RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#206, 2013-11-27 > #207, 2013-11-28 > #208, 2013-11-29 > #209, 2013-11-30 > #210, 2013-12-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #208, 29-11-2013



Տեղադրվել է` 2013-11-28 23:27:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 1002, Տպվել է` 18, Ուղարկվել է էլ.փոստով` 11

ՎԵՐՍՏԻՆ ԿՈՉ ՕԲԱՄԱՅԻՆՙ ԹՈՒՅԼ ՏԱԼՈՒ ՀԱՅ ՈՐԲԵՐԻ ԳՈՐԳԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Հ. Ծ.

Նոյեմբերի 26-ին նախագահ Բարաք Օբամայի Գլենդեյլ (Կալիֆոռնիա) այցելության առիթով դարձյալ հնչել են կոչերը հայ որբերի հյուսած գորգի ցուցադրման վերաբերյալ: Ամերիկայի արեւմտյան շրջանի Հայ դատի կոմիտեն տեղեկացնում է, որ նախագահի ժամանման օրը Գլենդեյլում, որտեղ ապրում են ավելի քան 90 հազար հայեր, տեղի է ունեցել մամլո ասուլիս, որի ընթացքում համայնքային ղեկավար անձնավորություններ եւ եկեղեցականներ, ելույթ ունենալով, պահանջել են նախագահից վերանայել իր որոշումը եւ թույլ տալ որ ցեղասպանությունից մազապուրծ հայ որբուկների ձեռքով հյուսված եւ 1925 թվին նախագահ Կալվին Կուլիջին նվիրված հայկական գորգը ցուցադրվի Սմիթսոնյան ինստիտուտում:

Մամուլի ասուլիսը բացել է Հայ դատի Գլենդեյլի մասնաճյուղի նախագահ Պերճ Կարապետյանը , ով ողջունել է ամերիկյան եւ հայկական զանգվածային լրատվության ներկայացուցիչներին: Այնուհետեւ խոսք է առել Հայ դատի անդամ Րաֆֆի Համբարյանը . «Այսօր մենք կանգ ենք առնում, խորհրդածում եւ գործողության ենք դիմում: Կանգ ենք առնումՙ հիշելու ցեղասպանության ժամանակաշրջանում ամերիկյան ժողովրդի մեծահոգությունը, խորհրդածում այն փոքրիկ որբերի մասին, որոնց հոգատար ձեռքերով հյուսվել է այդ գորգը եւ նվիրվել նախագահ Կուլիջին, եւ վերջապես գործողության ենք դիմումՙ պահանջելով նախագահ Օբամայից, որ վերանայի հայկական գորգի վրա դրված անսովոր կարանտինը», նշել է նա:

Ապա արքեպիսկոպոսներ Հովնան Տետերյանն ու Մուշեղ Մարտիրոսյանը խոսել են գորգի մշտական ցուցադրման անհրաժեշտության մասին: «Փակ դռների հետեւում գորգը պահելը վիրավորական է ոչ միայն որբ աղջիկների գործած արվեստի հրաշալի գործի հանդեպ, այլեւ Ամերիկայի պատմության, որն այդ ժամանակ մեծահոգաբար է վերաբերվել մազապուրծներին», ասել է Մուշեղ արք. Մարտիրոսյանը :

Հիշեցնենք, որ նոյեմբերի սկզբներին կոնգրեսականներ Ադամ Շիֆն ու Դեյվիդ Վալադաոն ստորագրահավաք էին կազմակերպելՙ պահանջելով իրենց գործընկերներիցՙ աջակցել Սպիտակ տունը Անկարայի ժխտողական քարոզարշավի «կապիտուլյացումից» փրկելու ջանքերին: Այդ ժամանակ առանձին հաղորդագրությամբ նախագահ Օբամային էին դիմել նաեւ կոնգրեսականներ Փալոնն ու Շերմանը, որոնք հիասթափություն էին զգումՙ ականատեսը լինելով այն իրողության, որ Մ. Նահանգների նախագահ Կուլիջին հանձնված պատմական եւ մշակութային մի գանձ պահվում էր փակ դռների հետեւում:

Մամուլի ասուլիսի ավարտին ներկաները նամակ են ստորագրելՙ ուղղված Բարաք Օմաբային:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #208, 29-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ