RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#206, 2013-11-27 > #207, 2013-11-28 > #208, 2013-11-29 > #209, 2013-11-30 > #210, 2013-12-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #208, 29-11-2013



Տեղադրվել է` 2013-11-28 23:27:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 1109, Տպվել է` 18, Ուղարկվել է էլ.փոստով` 12

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԱՆՀԱՆԳԻՍՏ Է

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Ադրբեջանի դատարաններն անցած օրերին երկու գործով վերջնական վճիռ են կայացրել: Երկարաժամկետ բանտարկության են դատապարտվել Բաքվում Իսրայելի դեսպանատան դեմ եւ «Եվրոտեսիլի» «տապալման նպատակով ահաբեկչություն կազմակերպած» մի խումբ անձինք:

Գրեթե միաժամանակ իսրայելական մամուլում տեղեկություն է տարածվել, որ Ադրբեջանի հատուկ ծառայությունները Բաքվում «ձերբակալել են Իրանի մի քաղաքացու», որը կասկածվում է հրեական պետության դեմ «ահաբեկչություն իրականացնելու մտադրության մեջ»: Ադրբեջանական կողմը չի հաստատել, բայց եւ չի հերքել իսրայելական մամուլի այդ տեղեկատվությունը: Հարկ է հիշեցնել, որ նշված ժամանակահատվածում Իրան-Ադրբեջան եւ հակառակ ուղղության սահմանային անցակետերը փակ էին:

Բաքվում «ահաբեկիչների» դեմ վերջնական դատավճիռ կայացնելու օրն արտակարգ դեպք է արձանագրվել Եվլախ-Զաքաթալա ավտոճանապարհի վրա: Գնդակոծվել է «Հունդայի» մակնիշի ավտոմեքենա, որի 3 ուղեւորները ստացած վերքերից տեղում մահացել են, իսկ «վարորդին հաջողվել է դուրս նետվել եւ փրկվել»:

Մի քանի օր շարունակ Ադրբեջանի ոստիկանությունը եւ հատուկ ծառայությունները «կատարել են օպերատիվ որոնողական գործողություններ», «հայտնաբերվել եւ ձերբակալվել են հանցագործություն կատարելու մեջ կասկածվող»` Բելոկանի շրջանի 3 բնակիչներ:

Այս դեպքի կապակցությամբ հաղորդագրությունների մեջ ուշագրավն այն է, որ «Հունդայի» մեքենայում ոստիկանությունը «զննությամբ հայտնաբերել է զենք-զինամթերք», սակայն գնդակոծությունից «հրաշքով փրկված» վարորդին ձերբակալելու մասին որեւէ տեղեկություն չի տարածվել:

Նախանցյալ օրն Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որ «արմատական կրոնական կազմակերպության 3 անդամ է ձերբակալվել»: Նրանք կասկածվում են «Մեշադի Դադաշ» մզկիթի եւ ախունդ Շահին Հասանլիի դեմ «ահաբեկչություն նախապատրաստելու մեջ»:

Ըստ տեղեկություններիՙ նշված մզկիթը շիա մուսուլմանների աղոթատեղին է: Այդ առթիվ «Թուրան» գործակալությանը մեկնաբանություն է տվել Ադրբեջանի հոգեւոր առաջնորդ Փաշազադեն, որը նույնպես իսլամի շիա աղանդի հետեւորդ է: Ըստ Փաշազադեիՙ «նախապատրաստված ահաբեկչությունը փորձ է ոչ միայն թշնամանք սերմանելու իսլամի տարբեր հոսանքների միջեւ, այլեւ քայքայելու Ադրբեջանի հասարակական-քաղաքական կայունությունը»: Նա չի բացառել, որ «դրանում ներգրավված են արտաքին ուժեր»:

Ո՞ւմ է ուղղված Ադրբեջանի հոգեւոր առաջնորդի ակնարկը, ենթադրությունների չտրվենք: Մանավանդ որ հարեւան երկրում սովոր են սեփական դժվարությունները բարդել «արտաքին ուժերի» վրա: Խնդիրը խորքային է:

Նախագահական վերջին «ընտրություններից» առաջ ադրբեջանական մի շարք վերլուծաբաններ եւ փորձագետներ կարծիք էին հայտնել, որ «եթե ընդդիմադիր դաշինքին չհաջողվի արմատապես փոխել իրավիճակը, ապա Ադրբեջանին կմնա արդեն մեկ հնարավորություն` իսլամական հեղափոխությունը»:

Ընդդիմությանն, ինչպես հայտնի է, չհաջողվեց դառնալ լուրջ այլընտրանք: Հետեւաբար, «վերջին հնարավորությունը»` հասարակական կյանքում իսլամականության գործոնի ընդգծումը, հարեւան երկրում դառնում է պահանջված: Հատկապես այն իմաստով, որ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդը հասարակության շրջանում որեւէ հեղինակություն չունի եւ համարվում է իշխող վարչախմբի կցորդը:

Իրավիճակի վտանգավորությունը գիտակցում է նաեւ Իլհամ Ալիեւը, որը, չնայած շրջապատի համառ «խնդրանքին», առայժմ ձեռնպահ է մնում միացյալ ընդդիմությանը «պատասխանատվության ենթարկելու» քայլերից: «Հոկտեմբերի 9-ից (նախագահական «ընտրություններից_ Վ. Ա.) հետո Ջամիլ Հասանլին ծնկաչոք ներողություն կխնդրի»,_ սպառնում էր իշխող կուսակցության գործադիր քարտուղարի տեղակալ Սիավուշ Նովրուզովը:

Մինչդեռ Ջամիլ Հասանլին ոչ միայն ներողություն չի խնդրել, այլեւ վերջերս է շրջագայել Եվրոպայում եւ ԱՄՆ-ում եւ հայտարարել, որ «Ազգային խորհուրդը (ադրբեջանական միացյալ ընդդիմության ղեկավար մարմինը) լուրջ անելիքներ ունի նաեւ հետընտրական փուլում»: Նա նաեւ ասել է, որ «հոկտեմբերի 9-ից հետո ունենք բոլորովին նոր իրավիճակ»:

Ամենայն հավանականությամբ, որպեսզի կանխվի «իսլամական հեղափոխության» վտանգը, իշխող վարչախումբը որոշել է «թույլատրելի ժողովրդավարություն» խաղալ: Կա՞ն պայմանավորվածություններ Իլհամ Ալիեւի եւ Ջամիլ Հասանալիի միջեւ, թե՞ ոչ, դժվար է հաստատել կամ հերքել:

Այնուամենայնիվ, Ադրբեջանի հատկապես հյուսիսային շրջաններում, որտեղ բնակչության մեծամասնություն են կազմում էթնիկ լեզգիները եւ ավարները, իրավիճակը գնալով նմանվում է հարեւան Դաղստանին, որտեղ իսլամական արմատականությունն իրեն զգալ է տալիս գրեթե ամեն օր:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #208, 29-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ