RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#203, 2013-11-22 > #204, 2013-11-23 > #205, 2013-11-26 > #206, 2013-11-27 > #207, 2013-11-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #205, 26-11-2013



«ԲԱՑ ԵՐԿԻՆՔ»

Տեղադրվել է` 2013-11-25 23:15:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 824, Տպվել է` 23, Ուղարկվել է էլ.փոստով` 11

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՔԱՂԱՔԻՑ ՔԱՂԱՔ` ԻՆՔՆԱԹԻՌՈՎ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Նոր ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Հայաստանի ներսում, իսկ ապագայում նաեւ Հայաստանից դուրս

«Բաց երկնքի» քաղաքականությանն անցնելուց հետո, «Էյր Արմենիա» ավիաընկերությունից բացի, գործունեություն կծավալի տեղական երկրորդ` SKY NET ավիաընկերությունը: Ինչպես երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց SKY NET ընկերության գլխավոր տնօրեն Գրիգոր Վարդանյանը , իրենց ավիաընկերությունը ստեղծվել է 2011-ին: Ընկերությունն առայժմ ունի միայն մեկ ինքնաթիռ` անգլիական արտադրության երկշարժիչ 19-տեղանոց JetStreem 32, որն ունակ է չվերթեր կատարել 1200 կմ շառավղով: Ըստ գլխավոր տնօրենիՙ ինքնաթիռի ձեռքբերման գործում աջակցել են Էդուարդո Էռնեկյանը եւ «Արմենիա միջազգային օդանավակայանները»:

SKY NET-ը ավիափոխադրումներ կիրականացնի ներքին շուկայում` Երեւան-Կապան-Երեւան, Երեւան-Գյումրի-Երեւան, Երեւան-Ստեփանավան-Երեւան ուղղություններով, հետագայում Հայաստանի տարածքում գտնվող այլ օդանավակայանների վերագործարկման դեպքում` նաեւ մյուս ուղղություններով:

Գրիգոր Վարդանյանի տեղեկացմամբՙ իրենց ավիաընկերությունը կիրականացնի զբոսաշրջային տուրեր Հայաստանի տարածքում, օրինակՙ հարսանիք օդանավում` թռիչքի ժամանակ, ինչպես նաեւ փոխադրումներ բիզնես եւ բժշկական նկատառումներով: Թռիչքի մեկ ժամն արժե 1680 դոլար: «Ինքնաթիռը ծախսատար է, հիմնական գինը ավիավառելիքն է եւ օդանավակայանների սպասարկման ծախսը», նշեց ավիաընկերության տնօրենը: Նա նաեւ տեղեկացրեց, որ «Զվարթնոց» օդանավակայանի տնօրենությունը պատրաստակամություն է հայտնել զեղչեր տրամադրելու ներքին շուկայի չվերթերի համար:

Այդուհանդերձ, SKY NET-ի թռիչքները չեն սահմանափակվի միայն ներքին շուկայում: Առաջիկայում հնարավոր են թռիչքներ դեպի Իրան եւ Վրաստան: «Ամռանը կլինեն չվերթեր դեպի Թբիլիսի, Բաթում եւ Թավրիզ, տոմսերի մոտ 40 հազար դրամ արժեքով», խոստացավ Գրիգոր Վարդանյանըՙ այն կարծիքը հայտնելով, որ պահանջարկն այս ուղղություններով առկա է: Նշելով, որ առայժմ միայն մեկ ինքնաթիռ ունեն, ավիաընկերության գլխավոր տնօրենը հույս հայտնեց, որ հետագայում դրանց թիվը կավելանա, եւ իրենք, չարտերային չվերթերից կանցնեն կանոնավոր չվերթերի:

«Հայաստանում պետք է զարգացնել քաղաքացիական, սանիտարական, տուրիստական ավիացիան: Դրա առաջին քայլերն արդեն արվում են», նույն մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հանրային խորհրդի ֆինանսաբյուջետային եւ տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը: Նա տեղեկացրեց, որ շուտով Կապանի օդանավակայանը կգործարկվի, որի վերաբերյալ ինքը զրուցել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենի հետ: Ջերմուկի օդանավակայանի հետ կապված, ըստ Վազգեն Սաֆարյանի, կառավարությունը պետք է որոշակի քայլեր ձեռնարկի, որովհետեւ Ջերմուկը կարեւորագույն զբոսաշրջային կենտրոն է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #205, 26-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ