RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#210, 2013-12-03 > #211, 2013-12-04 > #212, 2013-12-05 > #213, 2013-12-06 > #214, 2013-12-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #212, 05-12-2013



Տեղադրվել է` 2013-12-04 23:13:33 (GMT +04:00)


Ընթերցված է` 1680, Տպվել է` 25, Ուղարկվել է էլ.փոստով` 26

ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԲԱՂԱԴՐԻՉԸ ՄՆԱՑ, ԻՍԿ ՌՈՒՍՆԵՐԸ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՀԵՏԱՁԳԵԼ ԵՆ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Երեկ Ազգային ժողովում քվեարկության դրվեց ընդդիմության այն հայտարարության տեքստը, որով պահանջվում էր կենսաթոշակային համակարգի պարտադիր կուտակային բաղադրիչի ներդրումը մեկ տարով հետաձգելու հարցը քննարկել: Մինչեւ քվեարկությունը ՀՅԴ-ն 20 րոպե ընդմիջում վերցրեց, բայց դա էլ չօգնեց, որ բացակայողները գան ու օրինագծի հաստատմանն անհրաժեշտ ձայներն ապահովեն, քանի որ, ինչպես եւ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն էր ծանուցել, մեծամասնությունը դեմ էր քվեարկելու: Ի վերջո քվեարկեցին, եւ ստացվեց 45 կողմ, 56 դեմ, եւ օրինագիծը չանցավ:

Դրանից հետո կուտակային բաղադրիչի դեմ պատգամավորների բողոքը շարունակվեց` ԱԺ դարպասների մոտ մյուս բողոքողներին միանալով: Բողոքողները շարժվեցին մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, որտեղ նրանց ասվեց, թե ՄԻՊ գրասենյակում քննարկվել է օրենքը, հայտնաբերվել են հակասահմանադրական նորմեր, այնպես որ ՄԻՊ-ում աշխատում են Սահմանադրական դատարան դիմելու հիմնավորումների վրա, ու հնարավոր է` ընդդիմադիրների հետ միասնաբար դիմեն ՍԴ:

Զերծ չենք մնա այս առիթով մի քանի դիտարկումներից. եթե մեր ընդդիմադիրները շատ էին ուզում, որ այս հայտարարությունն ընդունվի, պիտի ջանային, որ ընդդիմադիր խմբակցությունների բավական բացակա պատգամավորները ներկա լինեին, որոնց մի մասը լայեղ չի անում ընդհանրապես գալ Ազգային ժողով, ոմանք չէին զոհել տարաշխարհիկ գործուղումը, ոմանք հենց այնպես չէին ներկայացել, այլապես հայտարարությունը կանցներ ձայների պարզ մեծամասնությամբ:

Մեր մյուս դիտարկումը վերաբերում է իշխանական մեծամասնության զարմանալի համառ պահվածքին այն դեպքում, երբ նրանք հիմա սիրում են ռուսական ուղղության օրինակները, իսկ ռուսները մեկ տարով հետաձգեցին կուտակային բաղադրիչի պարտադիր կիրառումը` մինչեւ 2015 թվականը: Ռուսաստանում մեխանիզմները որոշակիացնելու խնդիրներ տեսան, իսկ մերոնք երեւի շատ մտահոգ են էսօրվա մեր երիտասարդների ապահով ծերությամբ ու չեն հետաձգում` դե, երիտասարդները սոված էլ կդիմանան: Այնպես որ` հունվարի մեկից 1974 թվականին եւ հետո ծնվածների վրա նոր բեռ է ավելանալու` աշխատավարձի 5-10 տոկոս պարտադիր կուտակայինի վճարի տեսքով, իսկ դա մոտավորապես որեւէ տեսակի կոմունալ վճարի գին է կազմելու, կամ էլ մերոնք պիտի մի փոքր էլ սահմանափակեն հիմնականում սննդին տրվող իրենց ծախսերը, զսպեն ախորժակը` բա չբարեփոխվե՞նք:

Երեկ բավական թունդ որակումներով ու մի շարք թվերով համեմված քննարկվեց ՀԱԿ խմբակցության հարցապնդումը` Հայաստանում կոռուպցիայի համակարգված եւ համատարած լինելու վերաբերյալ: Հարցապնդումը ներկայացնող Լեւոն Զուրաբյանը խոսում էր կոռուպցիոն բուրգի մասին, տարեկան բյուջեին կոռուպցիայի պատճառով հասցվող 1,7-1,8 մլրդ դոլարի վնասի , իսկ բուն բյուջեից` տարեկան 700 մլն դոլար թալանի մասին, ու մեղադրանքներն ուղղվում էին դեպի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների նեղ շրջանակ: Կառավարությունից որպես պատասխանող կողմ ներկայացած արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշեց, որ արծարծվող հարցերը կառավարության իրավասությունների շրջանակում չեն եւ այլ հասցեատերեր ունեն` բարձրաստիճանների էթիկայի հանձնաժողով, տեղական կառավարման մարմիններ: Իսկ հնչած գնահատականներին էլ կառավարությունը համաձայն չէ` կոռուպցիայի ցուցանիշը ԱՊՀ երկրների համեմատ ամենաբարվոքը Հայաստանում է, վերջին 1 տարում 11 կետով բարելավվել են մեր ցուցանիշները:

Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի կիզակետում երեկ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն էր:

Նախ Արամ Մանուկյանը հետաքրքրվեց գազի գնով, հայկական կողմի պարտքով եւ դրա դիմաց «Հայռուսգազարդի» 20 տոկոս բաժնեմասի հանձնման իրավական հիմքերով, այն է` ինչո՞ւ է մեր կառավարությունը 100 տոկոսով մարել մասնավոր ընկերության պարտքը, հարցը երկրորդեց նաեւ` Արծվիկ Մինասյանը :

Ըստ Մովսիսյանի ` պարտքը, որը գոյացել էր գազի սակագնի մեղմման արդյունքում, ինչ-որ ձեւով պետք է մարվեր, 20 տոկոսի գնահատումներն էլ ցույց են տվել, որ այս ձեւով վճարելն է ձեռնտու:

Իսկ ընդհանրապես` եւ «Հայռուսգազարդի», եւ «Որոտան ՀԷԿ»-ի հետ կապված գործարքների համաձայնագրերը, որպես միջազգային համաձայնագրեր, պետք է բերվեն Ազգային ժողով հաստատման, այն ժամանակ էլ բոլոր խնդիրները կպարզվեն: «Որոտան ՀԷԿ»-ի մասին վաճառքի լուրերը նույնպես պատգամավորների հետաքրքրությունների ծիրում էին` Ա. Մինասյանի հետ միասին այդ հարցը, ինչպես նաեւ` իրանական գազը Հայաստանի կողմից գնելու հնարավորությունը, հետաքրքրում էր նաեւ Զարուհի Փոստանջյանին : Ա. Մովսիսյանը պատասխանեց, թե իրանական գազը թանկ է` 400 դոլար, ձեռնտու չէ գնել, եթե մենք արդեն 189 դոլարով ռուսներից ենք գնում: Իսկ «Որոտան ՀԷԿ»-ը ամերիկյան կողմին վաճառելու լուրը, ըստ Ա. Մովսիսյանի` ճիշտ չէ, նման գործարք չկա, ուղղակի կան բանակցություններ, եթե ձեռնտու լինի` գործարքը կիրականանա: Ըստ որոշ լուրերի` այս գործարքին կարող է խանգարել ՀԵԿ-ը ձեռք բերելու ռուսական կողմի ցանկությունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #212, 05-12-2013

AZG Daily #35, 20-09-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ