RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#209, 2013-11-30 > #210, 2013-12-03 > #211, 2013-12-04 > #212, 2013-12-05 > #213, 2013-12-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #211, 04-12-2013



Տեղադրվել է` 2013-12-03 23:24:06 (GMT +04:00)


Ընթերցված է` 1127, Տպվել է` 28, Ուղարկվել է էլ.փոստով` 16

ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻՑ ՄԻՆՉԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ցածր կենսաթոշակ ստացողներն ավելի շատ կստանան

Ազգային ժողովը, երեկ շարունակելով քննարկել ընդդիմության ներկայացրած հայտարարության նախագիծը` կենսաթոշակային բարեփոխման պարտադիր կուտակային բաղադրիչի հետաձգման վերաբերյալ, քվեարկությունը թողեց այսօրվան: Քննարկումը զուգահեռվում էր ԱԺ մոտ բողոքի գործողություններով:

Իսկ ահա դրանից հետո կառավարության առաջարկով քննարկվող «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի փոփոխություններով կենսաթոշակի բաշխումը հունվարի 1-ից համապատասխանեցվելու է ներկա սոցիալ- տնտեսական իրավիճակին` հստակեցնելով արտոնյալ պայմաններով կենսաթոշակային համակարգը եւ վերանայելով կենսաթոշակառուի անձնական գործակիցը հաշվառելու կարգը: Այդպիսով, տարբերակված մոտեցմամբ, որի նպատակն առավել քիչ կենսաթոշակ ստացողների թոշակի բարձրացումն է, առաջին 10 տարվա աշխատանքային տարիների համար մեկ տարվա համար սահմանվում է 700 դրամ, 10 տարուց ավելի ստաժի դեպքում` աշխատանքային հետագա ստաժի յուրաքանչյուր տարվա համար` 450 դրամ, իսկ մինչեւ այժմ 25 տարվա համար էր մեկ գործակից առաջարկվում: Փաստորեն` 10 տարվա ստաժի դիմաց կենսաթոշակը 42 տոկոսով բարձրանում է: Հիմնական զեկուցող, սոցապահովության նախարար Արտեմ Ասատրյանի խոսքերից դատելով` կառավարությունն այս կերպ է ձեւ մտածել ավելի ցածր թոշակ ունեցողների եկամուտը բարձրացնելու համար` թոշակի հաշվարկման նոր կարգ առաջարկելով եւ դա օրենքի տեսքով երեկ քննարկելով Ազգային ժողովում: Իսկ Հակոբ Հակոբյանի տեղեկացմամբ, ով ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահն է, այս փոփոխությունները կբերեն նրան, որ 32 հազար մարդով կնվազի ցածր կենսաթոշակ ստացողների թիվը (սա կգործի նոր տարվա հունվարի 1-ից): Մեկ այլ փոփոխությամբ վերանայվելու է զինծառայողների եւ նրանց հավասարեցված անձանց կենսաթոշակների հաշվարկման կարգը եւս` այն համապատասխանեցնելով քաղաքացիական կենսաթոշակառուների կենսաթոշակի հաշվառման կարգին, ընդհանուր առմամբ 15 տոկոս միջին աճ ապահովելով զինծառայողների կենսաթոշակներում:

Հայտարարությունների տաքն ու սառը

Ազգային ժողովի հայտարարությունների ժամին պատգամավորներից ընդդիմադիրները անդրադառնում էին նախորդ օրը Պուտինի այցի դեմ բողոքողների հանդեպ ոստիկանության գործողություններին` դրանք անվանելով մարդու իրավունքների խախտում եւ դրան մոտ այլ բնորոշումներով որակելով: Իսկ ահա երբ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը բովանդակային գնահատական տվեց Պուտինի այցին` Հայաստանի ինքնիշխանության կորուստ, կայսրության վերադարձ եւ այլ որակումներով, ու ավարտվեց նրանով, որ ԱԺ նիստը վարող Հերմինե Նաղդալյանը նետեց. «Դրա համա՞ր էիք գնացել ձեր հաղթանակները Ռուսաստանից բերելու»: Հրանտ Բագրատյանին անհանգստացնում էր գենդերացիդը` Հայաստանում դեռ չծնված աղջիկ երեխաների զանգվածային աբորտները: Էդմոն Մարուքյանը ֆիքսեց, որ Ազգային ժողովը չի մասնակցում Մաքսային միությանն անդամակցելու գործընթացներին եւ հարցեր ուղղեց` գազի գնի, ապրանքների թանկանալ-էժանանալու եւ մի շարք այլ կենսական հարցերի վերաբերյալ ՄՄ-ին անդամակցելու դեպքում, որոնց պատասխանները պատգամավորները չունեն, տեղեկատվության բաց կա, ու պահանջեց, որ բանակցող թիմը ԱԺ-ում հանդիպումներ ունենա եւ տեղեկատվություն տա: Իսկ ԱԺ փոխխոսնակ Է. Շարմազանովը երկու կարեւոր իրադարձությունների` Վիլնյուսի գագաթաժողովի եւ Հայաստանի համար նոր էջ բացող Պուտինի աննախադեպ այցի մասին խոսեց, վերջինի առումով նշելով, թե ստորագրված 12 կարեւորագույն պայմանագրով ամրապնդվել է խաղաղության երաշխիքը Հայաստանի համար, գազի սակագինն է նվազել, նավթի եւ նավթամթերքի 30 տոկոս մաքսատուրքն է հանվել, Հայաստանը ներռուսական գներով զենք ու զինամթերք է գնելու: Ըստ նրա` այդ բոլորի արդյունքը շարքային քաղաքացին իր մաշկի վրա է զգալու, իսկ որ մի քանի ընդդիմադիր այդ բոլորի համար կտխրեն, դա արդեն էական չէ:

Գալուստ Սահակյանից գազի գնի մասին են հարցնում

«Հայռուսգազարդի»` Հայաստանի ունեցած 20 տոկոս բաժնեմասը «Գազպրոմին» հանձնելու փաստի մեկնաբանությունը, որքան էլ տարօրինակ է, լրագրողները երեկ խնդրեցին ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանից , ով չմոռանալով նշել թեմայի մեջ իր խորացած չլինելու փաստը, այնուամենայնիվ եզրակացրեց, որ Հայաստանի բնակիչները գազն այն գնով կսպառեն, ինչ Ռուսաստանի բնակիչները: Իսկ «Հայռուսագազարդի» բաժնեմասի վերաբերյալ անսպասելի որոշման առիթով էլ նշեց, թե կա քաղաքական թիմ, որն իր լիազորությունների շրջանակում գործողություններ է կատարում, հո չե՞ն գնալու «Ազատության» հրապարակից հարցնեն:

Ռուսական գրադարան... Հայաստանի ԱԺ-ում

Այն խոսակցությունների ֆոնին, որ Ազգային ժողովի նախագահը ընդհանրապես ոչ մի ձեւով ներկայացված չէր Պուտինի այցի շրջանակում (ի դեպ` Վիլնյուսի օրերին էլ նա երկարատեւ բացակայում էր Հայաստանից), երեկ Ազգային ժողովում բացվեց ռուսական գրքի գրադարան` հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբի հետ համատեղ: Թե ինչ հարկ կար ընդհանուր գրադարանի գոյության ֆոնին առանձնացնել ռուսական գրքի գրադարանը` մի շարք բացատրություններից հետո էլ մնաց անհասկանալի, թեկուզեւ` ռուսական կողմն էր կահավորել կամ նախաձեռնել այդ գրադարանը: Բայց դա Հայաստանի՛ Ազգային ժողովում է: Հետեւո՞ւմ է արդյոք, որ եթե ԱՄՆ-ը կահավորի` ամերիկյան գրադարան կունենանք ԱԺ-ում, Հնդկաստանը` հնդկական գրադարան, թե՞ ռուսական գրադարանի բացմամբ Հ. Աբրահամյանը իր մասնակցությունը կամ ամագն է ֆիքսել հայ-ռուսական գործընթացներում: Համենայն դեպս գրադարանի բացմանն ԱԺ նախագահը նշեց, թե հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբը նոր հանդիպումների ու քննարկումների վայր կդառնա ոչ միայն խորհրդարանականների, այլեւ երկու երկրների հանրության ներկայացուցիչների համար, ինչը, անկասկած, իր ներդրումը կունենա մշակութային եւ հումանիտար կապերի խորացման գործում եւ մշտապես կհարստացվի ինչպես ժամանակակից, այնպես էլ ռուս դասական գրողների ստեղծագործություններով:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՌԴ նախագահի աշխատակազմի արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային եւ մշակութային կապերի վարչության պետ Վլադիմիր Չերնովը . «Այս գրադարանն ու ակումբը պահանջված հարթակ են մեր երկու երկրների խորհրդարանականների շփման համար», ասաց նա:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #211, 04-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ