շուրջ 3000 քմ է զբաղեցնելու, նախատեսված է պահպանել վարժարանի կենտրոնական շենքը, որը 18-րդ դարի կառույց է եւ որի ճակատային մասը, տանիքը, ինչպես նաեւ դահլիճը, մեծ աստիճանները եւ առաջին հարկի փոքր եւ մեծ դահլիճները 2003 թվականից արձանագրված են Ֆրանսիայի պատմամշակութային հուշարձանների ցանկում:

Համալիրի նախագծման համար հայտարարված է բաց մրցույթ: Թանգարանի հիմնական գաղափարըՙ մինչ ցեղասպանության, ցեղասպանության եւ հետցեղասպանության ժամանակահատվածի միաժամանակյա արտացոլումն է միեւնույն կառույցում:

Այս հարցերի շուրջ է մեր հեռակա հարցազրույցը Սամուել-Մուրադյան վարժարանի ներկայիս տնօրեն հայր Հարություն Պզտիկյանի հետ:


- Մեկ տարի արդեն մամուլում շրջանառվում է Մխիթարյան միաբանության Սամուել-Մուրադյան վարժարանի տարածքում Հայոց ցեղասպանության հուշահամալիրի ստեղծման գաղափարը: Ի՞նչ գաղափար է դա:

- 180 տարի առաջ, Մխիթարեան հայրերու հիմնած այս պատմական հաստատութիւնը (Ֆրանսայի առաջինը), որ տուաւ բազմաթիւ երեւելի շրջանաւարտներ բոլոր մարզերու մէջ, 1984-ին փակեց իր գիշերօթիկի բաժինը, որ դարձած էր ծախսալից եւ ժամանակավրէպ (ծախսերուն 90 տոկոսը կը յատկացնէր օտար ուսուցիչներու) եւ ստեղծեց զուտ հայագիտական երկշաբաթօրեայ դասընթացքներ, տասներկու ժամ յատկացնելով հայոց լեզուի, պատմութեան, գրականութեան, արուեստին եւն: Տասնհինգ հազար քմ տարածութիւն շաբաթական երկու օրուան համար 120 աշակերտի տրամադրելը իսկապես ափսոս էր, ուստի միաբանութեան վարչութիւնը խնդրեց ինձմէ, որ Մխիթարեան առաքելութեան համապատասխան առաջարկ մը ուսումնասիրեմ:

Յետ խորհրդածելով արհեստավարժ անձերու հետ յանգեցայ այն եզրակացութեան, որ դպրոցի կողքին պէտք է ստեղծել Մայրավանք Ս. Ղազարի կրկնօրինակը գրադարանով, թանգարանով, ցուցասրահներով եւ որպէս պատրաստութիւն Հայոց ցեղասպանութեան 100-ամեակինՙ Հուշահամալիր մը իր բոլոր ենթակառոյցներով, Եւրոպայի այս մեծ մայրաքաղաքին մէջ:

Ծրագիրը ունեցաւ դրական ընթացք եւ ստեղծեցի չորս հոգիանոց յանձնախումբ, գործադրութիւնը յանձնուեցաւ սփիւռքահայ անուանի ճարտարապետի մը եւ լծուեցանք գործի: Կարելի է ըսել, որ օրինական փաստաթուղթերու բաժինը գրեթէ աւարտած է ներկայիս:

- Ինչո՞ւ ընտրվեց հենց Սամուել-Մուրադյան վարժարանի տարածքը:

- Մխիթարեան միաբանութիւնը երբեք չմտածեց ծախել այս ոսկի արժող կալուածը, որուն նմանը գաղութը չունի, այլ հաւատարիմ իր կոչումին եւ հիմնադիր Մխիթար աբբայի կտակինՙ ի ծառայութիւն դնել հայապահպանման, երիտասարդներու քրիստոնեայ դաստիարակութեան, հայ մշակոյթի ծաւալման նուիրական նպատակներուն: Մենք չէինք կրնար անտեսել հայ ժողովուրդին ցեղասպանութիւնը եւ վերածնունդը, որ կարեւորագոյն առանցքը կը կազմէ մեր հազարամեակներու պատմութեան:

- Նման կառույցը ենթադրում է ծավալուն աշխատանք, միաժամանակ ֆինանսական լուրջ ներդրումներ, Ինչպիսի՞ աջակցություն է ակնկալվում:

- Բնականաբար նման վիթխարի ծրագիր մը կը կարօտի մեծ գումարներու, անոնցմէ մաս մը պիտի հոգան պետական կառոյցներ, եւ վստահութիւնը ունինք, որ պիտի գտնուին շատ մը հայրենակիցներ, որոնք իրենց կարելիութեան սահմաններուն մէջ պիտի մասնակցին այս բացառիկ ծրագրին իրականացման:

Արդէն ստեղծուած է գիտական յանձնախումբ մըՙ կազմուած միջազգային համբաւ վայելող ցեղասպանագէտներէ, բազմաթիւ անձերէ կազմուած հովանաւորող միջազգային մարմին մը, ուղղուած են բազմաթիւ կոչեր օտար հաստատութիւններու: Պատրաստութեան մէջ է պատկերազարդ բացատրական ստուար ալբոմ մը, տեղի ունեցած են բացատրական հանդիպումներ գաղութի եւ հայկական դեսպանատան պատասխանատուներու հետ, մէկ խօսքովՙ չորս անձերէ կազմուած գիտարուեստական յանձնախումբ ժրաջանօրէն կ՛աշխատի 100-ամեակին օրը կարմիր ժապաւէնը կտրելու:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #205, 26-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ