RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#203, 2013-11-22 > #204, 2013-11-23 > #205, 2013-11-26 > #206, 2013-11-27 > #207, 2013-11-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #205, 26-11-2013



Անցուդարձ

Տեղադրվել է` 2013-11-25 23:15:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 946, Տպվել է` 31, Ուղարկվել է էլ.փոստով` 14

ՍԴՀԿ-Ն ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ, ԱՏԵՆԱՊԵՏ` ԴԵՌ ՈՉ

Մ. Խ.

Շաբաթ եւ կիրակի ընթանում էր Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության 9-րդ համագումարը: Համագումարին հնչել է վարչապետ Տիգրան Սարգսյանի ուղերձը` հանգուցային կետ ունենալով այն միտքը, որ ավանդական կուսակցությունները մեր ժողովրդի հարստությունն են, նրանց գործունեությունը բխում է հայության շահերից:

ՍԴՀԿ համագումարին մասնակցում էին մեկ այլ ավանդական կուսակցության` ՌԱԿ ներկայացուցիչները, որոնցից Սուրեն Սարգսյանը խոստացավ, որ այսուհետեւ ՌԱԿ-ը սատարելու է ՍԴՀԿ-ին կարեւոր ձեռնակներում, իսկ Հայաստանի ներկա մարտահրավերները հաղթահարելու եւ երկրի զարգացման գործում ՍԴՀԿ-ն իր կարեւոր դերը պետք է ունենա: ՍԴՀԿ-ի անցյալ գործունեությունն ի մի բերեց այսօր արդեն նախկին ատենապետ Գեւորգ Պերկուպերկյանը ` նշելով, որ ՍԴՀԿ-ն երկարամյա ցնցումներից հետո այս համագումարին եկել է ուժեղացած, ու ժամանակն է իրավիճակը փոխելու կուսակցությունում: Կիրակի օրը համագումարն ընտրեց վարչություն:

ՍԴՀԿ նոր ատենապետի անունը դեռեւս հայտնի չէ, քանի որ նրան իրենց միջից ընտրում են նոր վարչության անդամները, ինչպես, ի դեպ, նաեւ փոխատենապետ, ատենադպիր եւ գանձապահ: Իսկ ահա վարչության կազմում ընտրվել են Նարեկ Գալստյանը, Դմիտրի Մարտիրոսյանը, Վազգեն Մեսրոպյանը, Հարություն Բալաբանյանը, Վարազդատ Եղիազարյանը, Արսեն Կուպելյանը, Արթուր Բարսեղյանը, Գագիկ Մելիքյանը, Վոլոդյա Ազատյանը: Կուսակցությունը նաեւ տարածել է մի հայտարարություն, որով փոխանցվել են ՍԴՀԿ ներկա տրամադրությունները: Հայտարարությամբ ընդգծված է, որ երկրի ներքին կյանքում կան ահռելի ընկերային անարդարություններ, մենաշնորհ եւ օլիգարխիա, որոնց դեմ նաեւ ՍԴՀԿ-ն է պայքարելուՙ որդեգրելով լավին լավ, վատին վատ ասելու քաղաքականությունը: ՍԴՀԿ վարչության ուշադրության կենտրոնում են լինելու հատկապես աշխատավոր մարդու իրավունքները, որոնց համատարած խախտումներն ակնառու են:

Արտաքին քաղաքական ոլորտում ՍԴՀԿ-ն «զգուշավոր լավատեսությամբ» ողջունում է Մաքսային միությանն անդամագրվելու Հայաստանի իշխանությունների քաղաքական որոշումը` կոչ անելով նաեւ շարունակել Եվրոպայի հետ քաղաքական շփումներն ու գործընթացները:

Արցախի հարցում ՍԴՀԿ-ի համար ընդունելի է արցախցուն ընկալելի յուրաքանչյուր որոշում, Հայաստանն էլ դիտարկվում է որպես Արցախի անվտանգության երաշխավոր ու ապահովող, իսկ Արցախի իշխանություններն օր առաջ պետք է մաս կազմեն բանակցային գործընթացին:

Հայտարարության մեջ ասվում է նաեւ, որ Հայոց ցեղասպանության 100- ամյակին ընդառաջ` ՍԴՀԿ-ն աշխարհի իր քույր կառույցների միջոցով շարունակելու է լոբբիստական քաղաքականությունն ընդդեմ թուրքական ժխտողականության` միջազգային ճանաչումն եւ հատուցումն ի նպատակ, եւ այս առումով ողջունելով հայությանը համախմբող Ցեղասպանության 100-ամյակի հանձնաժողովը:

ՍԴՀԿ ատենապետի եւ մյուս ղեկավարների ընտրությունից հետո վարչությունը լրացուցիչ տեղեկություն կտարածի: Երեկ մամուլում լուրեր կային, թե ատենապետ կարող է դառնալ Նարեկ Գալստյանը, ով, ի դեպ, վարչապետի օգնականն է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #205, 26-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ