RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#203, 2013-11-22 > #204, 2013-11-23 > #205, 2013-11-26 > #206, 2013-11-27 > #207, 2013-11-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #205, 26-11-2013



Տեղադրվել է` 2013-11-25 23:15:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 847, Տպվել է` 32, Ուղարկվել է էլ.փոստով` 13

«ԱՄԵՆԱԼԱՎ ԱԶԳԱՅԻՆԸ ԱՄԵՆԱԼԱՎ ՀԱՄԱՄԱՐԴԿԱՅԻՆՆ Է....». ԼԵՎՈՆ ԼԱՃԻԿՅԱՆ

Հարցազրույցը վարեց` ՆԱՐԵ ՈՍԿԱՆՅԱՆԸ

Հարցազրույց ՀՀ Նկարիչների միության եւ ՀՀ լրագրողների միության անդամ, արվեստաբան Լեւոն Լաճիկյանի հետ: Ծնվել է թվականին Գյումրիում, սովորել է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետում եւ «Գեղագիտություն» բաժնի ասպիրանտուրայում: Հինգ գրքերի հեղինակ է: Ունեցել է ցուցահանդեսներ Գորիսում, Գյումրիում, Երեւանում եւ Նյու Յորքում: 2010 թվականին պարգեւատրվել է ՀՀ մշակույթի նախարարության «Ոսկե մեդալով»:


- Պրն Լաճիկյան, վերջերս ձեր աշխատանքները ներկայացրեցիք «Ժառանգություն առանց սահմանների» խորագիրը կրող անհատական ցուցահադեսին: Հետաքրքրական է խորագրի հենց ձեր մեկնաբանումը:

- Մենք ծնվում ենք արդեն նախնիներից ժառանգություն ստացած եւ կարեւոր է թե՛ այդ ժառանգությունը կրելը , թե՛ մեր հետնորդներին փոխանցելը: Իսկ ինչ ասել է «ժառանգություն առանց սահմանների». ես գտնում եմ , որ նեղ ազգայնական պահերը մեզ այնքան են վնասել, որ այսօր մենք մեկուսացել ենք աշխարհից, ոչ միայն տարածական, այլեւ հոգու բլոկադայի ենք ենթարկված: Մի տեսակ չենք ինտեգրվում համաշխարհային մշակույթի մեջ: Ես իմ ցուցահանդեսով չեմ զանազանում, ասենք, Մեղրին, Փարիզը, Գորիսը, Լիոնը, Վենետիկը, Գյումրին: Իմ այս ցուցահանդեսներով ուզում եմ այդ համադրությունը անել հայկականի եւ օտարի: Ամենալավ ազգայինը ամենալավ համամարդկայինն է:

- Ո՞րն է կապը այդ տարբեր քաղաքների միջեւ:

- Կապը նախ մարդու ձեռակերտած բնությունն է: Ես, որ նայում եմ Վենետիկին, ինձ Զվարթնոցի խոյակ է հիշեցնում: Ազգայինը շատ լավ բան է, բայց պետք է նաեւ ներդաշնակվենք, ընդունենք ուրիշների արածը: Առաջինը լինելու հանգամանքը միշտ չէ, որ պետք է շեշտադրենք: Երբ Բախ եմ լսում` Մատթեոսի տառապանքները, ինձ թվում է իմ հայրենակցի գրածն է: Այսօր մենք պետք է կարողանանք աշխարհի քաղաքացին լինել` բալանսը պահպանելով:

- Ցուցահանդեսում ներառել էիք նաեւ «Ծաղկած Արարատ» նկարների շարքը: Ինչպե՞ս ծնվեց Արարատը ծաղկած նկարելու միտքը:

- Արարատի պատկերը անշրջանակ նկար է, այն ոգեղեն երեւույթ է ինձ համար: Եթե նկատել եք մեր քրիստոնեական խաչը շատ տարբեր է կաթոլիկ խաչերից, եզրերը ծաղկյալ են, դրա համար էլ ուզեցի Արարատը ծաղկյալ նկարել:

- Ըստ ձեզ, ո՞րն է այն ներքին մշակույթը, որ պետք է ունենա յուրաքանչյուր նկարիչ:

- Որպես արվեստաբան եմ ասում, որ ես հավատում եմ այն նկարչին, ով ունի հստակ գիծ եւ գծի կուլտուրա: Գծի կուլտուրայի մեջ ցոլանում է մարդու ներքին կուլտուրան: Դա կարողության եւ զարգացվածության նշան է: Ինձ համար ամենահայտի նկարիչը Ակսել Բակունցն է: Նա բառերով այնպիսի կտավ է ստեղծում, որ չգիտեմ ինչ գույներ պիտի վերցնես: «Օդը մաքուր էր, արցունքի պես ջինջ». սա արդեն դրեց իր գույնը, թափանցիկ լինելը:

- Հիմնականում տարբեր քաղաքների շինություններ եք նկարում. ինչպե՞ս կբնորոշեք մերօրյա երեւանյան շինությունները:

- Երեւանն այսօր դարձել է էկլեկտիկ: Որ խանութպանը ինչ ռաբիս ճաշակ ունի, նույն ձեւով էլ ձեւավորում է իր խանութը: Երեւանը ինձ համար դարձել է անհասկանալի քաղաք: Ուսանողներիցս մեկը Հյուսիսային պողոտայի մասին ասաց. «Ոնց որ պրոթեզ լինի Երեւանի բերանը հագցրած»: Քաղաքի կամ որեւէ բնակավայրի կշիռը նրա ազնիվ դիմագիծն է` հին, պատմաշունչ վիճակը: Այսօր մենք Երեւանը դարձնում ենք մոդեռն քաղաք` շուշաթղթած շենքերով ու սրճարաններով: Երեւանը դառնում է սրճարան` բաց երկնքի տակ:

- Իսկ ի՞նչ նոր ծրագրեր ունի պրն Լաճիկյանը:

- Նոր մտահղացումներ ունեմ: Շուտով գնալու եմ Պոլիս, «Գյումրիս» եմ տանելու իրենց ցույց տամ ու Պոլիսը նկարեմ բերեմ այստեղ ցույց տամ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #205, 26-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ