RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#203, 2013-11-22 > #204, 2013-11-23 > #205, 2013-11-26 > #206, 2013-11-27 > #207, 2013-11-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #205, 26-11-2013



Մշակույթ

Տեղադրվել է` 2013-11-25 23:15:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 809, Տպվել է` 21, Ուղարկվել է էլ.փոստով` 12

ՀԱՄԱՍՅԱՆԸ ՋԱԶԻՆ ՏԱԼԻՍ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԱՆԳ

Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ

«Դաշնակահար Տիգրան Համասյանը ջազին տալիս է հայկական երանգ» վերնագրով անգլիական «Գարդիան» թերթում երկար հոդված է տպագրել մշակութային մեկնաբան, լրագրող Ջոն Լուիսը: Հոդվածը արտատպել է «Արմինյն Միրոր Սփեքթեյթր» շաբաթաթերթն իր նոյեմբերի 2-ի համարում:

«Քսանվեց տարեկանում, գրում է Լուիսը, այդ փոքրամարմին, չարաճճի ամերիկահայը դարձել է փնտրված դաշնակահար ջազի ասպարեզում եւ ջերմագին գնահատականներ է ստանում Չիկ Կորեայի, Բրեդ Մելդոյի եւ Հերբի Հենկոքի նման աստղերից: Համասյանն այնքան էլ վստահ չէ, որ ինքը ջազ է նվագում: «Կարծում եմ նվագածս ջազ է անքանով, որ ես կարողանում եմ հանպատրաստից ստեղծագործել, այսպես ասած «իմպրովիզացիայով զբաղվել», սակայն լեզուն, որ ես օգտագործում եմ ստեղծագործելիս «բիբոպը» չէ, այլ հայկական ժողովրդական երաժշտությունն է», ասում է նա:

Համասյանը «ամենակուլ» երաժշտական տաղանդ ունի: Նա «կլանում» է, իրենն է դարձնում հայկական, սկանդինավյան, հնդկական եւ ավանդական այլ երգերը: Նա նաեւ տիրապետում է դասական երաժշտությանը:

Մենք հանդիպեցինք Տուլուսում 2000 տեղանոց թատրոնում կայացած 90 րոպեանոց մենահամերգից հետո: Բոլոր տոմսերը վաճառված էին: Ունկնդիրներն ըմբոշխնեցին արեւելա-արեւմտյան նրբաճաշակ, տպավորիչ մեղեդիներ:

Համասյանը ծնվել է Գյումրիում: Ծնողներից ոչ մեկը երաժշտությամբ չի զբաղվել: Մեծացել է լսելով հոր «հեվիռոքային» ձայնասկավառակների հավաքածուն (Լեդ Զեպլին, Դիփ Փրփել, Քուին, Բլեք Սաբաթ, այլն): Երախտապարտ է, որ խորհրդային ժամանակներում դասական երաժշտությունը հիմնավոր կերպով ուսուցանվել է: «Բոլորն իրենց տներում դաշնամուր ունեին, անկախ այն բանիցՙ երաժիշտներ կային տան մեջ, թե ոչ», ասում է նա: Ինը տարեկանից հետաքրքրվել է ջազով: «Իմ նպատակն էր հայկական ժողովրդական մեղեդիները միահյուսել ջազային հորինվածքներին: Առաջին փորձերը ահավոր էին: Ինձ օգնության հասան դասական Ավետ Տերտերյանը եւ այդ ժամանակ խիստ ժողովրդական դարձած Առնո Բաբաջանյանը», խոստովանում է նա:

Տասնվեց տարեկանում մեկնել է Կալիֆոռնիա ուսանելու եւ անմիջապես կապեր հաստատել Լոս Անջելեսում ջազային երաժշտության մասնագետների հետ: Տասնութ տարեկանում արդեն թողարկել է իր առաջին ալբոմը: Վերջինըՙ հինգերորդը կոչվում է «Ստվերային թատրոն» (Shadow Theater), նա մեծ տեղ է տալիս ժողովրդական երաժշտությանըՙ համարելով այն ինքնարտահայտման առաջնային, բնական ձեւ: «Նախկինում ամեն մի աշխատանք, շարժում ընկերակցվում էր երաժշտությամբ, ինքնաբուխ մեղեդիներով: Դա հիասքանչ էր», նշում է նա: Վերջին տարիներին նա համագործակցել է հոդիկ Տրիլոկ Գուրտույի (հարվածային գործիքներ), թունիսցի Դաֆեր Յուսուֆի (ուդ նվագող), Սերժ Թանգյանի եւ ուրիշների հետ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #205, 26-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ