RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#204, 2013-11-23 > #205, 2013-11-26 > #206, 2013-11-27 > #207, 2013-11-28 > #208, 2013-11-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #206, 27-11-2013



Անցուդարձ

Տեղադրվել է` 2013-11-26 23:13:57 (GMT +04:00)


Ընթերցված է` 1085, Տպվել է` 43, Ուղարկվել է էլ.փոստով` 12

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԴԵՄՔՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿՐՈՐԴ ՔԱՂԱՔԸ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Ամենեւին էլ ոչ Կրեմլի հաստ ու կարմիր պատերին մոտ կանգնած մեր «հավաստի աղբյուրները», այլ գյումրեցի մեր ծանոթները (ոչ մի դեպքում չխառնել «մեր աղբյուրներ»-ի հետ) եւ ոգեւորված, եւ հեգնանքով հայտնում են, թե Հայաստանի երկրորդ քաղաքը այս օրերին հաճելիորեն կերպարանափոխվում է: Միջին տարիքի գյումրեցիները, իսկ ավելի երիտասարդների մասին էլ խոսք չկա, նման «քաղաքային ուբոռկա» չեն էլ հիշում, թե ե՞րբ է վերջին անգամ եղել: Պատճառն այս ամենի վաղուց հայտնի է. դեկտեմբերի սկզբներին Հայաստան է ժամանում Վլադիմիր Պուտինը, գյումրեցիների ասած` «Ավելին, քան Ռուսաստանի նախագահը»: Ուշագրավ է, որ Գյումրին կերպարանափոխվում է այն պայմաններում, որ ոչ ՀՀ, ոչ ՌԴ նախագահների պաշտոնական կայքերը որեւէ տեղեկություն չեն տալիս Ռուսաստանի նախագահի` Հայաստան կատարելիք մոտակա այցի վերաբերյալ. գյումրեցիներն այս կապակցությամբ էլ ասելիք ունեն. «Հիմա մարդը երբ կգաՙ կգա, կարեւորըՙ քաղաքը կարգի բերեք: Թեկուզ երկու տարուց գա, հազիվ էլ հասցնենք...»:

Այսինքն հայտնի չէ, թե կոնկրետ որ օրը Հայաստան ժամանող Պուտինը, մայրաքաղաք Երեւանից բացի, կլինի նաեւ Գյումրիում: Իհարկե, ակնհայտ է, որ ՌԴ նախագահը Գյումրիում չէր լինի, եթե Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազան լիներ ոչ թե ՀՀ երկրորդ քաղաքում, այլ, ասենք, Վարդենիսում: Հետեւաբար, Պուտինը այցելում է ոչ այնքան Գյումրի, որքան իր երկրի ռազմաբազա: Խնդիրն այստեղ հետեւյալն է, որտե՞ղ սկզբում կլինի Պուտինը, նա սկզբում կժամանի Գյումրի՞, թե՞ Գյումրի կմեկնի արդեն Երեւանից: Սա, ըստ Պուտինին «խիստ սիրող» մեր մամուլի ու փորձագետների, բավականին հատկանշական է, քանի որ, ըստ նրանց, եթե Պուտինը սկզբում լինի Գյումրիում, այլ ոչ թե ՀՀ մայրաքաղաքում, ուրեմն նա Հայաստան իր կատարած պաշտոնական այցը ընկալում է որպես զուտ աշխատանքային այցելություն սեփական ռազմաբազա, ոչ ավելին: Իսկ եթե Պուտինը սկզբում լինի մայրաքաղաքում, նոր միայն մեկնի` Գյումրի, ուրեմն նա հասկանում է, որ պաշտոնական այցով եկել է անկախ պետություն, որն ունի իր մայրաքաղաքը, որտեղից էլ ինքը հանգիստ կարող է մեկնել մեկ այլ քաղաք, որտեղ տեղակայված է իր երկրի ռազմաբազան: Իհարկե, այս վարկածը, քանի Պուտինն իր այցելությամբ ու Հայաստանում արած հայտարարություններով չի հերքել, իրավունք ունի լինելու:

Բայց մյուս կողմից, եթե Պուտինը սկզբում ժամանի Գյումրի, ապա գուցե նա դրանով իսկ ցանկանում է հատուկ շեշտե՞լ, որ ինքն ու իր երկիրն են` ի դեմս Գյումրում ռուսական ռազմաբազայի, Հայաստանի անվտանգության միակ երաշխավորը, եւ հենց ՀՀ անվտանգությունն ամրապնդելու հետ կապված հարցերի հիման վրա էլ ընթանան Սարգսյան-Պուտին բանակցությունները: Ընդունենք, որ այստեղ եւս ճշմարտություն կարելի է տեսնել: Եվ վերջապես, անկախ ամեն ինչից, միջազգային արարողակարգի պրակտիկայում բավականին նորմալ ու ընդունված բան է, որ որեւէ երկրի նախագահ, ժամանելով որեւէ այլ երկիր, սկզբում չի այցելում տվյալ երկրի մայրաքաղաք, ավելին, մայրաքաղաքում երբեք էլ չի լինում: Օրինակՙ ԱՄՆ մեկնած մի շարք երկրների առաջին դեմքերի ամերիկյան նախագահները ոչ բոլոր դեպքերում են Վաշինգտոնում ընդունում: Բարաք Օբամա-Սերժ Սարգսյան հանդիպումը կայացավ ամենեւին էլ ոչ Վաշինգտոնում: Ինքը` Պուտինը, բազմաթիվ երկրների ղեկավարների ընդունում է ամենեւին էլ ոչ Մոսկվայում, վերջերս Ռեջեփ Թայիփ Էրդողանն էր Ռուսաստանում, եւ Պուտինը նրան ընդունեց Սանկտ Պետերբուրգում, որն, ի դեպ, «ռուսական Գյումրին» է:

Այնպես որ, նախ սպասենք պաշտոնական տեղեկությանը, թե Պուտինը գալի՞ս է արդյոք Հայաստան, եւ եթե գալիս է, ապա ե՞րբ, ապա նոր ավելի մանրամասն քննարկենք, թե սկզբում որտե՞ղ կլինի նա եւ ինչո՞ւ: Հիմա Պուտինի` առաջինը Գյումրի այցելելու իմաստն ու նպատակը ամենեւին էլ միանշանակ չեն. դա կարող է բազմաթիվ բաներ նշանակել, ընդ որում` իրարամերժ բաներ: Օրինակՙ գյումրեցի մեր ծանոթներից մեկը, երբ ասացինք, որ գուցե Պուտինը սկզբում լինի Գյումրիում, ասաց. «Ինչի որտե՞ղ պիտի առաջինը լիներ, որ...»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #206, 27-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ