RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#209, 2013-11-30 > #210, 2013-12-03 > #211, 2013-12-04 > #212, 2013-12-05 > #213, 2013-12-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #211, 04-12-2013



Ընթացիկ

Տեղադրվել է` 2013-12-03 23:24:06 (GMT +04:00)


Ընթերցված է` 949, Տպվել է` 22, Ուղարկվել է էլ.փոստով` 10

ՆԱԼԲԱՆԴՅԱՆ-ՄԱՄԵԴՅԱՐՈՎ ՀՆԱՐԱՎՈՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՅՍՕՐ ԿԱՄ ՎԱՂԸ

Վ. Պ.

Նոյեմբերի 19-ին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը Վիեննայում գնահատվեց որպես կառուցողական: Այս մասին երեկ Իրաքի արտգործնախարար Հոշիար Զեբարիի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը :

Պատասխանելով հարցին, թե Վիեննայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո կա՞ արդյոք բեկում բանակցային գործընթացում, առհասարակ ի՞նչ զարգացումներ են ակնկալվում, Նալբանդյանը նշել է, որ Վիեննայի հանդիպման ընթացքում նախագահները հանձնարարել են արտաքին գործերի նախարարներին օգտագործել հանդիպման առաջին հնարավորությունը, շարունակելու բանակցությունները, աշխուժացնելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացը: «Սա 2012թ.-ի հունվարից ի վեր նախագահների մակարդակով առաջին հանդիպումն էր», հիշեցրել է արտգործնախարարը:

Նրա խոսքերովՙ բոլորին հայտնի է, որ Հայաստանի պատճառով չէր, որ հանդիպումները չէին կայանում: «Այդպիսի հանդիպումներ կազմակերպելու մի քանի փորձեր եռանախագահների կողմից կատարվել էին: Վերջին այդպիսի փորձը եղել էր հունիս ամսին, անգամ տեղը եւ ժամկետը արդեն պայմանավորված էին, բայց հանդիպումից երկու-երեք օր առաջ ադրբեջանցիները հրաժարվեցին», տեղեկացրել է Էդվարդ Նալբանդյանը: Նա հույս է հայտնել, թե Վիեննայի հանդիպումը նոր հնարավորություններ է բացելու:

Այդուհանդերձ, արտգործնախարարների մակարդակով հնարավոր է, որ այսօր կամ վաղը Կիեւում տեղի ունենա հանդիպում: «Վիեննայից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման առաջին հնարավորությունը լինելու է վաղը կամ մյուս օրը Կիեւումՙ ԵԱՀԿ նախարարական հանդիպման շրջանակներում», ասել է Նալբանդյանը:

Ի դեպ, Հայաստանի արտգործնախարարը Ուկրաինայում կլինի դեկտեմբերի 4-6-ը` մասնակցելու ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստին: Կիեւում Նալբանդյանը ելույթ կունենա ԱԳ նախարարների խորհրդում, ինչպես նաեւ կունենա երկկողմ հանդիպումներ:

Ամեն դեպքում, Հայաստանը, ըստ Նալբանդյանի, կփորձի հնարավորինս առաջ տանել բանակցային գործընթացը: «Իհարկե, շատ կարեւոր է կողմերի կարգավորման ցանկության առկայությունը, բայց նաեւ կարեւոր է իրատես մոտեցում ունենալը, թե ինչպես կարելի է կարգավորել հիմնախնդիրը»: Այդպիսի իրատես մոտեցումը, Նալբանդյանի խոսքերով, կարող է հիմնված լինել եռանախագահների առաջարկների վրա, որոնք հրապարակվել են եռանախագահ երկրների նախագահների մակարդակով արված հինգ հայտարարություններումՙ լՙԱկվիլայում, Մուսկոկայում, Դովիլում, Լոս- Կաբոսում եւ Էնիսկլիենում:

«Հայաստանը հայտարարել է, որ կողմ է այդ հայտարարություններում առկա առաջարկների, սկզբունքների եւ հիմնադրույթների հիման վրա գնալու հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը: Եթե նույն վերաբերմունքը լինի Ադրբեջանի կողմից, ապա հնարավոր կլինի առաջ շարժել բանակցային գործընթացը եւ առավել մոտենալ հիմնախնդրի կարգավորմանը», եզրափակել է Նալբանդյանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #211, 04-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ