RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#204, 2013-11-23 > #205, 2013-11-26 > #206, 2013-11-27 > #207, 2013-11-28 > #208, 2013-11-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #206, 27-11-2013



Տեղադրվել է` 2013-11-26 23:13:57 (GMT +04:00)


Ընթերցված է` 1081, Տպվել է` 36, Ուղարկվել է էլ.փոստով` 14

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԾԽԱԾԱԾԿՈՒՅԹ

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ

Գալլիպոլիական արշավ: Արար 2

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն ներկայացրել է իր ծրագիրըՙ լռեցնելու հայերի բարձրաձայն արտահայտությունները 2015 թվին: Մինչ հայերն իրենց սուղ միջոցներով պատրաստվում են ցեղասպանության 100-ամյակը դարձնել շրջադարձային էջ պատմության մեջ, Թուրքիան իր հսկայական միջոցներով արդեն իսկ քայլեր է ձեռնարկում չեզոքացնելու հայկական նախաձեռնությունների ազդեցությունը: Եվ դա, անշուշտ, «հարեւանների հետ զրոյական խնդիրներ» ունենալու Անկարայի արտաքին քաղաքականության շրջանակներում:

Դավութօղլուն հակադարձելու հարմարագույն «թեման» է ընտրել Գալլիպոլիում անգլո-ֆրանսիական ռազմանավերի ու դեսանտային զորքերի դեմ թուրքերի տարած հաղթանակի տոնակատարությունը:

Գալլիպոլիի մարտերը սկսվել են 1915 թվի ապրիլի 25-ին, ուղիղ մեկ օր անց հայ մտավորականների եւ առաջնորդների ձերբակալումից, տարագրումից եւ բնաջնջումից, եւ ավարտվել 1916 թվի հունվարի 9-ին: «Գալլիպոլիի մարտեր», «ԱՆԶԱԿ ԴԵՅ» (ANZAC DAY) եզրերը թեեւ հիշատակվում են պատմության մեջ, սակայն պատմական կարեւոր նշանակություն չունեն:

Առաջին համաշխարհայինի ժամանակ դաշնակից պետությունները Մեծ Բրիտանիայի գլխավորությամբ կռվում էին Գերմանիայի գլխավորությամբ կենտրոնի ուժերի դեմ: Որպես բրիտանական գաղութային հպատակներՙ Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի ազատարար կորպուսները (ԱՆԶԱԿ), այսինքնՙ բանակային զորամիավորումները նույնպես ընդգրկված էին բրիտանական բանակի կազմում, իսկ Թուրքիան Գերմանիային էր միացել ընդդեմ դաշնակից պետությունների: Նշանակալի մարտերից մեկը տեղի ունեցավ Դարդանելում, որտեղ դաշնակից պետությունները փորձեցին Բոսֆորի նեղուցի միջով ճանապարհ բացել եւ միանալ իրենց արեւելյան դաշնակցինՙ Ռուսաստանին:

Մեր օրերում, «ԱՆԶԱԿ-ի օրը» ավստրալացիների համար «ազգային ինքնագիտակցության սկզբնավորման» խորհրդանիշ է: Մինչդեռ թուրքերի համարՙ Մուսթաֆա Քեմալին պատմական պատվանդանին բարձրացնելու առիթ, քանի որ, ըստ նրանց, Գալլիպոլիում թուրքական զորքերի առաջնորդըՙ Քեմալը սկզբնավորեց իրենց «ազատագրական շարժումը» (իրականում, սակայն, նա սոսկ շարունակողը հանդիսացավ երիտթուրքերի պատերազմի եւ բնաջնջման քաղաքականության), որն, ի վերջո, հանգեցրեց 1923-ին թուրքական հանրապետության գոյառմանը:

Նախկինում քրեական հանցագործների գաղութ հանդիսացող եւ երկար ժամանակ որպես այդպիսին նսեմացված Ավստրալիայի համար գուցե զարմանալի չէ, որ ռազմական պարտությունը սրբությամբ հիշատակվում է որպես «ազգային ինքնագիտակցության սկզբնավորման» օր: Դա ավստրալացիների ամենասուրբ տոնն է, եւ հազարավորներ այդ օրը իրենց նորզելանդացի համախոհների հետ Ստամբուլ են մեկնումՙ նշելու թուրքերիՙ իրենց մարդասպանների «հզորությունը» եւ «հաղթանակը»:

Այս մտածելակերպը նման է թուրքերի հանդեպ ունեցած ավստրիացիների վերաբերմունքին: Օսմանյան բանակները երկու անգամ փորձեցին նվաճել Վիեննան, մեկը Սուլեյման I-ի, իսկ մյուսըՙ Կարա Մուստաֆայի իշխանության օրոք (1683): Երկու անգամ էլ նրանք պարտության մատնվեցին: Սակայն 1983-ին ավստրիական կառավարությունը որոշեց օսմանցիների դեմ տարած հաղթանակի 300-ամյակը տոնել թուրքերի հետ, դարձնելով այն ավստրա-թուրքական բարեկամության տոնախմբություն, հաշվի չառնելով, որ երկու պատերազմների ընթացքում թուրքերը կոտորել էին ավստրիացի գերիներին:

Գալլիպոլիի մարտերը մնում են պատմության առեղծվածներից մեկը: Գերմանա-թուրքական զորքերը պարտվում էին ե՛ւ արեւելյան ճակատում, ե՛ւ Մեձավոր Արեւելքում (որտեղ դաշնակից բանակներում կռվում էին նաեւ հայ կամավոր լեգեոնականներ), բայց հանկարծ նրանք հաղթանակ տարան Գալլիպոլիի մարտերում: Այդ ժամանակ Ուինստոն Չերչիլը Բրիտանիայի ռազմածովային նախարարն էր եւ թշնամի բանակի վերաբերյալ ունեցած սխալ տեղեկությունների հիման վրա որոշեց հարձակվել Դարդանելի վրա: Եվ ձախողության մատնվեց: Որոշ պատմաբաններ հավատացած են, որ ռազմածովային նախարարությանը դիտավորյալ կեղծ զեկուցագրեր էր ներկայացրել: Կարծիք կա նաեւ, որ թշնամին տեղեկացված է եղել դաշնակիցների ծրագրերի մասին: Հարց է ծագումՙ ինչո՞ւ նման «դավադիր» գործողություն պիտի իրագործվեր: Կատարվածը այնքան էլ հավանական չի թվում, մինչեւ մենք չխորանանք 19-րդ եւ 20-րդ դարերի բրիտանական արտաքին քաղաքականության մեջ:

Բրիտանացիները միշտ էլ փորձել են, եւ դա նրանց հաջողվել է, ռուսներին հեռու պահել Միջերկրական ծովի տաք ջրերից: Իրականում, երբ ռուսական զորքերը հասան եւ նվաճեցին Ադրիանապոլիսը Թուրքիայում, եւ 1878-ին ստորագրվեց Սան Ստեֆանոյի պայմանագիրը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բենջամին Դիզրայելին զայրույթից ձեռնամուխ եղավ նույն տարում Բեռլինում հրավիրել մեկ ուրիշ կոնգրես, որի ընթացքում ստորագրվեց Բեռլինի պայմանագիրը: Վերջինս ողբերգական հետեւանքներ ունեցավ Օսմանյան կայսրությունում ապրող հայերի համար:

Այսպիսով, Գալլիպոլիում բրիտանացիները ցանկացան ցույց տալ իրենց ռուս դաշնակիցներին, որ իրենք փորձ արեցին Ստամբուլը գրավելու, բայց հաջողության չհասան, մի անգամ եւս զրկելով Ռուսաստանին Միջերկրականի տաք ջրերը հասնելու հնարավորությունից:

Գալով թուրքական կողմինՙ պետք է նշել, որ Մուսթաֆա Քեմալը թուրք հինգ հրամանատարներից մեկն էր միայն: Այդ ժամանակ օսմանյան հինգերորդ բանակը գտնվում էր գերմանացի Օտտո Լիման ֆոն Սանդերզի հրամանատարության ներքո: Գերմանիան թուրքերին զինել էր ծանր հրետանիով եւ մարտանավերով: Հաղթանակը փաստորեն Գերմանիայինն էր, բայց վերջինս զիջել էր այն Մուսթաֆա Քեմալին: Եվ այսօր, երբ Դավութօղլուն պատրաստվում է տոնել Գալլիպոլիի հաղթանակը, այդ վերագրումը փաստորեն պահպանվում է, եւ ոչ ոք չի նշում, որ Աթաթուրքն ընդամենը «երկրորդ ջութակի» դեր էր կատարել մարտերի ընթացքում:

Բայց նախքան հայերին դիմակայելը 2015-ին, թուրքերն այսօր իսկ անակնկալ խլրտումների են հանդիպում Ավստրալիայում: Դավութօղլուն կարծես «ձախ ոտքի վրա վեր կենալով» է սկսել իր նախաձեռնություններըՙ արգելելով Նոր Հարավային Ուելսին պատվիրակություն ուղարկել Թուրքիաՙ մասնակցելու Գալլիպոլիի տոնախմբություններին, որովհետեւ վերջինս հատուկ բանաձեւով ճանաչել է հայերի ցեղասպանությունը: Ավստրալացիները զայրացած են եւ նոր ճակատամարտերի են պատրաստվում: Այս անգամ նրանք Դաշնային կառավարությունից են պահանջում ճանաչել հայերի ցեղասպանությունը:

Թուրքիայի կառավարության ամեն մի նոր ժխտողական քայլ իր հակադարձ քայլն է ստանում: Դավութօղլուի մյուս կոպիտ սխալը վարկաբեկված պատմաբան Ջաստին Մկքարթիին Ավստրալիա ուղեւորելն էՙ «ուսուցանելու» ավստրալացիներին «Հայ-թուրքական պատմական հարաբերությունները» առարկան [1]: Նման դեպքերում բոլոր ծախսերը հոգում է թուրքական կառավարությունը:

Բայց Մկքարթիի «Ի՞նչ պատահեց 1915-23 թվերին» թեմայով դասախոսությունը նսեմացվել է Թուրքիայում հանրային մի այլ քննարկումով. Թուրքիայի խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքը Նոր Հարավային Ուելսի (ՆՀՈւ) խորհրդարանին կոչ է արել վերանայել եւ չեղյալ համարել հայերի ցեղասպանության ճանաչումը: Նա սպառնացել է, որ Թուրքիայի հարաբերությունները Ավստրալիայի հետ կարող են վատթարանալ: Դրան ի պատասխան ՆՀՈւ-ի վարչապետ Բարրի Օ՛Ֆարրելը նշել է, որ նման սպառնալիքները անըմբռնելի են եւ պարսավանքի արժանի: Գրավոր իր հայտարարության մեջ նա թուրք պաշտոնյաներից պահանջել է Գալլիպոլիի 100-ամյակի տոնակատարությունները չօգտագործել քաղաքական նպատակներով:

Քաղաքագետները խորաթափանց են: Նրանք շատ լավ են հասկանում, թե ինչ արժեք ունեն թուրքական սպառնալիքները: Անկարան սրանից առաջ սպառնացել էր նաեւ Ֆրանսիային եւ Շվեյցարիային, բայց հետո դարձյալ վերադարձել նրանց հետ գործակցելու սովորական ոճին:

Մկքարթին անշուշտ օգտվում է խոսքի ազատության իր իրավունքից: Սակայն եթե նա իր սիրելի Թուրքիայում փորձեր հակառակը պնդել, իրեն հավանաբար բանտում կգտներ 301 հոդվածը խախտելու մեղադանքով: Խոսքի ազատությունն, անշուշտ, կարող է ունենալ տարբեր մեկնաբանություններ: Հուսով ենք, ավստրալահայերը պատշաճ ձեւով վերաբերված կլինեն հյուրընկալվող բանախոսին, որն իր հոնորարը, միեւնույն է, ստանալու է, եթե նույնիսկ բավականաչափ մարդկանց չհամոզի:

Դատական հոգեբույժ եւ պատմաբան, ՆՀՈւ-ի Ուոլլոնգոնգ համալսարանի պրոֆեսոր Ռոբերտ Կապլանն «Օստրելյըն» թերթի իր բլոգում նշել է. «Ավստրալիայում, այո, կա խոսքի ազատության հանդեպ հանդուրժողականություն, եւ թուրքական սպառնալիքները միայն ավելի են մոտեցնելու այն օրը, երբ դաշնային մակարդակով ճանաչվելու է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: Հուսով եմ, դա տեղի է ունենալու «ԱՆԶԱԿ-ի օրվա» առաջին հարյուրամյակից առաջ»: Աստված ձայնը լսի:

Գալլիպոլի արշավի 2-րդ արարն սկսված է: Առաջին մասում թուրքերը իրենց կողքին ունեին գերմանացի Օտտո ֆոն Սանդերզին եւ գերմանական ռազմանավերՙ հաղթելու համար մարտերում: Երկրորդ մասում նրանք իրենց կողքին չունեն... ճշմարտությունը:

Դետրոյթ, ԱՄՆ, Թարգմ. Հ. Ծ.

1. Այս մասին տե՛ս «Ազգի» նոյեմբերի 20-ի համարը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #206, 27-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ