RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#206, 2013-11-27 > #207, 2013-11-28 > #208, 2013-11-29 > #209, 2013-11-30 > #210, 2013-12-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #208, 29-11-2013



Ընթացիկ

Տեղադրվել է` 2013-11-28 23:27:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 928, Տպվել է` 19, Ուղարկվել է էլ.փոստով` 11

ՔՈՒՅՐԱՆԱԼ ԱՐՑԱԽԻ ՔԱՂԱՔՆԵՐԻ ՀԵՏ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Աշխարհում մի քանի տասնյակ քաղաքների հետ մայրաքաղաք Երեւանը քույր քաղաք է: Մեր մայրաքաղաքի քույր քաղաքներից է նաեւ իտալական Վենետիկն, օրինակ: Ոչ պակաս են այն քաղաքները, որոնց հետ «քույրացել» է Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրին: Գյումրիի քույր քաղաքների շարքում է, օրինակ, հունական Սալոնիկը: Իսկ Աշտարակի հետ «քույր» է հռչակվել ռուսական Լենինգրադի մազրի Կիրովսկ քաղաքը... Հայկական քաղաքների հետ, հասկանալիորեն, առաջին հերթին նման կարգավիճակի մասին հռչակագիր են ընդունում այն քաղաքները, որտեղ հայկական ակտիվ համայնք կա: Այս առումով զարմանալի չէ, որ հայկական քաղաքների հետ քույր են հիմնականում ԱՊՀ երկրների, ֆրանսիական, ամերիկյան մի շարք քաղաքներ: Սա նշանակում է, որ տվյալ քաղաքների հետ մեր քաղաքներն ունեն համագործակցության բարձր մակարդակ, տեղի են ունենում պարբերական հանդիպումներ, հետեւաբար կարելի է եւ ակնկալել այս համագործակցությունից ավելին:

Ավելին Արցախի անկախության ճանաչումն է: Հիշեցնենք, այս պահի դրությամբ, եւ Հայաստանի կողմից պաշտոնապես Արցախի անկախությունը չճանաչելու համապատկերում, հայկական երկրորդ հանրապետությունը ճանաչել են ԱՄՆ 4 նահանգներ` Ռոդ Այլենդը, Մասաչուսեթսը, Մենը եւ Լուիզանան, ինչպես նաեւ ամերիկյան երկու քաղաք, Կալիֆոռնիայում գտնվող, Վիլյամ Սարոյանի ծննդավայր Ֆրեզնոն եւ նույն նահանգում գտնվող Հայլանդը (այս մասին Հայլանդի քաղաքային խորհուրդը երեկ է որոշում կայացրել): Բոլոր այս սուբյեկտները, բացի իրենց կողմից ԼՂՀ անկախության ճանաչումից, կոչ են արել ԱՄՆ Կոնգրեսին ու Սենատին` հետեւելու իրենց օրինակին, որը «ԼՂՀ հակամարտության միակ արդարացի լուծումն է», ինչպես գիտենք մենք, եւ ինչպես ընդունում են Արցախի անկախությունը ճանաչողները: Չմոռանանք, որ ԼՂՀ անկախությունը ճանաչվել է նաեւ Ավստրալիայի ամենամեծ նահանգում` Նոր Հարավային Ուելսում, լիտվական Սեյմում էլ ստեղծվել է Արցախի խորհրդարանի հետ բարեկամության խումբ, իսկ ֆրանսիական Սենատի մի խումբ պատգամավորներ պարբերաբար լինում են Արցախում` «երկկողմ բարեկամության շրջանակներում»:

Ինչո՞ւ չաշխատել նաեւ Արցախի քաղաքներին արտասահմանում «քույր գտնելու» գործընթացով: Հնարավորությունը` կա, ցանկությունը, թվում է, նույնպես: Չէ՞ որ, եթե, օրինակ, ֆրանսիական Մարսելը կամ Վալանսը, կամ ամերիկյան Գլենդեյլն ու Փասադենան, ռուսական Արմավիրի հետ միասին հռչակվեն քույր քաղաքներ` Ստեփանակերտին, Շուշիին, Ասկերանին, Մարտունիին, ապա դրանով իսկ նրանք կճանաչեն Արցախում հիշյալ քաղաքների առկայությունը եւ հետեւաբար` Արցախի անկախությունը: Ժամանակի ընթացքում կարող ենք ունենալ հետեւյալ պատկերը, երբ երկրները դե յուրե ճանաչած չեն լինի Արցախի անկախությունը, այնինչ նրանց քաղաքները դա վաղուց արած կլինեն:

Այս ճանապարհին անելիք ունենք, մեր դիվանագիտական կորպուսով, ի դեպ, դիվանագիտական կորպուսի մեջ այս առումով ներառելի են նաեւ Սփյուռքը եւ նրա բազմաթիվ` միմյանց հետ համագործակցող, երբեմն` իրարամերժ, նույն անունը կրող, միմյանց չճանաչող, խայտաբղետ, բայց եւ, որն ամենակարեւորն է, միեւնույն նպատակը ունեցող քաղաքական-հասարակական կառույցները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #208, 29-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ