RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#209, 2013-11-30 > #210, 2013-12-03 > #211, 2013-12-04 > #212, 2013-12-05 > #213, 2013-12-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #211, 04-12-2013



Կարծիքներ

Տեղադրվել է` 2013-12-03 23:24:06 (GMT +04:00)


Ընթերցված է` 1055, Տպվել է` 23, Ուղարկվել է էլ.փոստով` 12

ՉԵՆՔ ՍԻՐՈՒՄ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ը

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Հասկանալի չէ, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան ի՞նչ այց էր: Ասում ենՙ պետական: Համենայն դեպս, ըստ երկու նախագահների պաշտոնական կայքերի, Պուտինը Հայաստանում էր պետական այցով: Բայց ի՞նչ է նշանակում պետության ղեկավարի պետական այցը այլ պետություն: Նախ, հյուրընկալող երկրի նախագահը, համաձայն նման պարագաներում միջազգայնորեն ընդունված արարողակարգի, բարձրաստիճան հյուրին դիմավորում է մայրաքաղաքի օդանավակայանում: Դիմավորման արարողությանը մասնակցում է պաշտպանության նախարարության հատուկ նվագախումբը, հնչում են երկու երկրների պետական օրհներգերը, պետական դրոշների համապատկերում, որից հետո երկու նախագահները հենց մայրաքաղաքի օդանավակայանում ողջունում են զինվորական շքերթըՙ հատուկ իրենց պատվին:

Պուտինի այցը մեկնարկեց Գյումրիում, եւ որքան էլ Հայաստանի երկրորդ քաղաքը տաղանդավոր, հանճարեղ մարդկանց ծննդավայր լինի, որքան էլ Գյումրիում ձմռան երկրորդ օրը կանաչ խոտ բուսի եւ որքան էլ Գյումրին համարվի կոլորիտային քաղաք, չի համարվում Հայաստանի մայրաքաղաք: Այնուհետեւ, համաձայն պետական այցի արարողակարգի, բարձրաստիճան հյուրի պատվին մայրաքաղաքը հատուկ զարդարվում է, ստեղծվում է յուրօրինակ տոնական մթնոլորտ, կենտրոնական փողոցներում տեղադրվում են երկու երկրների պետական դրոշները: Պուտինի այցի ժամանակ այս ամենը կար, բացի տոնական մթնոլորտից, որովհետեւ բազմահազար ոստիկանական կուտակումները, ոստիկան-երիտասարդ բախումները, մի քանի տասնյակ երիտասարդների բաժանմունք տանելը ամենեւին էլ չեն խոսում այն մասին, որ Պուտինի այցով մայրաքաղաքում տոնական մթնոլորտ էր: Տոնական մթնոլորտի պարագայում քաղաքացիները որեւէ խոչընդոտի չեն կարող հանդիպել տուն կամ աշխատանքի գնալիս, իրենց ուզած փողոցներում քայլելիս, ուղղակի զբոսնելիս: Այսպես էր, երբ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին էր Երեւան ժամանել պետական այցով, այսպես էլի է եղել, երբ ՌԴ նախագահ Մեդվեդեւն էր պետական այցով ժամանել Երեւան, հետո նոր միայնՙ Գյումրի:

Պետական այցի միջազգային արարողակարգը նաեւ սահմանում է, որ բարձրաստիճան հյուրը երեկոյան ծանոթանում է հյուրընկալող երկրի մայրաքաղաքի տեսարժան վայրերին: Ինչպես հասկացանք Պուտինի այցից, մեր մայրաքաղաքը երկու տեսարժան վայր ունիՙ Ծիծեռնակաբերդն ու Բաղրամյան 26-ում գտնվող նախագահական նստավայրը. հենց այս երկու վայրերում էլ բացառապես եղավ ՌԴ նախագահը: Ընդունված է նաեւ, որ բարձրաստիճան հյուրը առնվազն մեկ գիշեր է անցկացնում հյուրընկալող երկրում, Պուտինը ընդամենը ոչ լրիվ մեկ օրով էր հայտնի չէ, թե ի՞նչ այցով ժամանել մեր երկիր:

Հասկանալի է, թե ինչու էր եկել, որ մի քանի տասնյակ միջգերատեսչական, միջպետական հարաբերությունների խորացման վերաբերյալ փաստաթղթեր ստորագրի, հասկանալի է, որ Հայաստանիՙ Ռուսաստանին ունեցած հարյուր միլիոն դոլարից ավելի պետական պարտքի դիմաց ՀՀ կառավարությանը պատկանող «Հայռուսգազարդի» չափաբաժինը վերցնի, որ Գյումրիում տեղակայված ռուսական բազային Հայաստանի այլ տարածքներ անհատույց տրամադրվեն, այս ամենը հասկանալի է: Հասկանալի չէ, թե ինչո՞ւ Պուտինը Հայաստանի երկու խոշոր քաղաքներից եւ ոչ մեկում չարեց մի հայտարարություն, որով կհերքվեն ռուսական մամուլում, ռուս պաշտոնյաների պարբերաբար հնչող հայտարարությունները ֆորպոստի մասին: Հենց Պուտինի այցի օրը, երբ նա Գյումրիում էր, ռուսական հեռուստատեսությունը հաղորդում էր. «Նախագահ Պուտինը գտնվում է Գյումրիում տեղակայված ռուսական բազայում, քանի որ Ռուսաստանի համար անչափ կարեւոր է այս հարավային ֆորպոստը»: Պուտինը չասաց, որ ամենեւին էլ այսպես չէ: Ավելին, երբ Սերժ Սարգսյանի հետ ամփոփիչ ասուլիսում նրան մի հարց այդուհանդերձ տրվեց, թե ի՞նչ կանի Ռուսաստանը, եթե Ադրբեջանը վերսկսի ռազմական գործողությունները, ՌԴ նախագահն ասաց. «Մենք չենք ցանկանում որ պատերազմ լինի այս տարածաշրջանում, հետեւաբար դժվար է մեզ համար անգամ պատկերացնելը ռազմական գործողությունների վերսկսկումը, հետեւաբար մենք չենք կարող ասել, թե ի՞նչ կանենք»: Դրանից առաջ Պուտինն ու Սարգսյանը ստորագրել էին հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները խորացնող փաստաթղթեր...

Բայց Պուտինն ամենեւին էլ այդ ռազմավարական գործընկերության դիրքերից չէ, որ խոսում էր: Մեր երկրում էլ ամենեւին էլ այն մթնոլորտը չէր, թե ժամանել է մեր ռազմավարական միակ դաշնակից պետությանՙ մեզ անչափ կարեւորող նախագահը: Տոնը, մի տեսակ, չստացվեց, ոստիկանները ամբողջ դեկտեմբերի երկուսի ընթացքում քաղաքացիներին հրահանգում էին, թե ինչպե՞ս քայլել, ո՞ր ուղղություններով, իսկ չենթարկվողներին, մի քիչ անհնազանդներին, ուզում ենք ասելՙ ազատներին, բաժին էին տանում: Մի տեսակ չստացված ու տխուր օր է մեր ժողովրդի պատմության մեջ դեկտեմբերի 2-ը. մենք չենք սիրում այդ ամսաթիվը:

Ուկրաինայում մեկ միլիոն մարդ Մայդանում էՙ ընդդեմ Պուտինի Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացման: Իհարկե մենք Ուկրաինա չենք, իհարկե Հայաստանում, ՀԱՊԿ դաշնակցության շնորհիվ, Ռուսաստանը կարող է անել այն, ինչը չի կարող անել Ուկրաինայում, օրինակՙ հատուկ զորքեր մտցնել անհրաժեշտության պարագայումՙ պետական կարգը պահպանելու համար: Այս ամենը հասկանալի է, անհասկանալին այն է, թե Ռուսաստանի նախագահի ոչ լրիվ մեկօրյա այցը Հայաստան ի՞նչ այց էր...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #211, 04-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ