RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#204, 2013-11-23 > #205, 2013-11-26 > #206, 2013-11-27 > #207, 2013-11-28 > #208, 2013-11-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #206, 27-11-2013



Տեղադրվել է` 2013-11-26 23:13:57 (GMT +04:00)


Ընթերցված է` 1095, Տպվել է` 31, Ուղարկվել է էլ.փոստով` 14

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՆՖԵՐԱՆՍՆԵՐՈՒՄ ԵՎ ԿՅԱՆՔՈՒՄ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի եւ Հայաստանի ոստիկանության միատեղ կազմակերպած երկօրյա կոնֆերանսը, որին աջակցել էր նաեւ Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւի կենտրոնը, Հայաստանում ոստիկանության բարեփոխումների ներկա ու ապագա քայլերն էր քննարկում երեկ: Որեւէ կոնֆերանս որեւէ թեմայով հայ հանրությանն այլեւս հետաքրքրական չէ այն պատճառով, որ կոնֆերանսներում սովորաբար հնչած մտքերի բարձր տոնայնությանը հակադրվում է մեր ցածրորակ կյանքը, որտեղ սովորաբար հնչած մտքերի հակապատկերն է լինում: Սակայն ներկայումս Հայաստանում իրականացվող բողոքի տարբեր գործողությունների եւ այդ միջոցառումներին մեր ոստիկանության պահվածքի ֆոնին ուզեցինք տեսնել, թե, այնուամենայնիվ, ի՞նչ են խոսում այդ միջազգային կոնֆերանսում:

Ու չնայած ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը մի կարճ պահ էր այդ կոնֆերանսում եւ առավոտ վաղ իր ելույթից հետո մեկնել էր, չնայած ԵԱՀԿ համապատասխան ոլորտային պաշտոնյա ու նիստը վարող Մարկո Կուբնիի համոզմամբ` Հայաստանում դրականն այն է, որ պաշտոնյաները բարեփոխվելու կամք են դրսեւորում (մի անգամ եթե Հայաստանում Կուբնիին բերման ենթարկեն, ու նա ժպտացող բարձրաստիճանների փոխարեն տեսնի կոպտորեն բերման ենթարկող ոստիկանի` հազիվ թե կամքի մասին հիշի այլեւս), այնուամենայնիվ` այդ միջոցառումն իրոք հետաքրքական էր փորձի փոխանակման եւ տեղեկությունների ծավալի առումով: Լավ կլիներՙ այդ փորձի մասին լսեին ոչ թե գեղեցիկ կոստյումներով մի քանի բարձրաստիճան ոստիկանները, այլ մեր ոստիկանության առավել լայն շերտերը, որոնք այդ մի քանի բարձրաստիճանի նման հնարավորություն չունեն կոնֆերանսից կոնֆերանս ինտելիգենտ տեսքով գեղեցիկ ժպտալու եվրոպական բարեփոխիչներին, նրանց հետ համատեղ բարեփոխական ծրագրեր գրելու` միանգամից մի քանի կիլոգրամ կազմող գրականություն դնելով կոնֆերանսի սեղաններին` ոստիկանի բարեվարքության կամ ոստիկանություն-հասարակություն կապի վերաբերյալ:

Այ, ուրիշ բան, եթե այս կոնֆերանսն ինտերնետով հեռարձակվեր մեր համայնքային ոստիկանություններում եւ ծառայություններում, եւ սովորական ոստիկանին հասանելի լինեին Վրաստանի ՆԳՆ ներկայացուցիչ Պաատա Տոշկուայի կամ Էստոնիայի ներկայացուցիչ Մարկուս Տոնիսարի պատմությունները` իրենց երկրներում հաստատված ոստիկանական դրախտի մասին: Մերոնք իրենց ականջով կլսեին, թե ինչպես Էստոնիայում կարեւորում են ոչ թե ոստիկանի ֆիզիկական տվյալները նախ, այլ` մտավոր կարողությունները, քանի որ ֆիզիկական տվյալներ մարզվելու դեպքում հնարավոր է ձեռք բերել, իսկ մտավոր` ոչ, իսկ գործ բացահայտելու համար նախ խելք է պետք, թե չէ` ծեծելով ցուցմունք կորզել ով չի կարող: Եվ, առհասարակ, մերոնք կիմանային, թե որքան խորն է բարեփոխվել էստոնական ոստիկանությունն այն աստիճան, որ Եվրոպայում համարվում է հասարակության մեջ ամենից բարձր վստահություն ունեցող ոստիկանություններից` Ֆինլանդիայի ոստիկանությունց հետո: Կամ որ` իսկական ոստիկանը ոչ թե քրեական հանցագործությունների բացահայտման պլանը գերակատարած ոստիկանն է, այլ համայնքային ոստիկանը, ով պետք է կանխի հանցագործությունը, եւ այսպես բազմաթիվ այլ մանրամասներ, թե ի՞նչ է պետք լավ ոստիկան ու ոստիկանություն ունենալու համար: Կամ միգուցե Վրաստանի ներկայացուցչի հիացմունքով կվարակվեր մեր հասարակ ոստիկանը, ով պատմում էր, թե ինչպես Վրաստանում արմատախիլ արեցին «օրենքով» գողերին, նրանց մեկ միլիարդ դոլար ունեցվածքը հանրայնացրին օրենքով, այնպես որ Վրաստանում «օրենքով» գողերի համար այլեւս ձեռնտու չէր մնալը, եւ ինչպես է Վրաստանի ոստիկանությունն ընդհանրապես ազատվել քաղաքական ճնշումներից եւ ուղղորդվել միայն հասարակության կարիքները սպասարկելու վրա:

Դե, բայց սովորական ոստիկանին հասանելի չեն այս տեսակ կոնֆերանսում հնչող եւ բարեփոխվելու ցանկությամբ վարակող ելույթները, իսկ նրանց «շեֆերն» էլ, ովքեր այս կոնֆերանսների մշտական հյուրն են, այս բոլորը գիտեն կամ անգամ իրենց աչքով են տեսել: Ու անգամ` նրանց մի մասն այդ բոլորից հետո էլ հետաքրքրված էր լսածով: Ուրեմն արժեր, որ իրենց երկրների ոստիկանական բարեփոխումները ներկայացնող մարդիկ նույն պատմությունները պատմեին հայ ոստիկանների ավելի լայն լսարանների համար:

Իսկ դե առավոտյան, կոնֆերանսի բացմանը մեր ոստիկանապետը հնչեցրել էր այս առիթով սովորաբար հնչեցվող խոսքեր, թե` վերջին երկու տարին, այսինքն` իր պաշտոնավարման ընթացքում, իրականացվել են այնպիսի աշխատանքներ, որոնք նպաստել են ոստիկանության ծառայության եւ հաշվետվողականության բարձրացմանը, իսկ չլուծված խնդիրներն էլ լուծվելու են այս եւ եկող տարվա բարեփոխումների ծրագրով:

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինն էլ նշել էր, թե ոստիկանության համակարգի բարեփոխումը դժվար եւ մարտահրավերներով լի գործընթաց է, որ պահանջում է համակարգային եւ մտածողության փոփոխություն, ոստիկանության աշխատակիցների հմտությունների եւ գիտելիքների կատարելագործում:

Հա, մտածողություն պետք է փոխել, ու դա պետք է անել անկախ նրանից` ո՞նց է կոչվելու ոստիկանության այս կամ այն ծառայությունը, հրեշտակների ստորաբաժանում կա՞, թե՞ չկա, պարեկային ծառայություն կստեղծվի՞, թե՞ մի այլ: Ու մինչեւ չփոխվի մտածելակերպը, ոստիկանությունը չընկալվի ոչ թե որպես պատժող, միտինգները ցրող, հասարակ մարդուն վախեցնող, այլ հասարակության ու սովորական մարդու թիկունքին կանգնած կառույց, հազիվ թե ավելանա մեր հասարակության վստահությունը նրա նկատմամբ, որքան էլ ԵԱՀԿ-ի նախաձեռնությամբ հետաքրքրական հավաքներ նախաձեռնվեն, ու այնտեղ մեր եւ եվրոպացի ոլորտային պաշտոնյաները միմյանց ժպտան կամ բարեփոխումների բարձրագոչ ծրագրեր գրվեն ու ֆորմալ առումով իրականացվեն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #206, 27-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ