RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#205, 2013-11-26 > #206, 2013-11-27 > #207, 2013-11-28 > #208, 2013-11-29 > #209, 2013-11-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #207, 28-11-2013



Տեղադրվել է` 2013-11-27 23:46:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 2193, Տպվել է` 20, Ուղարկվել է էլ.փոստով` 19

ԿԱՐԵՎՈՐ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻՑ ՀԻՆԳ ՐՈՊԵ ՊԱԿԱՍ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Սեպտեմբերի 3-ից սկսած հայկական քաղաքական արեալում եւ ընդհանրապես երկրում ոչինչ նման չէ սեպտեմբերի 3-ից առաջվա ժամանակին: Ամեն օր ինչ-որ բան է փոխվում, ամեն օր նոր նրբերանգներ կան, որոնք ամենայն մանրամասնությամբ ամբողջացնում են մի իրավիճակ, երբ Հայաստանում քաղաքական գործընթացներ չկան կամ գրեթե չկան, ամեն ինչ պտտվում է արտաքին քաղաքական մոտեցումների շուրջը: Քաղաքական ուժերը քաղաքականությամբ չեն զբաղված, այլ մանր-մունր գործերով ու անգամ սեփական տեսակետ ունենալու «ծանր» գործի տակից չեն կարողանում դուրս գալ` նույն արտաքին քաղաքականության հետ կապված թեկուզ: Ոչինչ իրենք չեն որոշում, նրանց կարծիքը ոչ մեկին, առնվազն որոշողներին չի հետաքրքրում, թերեւս միայն մամուլի ակումբավարներին, էն էլ իրենց գործն արդարացրած լինելու առումով: Ընդհանրապես` մի տեսակ մերոնք ավելորդ են դարձել: Նրանք էլ մինչեւ վերջին օրը տեղյակ չեն ոչնչից, ինչպես հանրությունը. ասենք` նախագահ Սարգսյանը մասնակցելո՞ւ էր Վիլնյուսի գագաթաժողովին, մեզ նման դա նրանք իմացան նախ Եվրոհանձնաժողովի, հետո նախագահի կայքից: Նրանք էլ մեզ նման չգիտեն` ի՞նչ թուղթ է ստորագրվելու Վիլնյուսում, եւ ենթադրություններ են անում միայն, ինչպես օրինակՙ ՀՀԿ-ում ոչ ամենեւին երկրորդական մարդ, ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը , թե` մի փաստաթուղթ, համաձայնագիր կամ պայմանագիր կստորագրվի, էլի, Մաքսային միության դրույթներին չհակասող, ԵՄ-ի հետ հարաբերություններն էլ չեն խզվի: Նրանք էլ մեզ նման տեղյակ չեն` ի՞նչ են քննարկելու Պուտինն ու Սարգսյանը, ու էլի ամեն ինչ ենթադրությունների ծիրում է: Է, լավ, ո՞ւմ է պետք նման քաղաքական դաշտը:

Մյուս կողմից` եթե ունես այնպիսի քաղաքական դաշտ, որի կարծիքը որոշում կայացնելիս պետք չի լինում, ուրեմն մի բան խախուտ է Հայաստանում, քանի որ այդպես որոշում կայացնողն է հարվածի տակ, նրա պատասխանատվության բեռն է ավելանում, ու նրա հանդեպ պահաջատիրությունն է շատ: Սխալվի` նրան են մեղադրելու, հաջողի` նրան են գովելու, ու դրանք երկուսն էլ ամեն պահ կարող են պատահել:

Քաղաքական դաշտը, որ մեծ հաշվով բան չգիտի` դատարկն, այդպիսով, երբեմն փորձում են լրացնել այլ «գործուղվածներ»:

Պարույր Հայրիկյանն է մեկ «Վիլնյուս կամ հրաժարական» նստացույց անում, մեկ էլ եվրոկայքից տեղեկանալով, որ երկրի նախագահը գնում է Վիլնյուս` նստացույցի փասափուսեն հավաքում է. պարզվում է` նրա պահանջը երկրի նախագահի Վիլնյուս գնալով կատարված է, ու եթե նախագահը գնում է Վիլնյուս, մի բան կստորագրվի ուրեմն. իսկական կոմեդիա: Իսկ եթե հանկարծ ու պարզվեր` նախագահը չի գնում Վիլնյուս, Հայրիկյանը նորից նստացույց էր անելու, հանրահավաք էլ այսօր նախօրոք հրավիրել էր, բա:

Կամ` չնայած վարած պաշտոններին մինչեւ այժմ «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ ներկայացող Աշոտ Մանուչարյանը նորից է հայտնագործում, թե մենք լավ հարաբերություն պետք է պահպանենք եւ ԵՄ-ի, եւ Ռուսաստանի հետ, համադրման եղանակով պետք է աշխատենք, ուրեմն, իբր մյուսները չէին կարող գլխի ընկնել, Հայաստանն էլ կարողանում է` չի՞ պահպանում հավասար հարաբերություններ: Իսկ արեւմտյան քաղաքակրթությունն էլ, լավ լսեք, մահանում է, չգիտեիք, իմացեք, բա: Իսկ ահա Պուտինը, քանի որ գիտե մեր ժողովրդի վերաբերմունքն իշխանության նկատմամբ, գալիս է հանդիպելու ժողովրդի եւ ոչ թե իշխանության հետ: Միգուցե Մանուչարյանն ինքը կա այն ժողովրդի մեջ, որի հետ Պուտինը հանդիպելու է: Կամ միգուցե Պուտինն իր ժողովրդի շահը թողած` մեր ժողովրդի շահի պոչն է բռնելու: Երեւի Պուտինի ասածը չի լսել, որով Բրյուսելին հասկացնում էր երեկ, որ ոչ մեկին դուր գալու համար չեն խեղդի իրենց տնտեսության ամբողջ ոլորտներ, եւ եթե Ուկրաինան ԵՄ-ի հետ համաձայնագիր կնքի` Ռուսաստանը Ուկրաինային արտոնյալ առեւտրի ռեժիմից կզրկի:

Անկախ ենթադրություններից` Սարգսյան-Պուտին հանդիպումն, իսկապես, ընդգրկուն կարող է լինել, քննարկվող թեմաներն այնքան շատ կարող են լինել, որ գուցե մի այցից այդքան ակնկալիք պետք չէր ունենալ. ասենք` որտեղո՞վ է անցնելու ՄՄ-ի սահմանը եւ ո՞նց է լուծվելու ԼՂ-ի հետ հարաբերվելու հարցը, հակաօդային պաշտպանության միասնական համակարգի շուրջը ինչ-ինչ պայմանավորվածութուններ ձեռք բերվելո՞ւ են, անվտանգության վերաբերյալ ՄՄ-ի անդամ երկրների տրամագծորեն տարբեր մոտեցումներն ինչպե՞ս են մոտենալու իրար եւ այլն, այնպես որ ենթադրություններ անելու ցանկություն ունեցող լինի, ենթադրություն անելն առողջության համար լավ է:

Իսկ ահա այսօր Բրյուսելում դժվար է լինելու երեւի բոլորի համար, այդ թվում` ԵՄ-ի, որը պետք է կարողանա գլուխը բարձր պահել` մեծ համաձայնագրի ստորագրումից երկրներ կորցնելու պարագայում, իսկ Հայաստանը պետք է կարողանա ԵՄ-ի հետ գործակցելու դուռն այնքան կիսաբաց թողնել, որ հետո խնդիր չունենա եվրոպական ուղղությամբ, ու ավելի մեծ պետություն Ուկրաինայի հրաժարումն համաձայնագրի ստորագրումից այս պահին ավելի մեղմում է Հայաստանի դիրքը:

Իսկ Հայաստանում հենց Վիլնյուսի նախօրեին եւ Պուտինի այցից 5 րոպե պակաս Gallup International-ի ներկայացուցիչ մի ընկերություն տնտեսական հետազոտության համատեքստում պարզել է, որ Հայաստանի բնակչության 64 տոկոսը դրական է ընկալում ՄՄ-ին Հայաստանի անդամակցությունը: Ու հարցվածները զգալի տոկոսներով մի դրախտ են ուրվագծել Հայաստանում ՄՄ-ին անդամակցելուց հետո` տնտեսական աճ, գների իջեցում: Շատ քիչ տոկոսն են հարցվածներից ենթադրել, թե գներն, ընդհակառակը, կբարձրանան, ու Հայաստանում էլ ոչինչ չի փոխվի ՄՄ-ին անդամակցելուց հետո:

Արժե երեկվա ընթացքում դեռ ենթադրությունների մակարդակով հնչող մի երկու կարծիք բերել, այնուամենայնիվ, մեր քաղաքական դաշտին ամբողջովին ջուրը չգցելու համար. օրինակ` ՕԵԿ-ի փոխնախագահ Մհեր Շահգելդյանը երեկ ասում էր, թե ՄՄ-ին անդամակցելու Հայաստանի որոշումը չի խանգարի իրականացնել Եվրոպական միության հետ ձեռք բերված համաձայնությունները, իսկ ՄՄ-ին անդամակցելու որոշումը ազգային անվտանգության եւ տնտեսական շահերից ելնող որոշում է: ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանն էլ զարմանում էր. «Անպայման պետք է բարիկադնե՞ր ստեղծենք ու բաժանվենք երկու մասի՞: Առ այսօր չի եղել սառը դատողությամբ քննարկում այս հարցի շուրջը: Իմ կարծիքով, մեր հնարավորությունները սահմանափակ են, քանի որ եթե Հայաստանը չընտրեց Եվրոպայի հետ ասոցիացման ճանապարհը, եկեք տեսեք, որ նաեւ Եվրոպայի մեղքը կա այստեղ: Ինչո՞վ էին եվրոպական կառույցները զբաղված Հայաստանում 22 տարիների ընթացքում: 220 մլն դոլար է ծախսվել, որ կառուցվածքային փոփոխություններ արվեն, բայց կարո՞ղ ենք ասել, որ կառավարման համակարգը դարձել է արդյունավետ»: Իսկ ահա Լարիսա Ալավերդյանը երկրի անվտանգության խնդրին նայում էր բոլորովին այլ տեսանկյունից` ամենամեծ վտանգը համարելով Հայաստանի` մեկ պետությամբ պաշտպանված լինելը:

Էսօր Վիլնյուսն է, երկու օր հետո` Պուտինի այցը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #207, 28-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ