RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#209, 2013-11-30 > #210, 2013-12-03 > #211, 2013-12-04 > #212, 2013-12-05 > #213, 2013-12-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #211, 04-12-2013



ՊԱՏԱՍԽԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆ

Տեղադրվել է` 2013-12-03 23:24:06 (GMT +04:00)


Ընթերցված է` 1009, Տպվել է` 24, Ուղարկվել է էլ.փոստով` 19

ՍՈՒՏ ԵՎ ԱՆԱՐԳԱԼԻՑ

ԱՎԻԿ Վ. ԻՍԱՀԱԿՅԱՆ

Չգիտեմ ո՞ւմ մեղքովՙ իր բաժնի խմբագրի (որ չի ստուգել իրողությունը), թե՞ Սլավոնական համալսարանի հուշասենյակի վարիչ-տիկնոջ (նույն ինքըՙ հեղինակը), «Ազգը» իր իսկ տպած «Արմենիայի զավակները» իմ հուշագրության (31 օգոստոսի եւ 14 սեպտեմբերի, 2013 թ.) կապակցությամբ ս.թ. նոյեմբերի 30-ի համարում տիրաժավորել է սուտը եւ անարգանքը: Ինչն, իհարկե, մեղմ ասած, հաճելի բան չէ իրեն հարգող յուրաքանչյուր թերթի համար: Հիշատակածս վարիչ-տիկինը գրածիս վերաբերյալ մի «ծանրակշիռ» մեղադրանք է բերում, թե «Լեւոն Մկրտչյանը ղեկավարել է նրա (իմա Ավիկ Իսահակյանի) թեկնածուական ատենախոսությունը», որ «նրա (իմա Լեւոն Մկրտչյանի) ամենահայտնի սաներից մեկը ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի այսօրվա տնօրեն Ավիկ Իսահակյանն է» եւ էլիՙ «իր գիտական ղեկավարի նկատմամբ դիսերտանտի վերաբերմունքի մեջ մետամորֆոզներ տեղի ունեցան», «Լ. Մկրտչյանի դիսերտանտը (բոլոր մեջբերումները վարիչ-տիկնոջ գրվածքիցՙ «Ազգ» (2013, 30 նոյեմբեր): Այս ամենի առթիվ հայտնում եմ հետեւյալը. ԵՊՀ պրոֆեսոր Լեւոն Մկրտչյանը երբեւիցե չի եղել իմ թեկնածուական ատենախոսության գիտական ղեկավարը, ուստի եւ ես չէի կարող լինել ո՛չ նրա սանը, ո՛չ դիսերտանտը:

Հարգելի Լ. Մկրտչյանը ոչ մի առնչություն չի ունեցել իմ «Մարդու եւ ազատության կոնցեպցիան Ավետիք Իսահակյանի արձակում» թեկնածուական ատենախոսության հետ: Եվ չէր էլ կարող ունենալ, ընդհակառակը, այդ նա էր Աբաս Իսահակյանիՙ Վարպետի եղբորորդու, միջնորդությամբ շռայլորեն օգտվել Իսահակյանի ընտանեկան արխիվից, երբ գրում էր իր թեկնածուական ատենախոսությունը «Ավետիք Իսահակյանը եւ ռուս գրականությունը» թեմայով:

Ես ընդունվել եմ ԵՊՀ ասպիրանտուրա 1967 թվականին, երբ Լեւոն Մկրտչյանը բանասիրական գիտությունների թեկնածու էր եւ չէր կարող լինել թեկնածուականի ղեկավար: Եվ ինչո՞ւ պետք է լիներ իմ ղեկավարը, եթե կային ճանաչված իսահակյանագետներ, պրոֆեսորներ Արամ Ինճիկյանը, Հովհաննես Ղանալանյանը, Կամսար Գրիգորյանը: Ասպիրանտական ուսումը ես անց եմ կացրել Մոսկվայումՙ ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի Մ. Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտում (որն ինձ հետ միաժամանակ ավարտել են բանաստեղծներ Հենրիկ Էդոյանը եւ Արտեմ Հարությունյանը): Իմ գիտական ղեկավարը եղել է Մ. Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտի բաժնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր Արֆո Ավետիսի Պետրոսյանը: Պաշտպանությունս տեղի է ունեցել 1973 թվականին ԵՊՀ մասնագիտական խորհրդում, խորհրդի նախագահն է եղել Մկրտիչ Մկրյանը, պաշտոնական ընդդիմախոսներս են եղել բգդ Գեւորգ Հայրյանը եւ բգթ Լեւոն Կիրակոսյանը: Այս մասին յուրաքանչյուր հետաքրքրվող մարդ կարող է տեղեկանալ Ազգային գրադարանում պահվող սեղմագրերի եւ ատենախոսությունների բաժնում: Ատենախոսությունս առանձին գրքով (278 էջ) լույս տեսավ 1975 թվին «Ավետիք Իսահակյանի արձակը» վերնագրով, «Սովետական գրող» հրատարակչությունում, գրքիս խմբագիրն էր անվանի իսահակյանագետ, լուսահոգի Արամ Ինճիկյանը:

Այնպես որ կարիք չկա ցանկացածը իրականություն ներկայացնել եւ տիրաժավորել սուտը, թերթին գցելով անհարմար վիճակի մեջ: Տիկնոջ «բարբաջանքին», որ հիմնված է ստի վրա, իմաստ էլ չունի անդրադառնալ: Թերեւս զուտ բարոյական մի անդրադարձ: Վարիչ-տիկինը հավաստում է, որ «Հայաստանի Վոլտերը» (իր իսկ խոսքերովՙ նույն ինքըՙ Լեւոն Մկրտչյանը) «երբեւիցե չի զղջացել», որ ծեծել է Հովհաննես Շիրազին, եւ մի չթաքցրած հպարտությամբ շարունակում է. «Այո՛, Լեւոն Մկրտչյանի կենսագրությունում նման փաստ առկա էր, եւ նա երբեւէ դա չի թաքցրել (ճիշտը որ խոսենք, նա ոչ թե ծեծել է, այլ իր խոսքերովՙ «հասցրել է մռութին»): Մեջբերման ավարտը. («Ազգ», նոյեմբերի 30, էջ 4):

Ա՛յ քեզ Վոլտեր, ավելի կսազեր, եթե անվանեիք Մայքլ Թայսոն, քանի որ ժամանակակիցները հիշում են, որ հարգարժան պրոֆեսորը ՀԳՄ իր կաբինետում նոկաուտի է ենթարկել նաեւ ՀԳՄ մեկ այլ քարտուղարիՙ բանաստեղծ եւ դրամատուրգ Սաղաթել Հարությունյանին: Ծափահարություններ:

Հ. Գ. - Հենց նրա համար են գրվում իմ հուշ-էսսեները, որ մարդիկ իմանան ճշմարտությունը: Ասեն, որ «այսպես է եղել», ոչ թեՙ «այնպես»: Եվ ամեն ոք ոտնձգություններ չանի ազգային սրբությունների հանդեպ, որոնցից մեկը թե՛ իմ, թե՛ հայ ժողովրդի գերակշռող մասի կարծիքովՙ Հովհաննես Շիրազն է...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #211, 04-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ