RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#203, 2013-11-22 > #204, 2013-11-23 > #205, 2013-11-26 > #206, 2013-11-27 > #207, 2013-11-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #205, 26-11-2013



Տեղադրվել է` 2013-11-25 23:15:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 852, Տպվել է` 19, Ուղարկվել է էլ.փոստով` 14

ՎԵՐԱՕԾՎԵՑ ԱԼԱԹՈՒՄԱՆԻ ՍԲ ԵՐՐՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԵԿԵՂԵՑԻՆ

Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվան

Նոյեմբերի 23-ին ձեռամբ վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օծվեցին Ալաթուման գյուղի Սուրբ Երրորդություն անունը կրող եկեղեցին եւ եկեղեցու բակում կանգնեցված խաչքարըՙ մասնակցությամբ Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Բաբգեն վրդ. Սալիբյանի, Արագովայի եւ հարակից գյուղերի հոգեւոր հովիվ Թադեոս քահանա Տեր-Մկրտչյանի, Տաթեւ քահանա Մարուքյանի եւ Տիգրան քահանա Մխիթարյանի: Եկեղեցու վերաօծման կարգից անմիջապես հետո մատուցվեց պատարագ: Պատարագիչը Թադեոս քահանա Տեր-Մկրտչյանն էր:

Ջավախքի եւ մասնավորպես Ալաթումանի ժողովրդին թեմի առաջնորդը փոխանցեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հայրապետական օրհնությունն ու բարեմաղթանքը: Իր ողջյունն էր հղել ներկաներին նաեւ Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Հովհաննես Մանուկյանը:

Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն իր խոսքում նշեց. «Այսօր կան մարդիկ, ովքեր, հիրավի, փնտրում են Աստծուն եւ այդ ճանապարհին գալիս ու խոնարհվում են Աստծո տաճարի առաջ: Հեռավոր հայոց այս գողտրիկ անկյունում ապրում է մի ժողովուրդ, ով քրտնաջան աշխատանքով վաստակում է իր հանապազօրյա հացը եւ այսքան ամուր կապված է իր եկեղեցուն»:

Սուրբ Երրորդություն եկեղեցին վերանորոգվել եւ տարածքը բարեկարգվել է ռուսաստանաբնակ, ծնունդով ջավախքցի Ալիկ Մակարյանի բարերարությամբ: Ալաթուման գյուղի եկեղեցու բակում կանգնեցվեց Խաչքարՙ ի հիշատակ եկեղեցու բարերար Ալիկ Մակարյանի հոր:

Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդը բարձր գնահատեց բարերարի իրականացրած աշխատանքըՙ փոխանցելով օրհնության գիր եւ Աստվածաշունչ մատյան:

«Ալաթումանցիները գրեթե մեկ դար սպասել էին այս երանելի օրվան: Երազել էին տեսնել Սուրբ Երրորդություն եկեղեցին բարեկարգ վիճակում, երազել էին եկեղեցու զանգերի ղողանջը լսել, մոմ վառել եւ աղոթել: Եվ ահա Ալիկ Մակարյան բարերարի շնորհիվ շատերի երազանքը իրականություն դարձավ»,- իր խոսքում նշեց Բաբգեն վրդ. Սալիբյանը :

Ալաթուման գյուղը բազմամարդ էր, ինչպես երբեւէ... Մարդկանց աչքերում ուրախության եւ ցնծության արցունքներ էին երեւում: Վերջապես մեկդարյա լռությունից հետո այս գյուղի եկեղեցու զանգերը եւս ղողանջեցինՙ ավետելու, որ Ջավախքում այսօր հայը հոգեւոր վերածնունդ է ապրում:

Սուրբ արարողությանը ներկա էին Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Սամվել Պետրոսյանը, տարածաշրջանի նահանգապետի տեղակալ Հարություն Հովհաննիսյանը, Ախալքալաքի շրջանային ժողովի նախագահ Համլետ Մովսիսյանը, վարչության նախագահ Էդուարդ Աղասարյանը, Հայաստանի, Ռուսաստանի եւ Վրաստանի տարբեր անկյուններից ժամանած հյուրեր եւ ուխտավորներ: Սուրբ Երրորդություն եկեղեցու վերաօծման ավարտին կատարվեց ավանդական մատաղի օրհնություն:

Տոնի կապակցությամբ Ալաթուման գյուղի եկեղեցու դիմաց անցկացվեց համերգային միջոցառում, որին մասնակցում էին Մավր Մկրտչյանն ու ընկերները: Անկրկնելի ու հիասքանչ պարային կատարումներով հանդես եկավ «Կարին» երգի եւ պարի համույթըՙ Գագիկ Գինոսյանի գլխավորությամբ: Իրենց պարային կատարումներով ուրախացրին ներկաներին նաեւ Բարալեթ գյուղի ազգագրական մանկապատանեկան համույթի սաները:

Հավելենք, որ Ալաթուման գյուղը գտնվում է Ախալքալաքից ուղիղ գծով 20 կմ հյուսիս, ծովի մակարդակից 1760-1790մ բարձրության վրա եւ սփռված է մեղմաթեք լեռնալանջերի վրա: Գյուղը երկու թաղերի է բաժանում Ախալքալաք-Տաբածղուր խճուղին:

Հայ բնակչությունն այստեղ է տեղափոխվել եւ վերաբնակվել 18-րդ դարից Կարնո նահանգի համանուն գավառի Գաղտառիճ գյուղից: Գյուղի ծխական դպրոցը գործել է եկեղեցուն կից: Սուրբ Երորդություն Եկեղեցին կառուցվել է 1830-ական թվականներին, քարաշեն, փայտածածկ տանիքով կառույց է: Եկեղեցու շենքը տուժել է 1899-ի դեկտեմբերի 19-ի երկրաշարժի ժամանակ: Ներկայումս կանգուն է: Քարաշեն, փայտածածկ, արեւմտյան ճակատում միակ մուտքով, նույն ճակատի գագաթին զանգակատնով ուղղանկյունաձեւ կառույց է: Բացի արեւմտյան ճակատից եւ լուսամուտներից, որոնք սրբատաշ քարից են, մնացած հատվածները անմշակ քարից են:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #205, 26-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ