RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#203, 2013-11-22 > #204, 2013-11-23 > #205, 2013-11-26 > #206, 2013-11-27 > #207, 2013-11-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #205, 26-11-2013



Ընթացիկ

Տեղադրվել է` 2013-11-25 23:15:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 907, Տպվել է` 20, Ուղարկվել է էլ.փոստով` 11

ԱՎԵԼԻ ԼԱՎ ԱՊՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Կանադացի մի խումբ գիտնականներ պարզել են, որ մարդուն «ավելի լավ ապրելու համար» օգնում է առավոտյան վազքը: Այսինքն, բարեկեցիկ կանադացի գիտնականների կարծիքով, եթե մարդը զարթնելուց անմիջապես հետո, նախքան նախաճաշը դուրս գա փողոց եւ սկսի վազել, ուրեմն «ավելի լավ կապրի»: Հնդիկ այուրվերդիստների կարծիքովՙ մարդը ավելի լավ կապրի, եթե չսնվի արեւը մայր մտնելուց հետո եւ օրվա հիմնական սնունդը ստանա այն պահին, երբ արեւը զենիթում է: Ըստ այուրվերդիստների` մարդու օրգանիզմը զարթնում եւ «քնում» է արեւի հետ մեկտեղ, երեկոյան ու գիշերային ժամերին մարդիկ սնվում են, փաստորեն, «քնած» օրգանիզմով:

Հայաստանում ավելի լավ ապրելու համար երկու բաղադրատոմս կա` գնալ կամ գռփել: Սրանց միջանկյալը, որը կոչվում է «յոլա գնալ», չի համարվում ավելի լավ ապրելու միջոց, քանի որ «յոլա գնացողների» յուրաքանչյուր օրը նախորդի կրկնությունն է, եւ եթե այդպես է, ուրեմն արդեն լավ է: Մենք բոլոր մեր գնացող հարեւաններին, բարեկամներին ու ընկերներին իհարկե կարոտում ենք, բայց եւ վստահ ենք, որ գնալով նրանք ավելի լավ են ապրում: Ընդ որում, մենք, անկախ մեր հայրենասիրության պաշարից, ձգտում ենք նրանց օրինակով ավելի լավ ապրել: Իրականում, գնացածներից շատերն իրոք ավելի լավ եմ ապրում, համենայն դեպս, եթե մարդն ապրում է իր հարազատներից հեռու եւ ամեն ամիս, ժամանակ առ ժամանակ, վերջիններիս գումար է ուղարկում, նշանակում է, որ նա այնքան լավ է ապրում, որ վաստակածով ոչ միայն ինքն է ապրում, այլեւ հարազատներն` այստեղ: Միեւնույն ժամանակ, շատ գնացածներ էլ ամենեւին ավելի լավ չեն ապրում ու չեն վերադառնում, քանի որ գիտեն, որ այստեղ էլ ավելի լավ ապրելու գոնե հույսը չունեն:

Այստեղ արդեն ավելի լավ ապրելու մեկ ճանապարհ կա` գռփել: Ընդ որում, համատարած, ով ում պատահի, ով ում կարողանա, ով որքան հաջողություն ունի: Եթե մարդը Հայաստանում գռփող է, ավելի լավ է ապրում, ուրեմն այդ մարդն ընկալելի է որպես հաջողակ: Օրինակ, երբ մենք տեսնում ենք, թե ինչպես մեկը, ում ճանաչում ենք, Հայաստանում մշտապես գտնվելով սկզբում տունը վերանորոգեց, հետո մեքենա առավ, հետո կնոջն էլ մեքենա առավ, հետոՙ դստերը, հետո երեք մեքենաներով նրանք սկսեցին գնալ նորակառույց ամառանոց, իսկ ամառները եւ Ամանորին Դուբայ, ուրեմն մենք հասկանում ենք, որ նա գռփող է: Մենք նրա մասին հենց այդպես ենք մտածում, քանի որ մենք էլ Հայաստանում ենք մշտապես բնակվում, եւս աշխատում ենք, էլի խելացի ենք, եւս ցանկություն ունենք վերանորոգված շքեղ տուն, երեք ավտոմեքենա եւ ամառանոցի սեփականատեր դառնալու, բայց մենք ավելի լավ չենք ապրում: Եվ մենք հասկանում ենք, որ դա նրանից է, որ մենք չենք գռփում: Այս եզրահանգումից հետո մենք կամ սկսում ենք գռփել (նախ սովորել) ու ավելի լավ ապրել Հայաստանում, կամ գնում ենք ու ավելի լավ ապրում Հայաստանից դուրս: Հայաստանից դուրս էլ մենք մեր հայրենակիցներին պարտադիր ասում ենք, որ «Հայաստանում լավ ապրելու երկու ճանապարհ կա` կամ գնում ես, կամ գռփում ես»: Հետո բոլորով, այնուամենայնիվ խմում ենք «Հայաստանի կենացը» եւ ավելի ու ավելի հաստատվում Հայաստանից դուրս:

Իսկ եթե լսե՞նք կանադացի գիտնականներին ու հնդիկ այուրվերդիստերին` ամեն առավոտ դուրս գանք վազքի եւ արեւը մայր մտնելուց հետո էլ հաց չուտե՞նք... Գուցե դրանից հետո գռփոցի ցուցանիշները երկրում շեշտակիորեն նվազեն (գռփելու իմաստը չլինի), իսկ գնալու որոշում կայացրածները տեսնեն, որ գռփողներ էլ չկան, եւ...Եվ էլ չգնան` ավելի լավ ապրելով առանց գռփելու եւ Հայաստանում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #205, 26-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ